«Այս պահին ես որեւէ բան չունեմ ձեզ այս թեմայով ասելու, որովհետեւ եղել են հայտարարություններ, մնացածը ցույց կտա ընթացքը»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Երեւանում Ջենիֆեր Լոպեսի կայանալիք համերգին։
Հարցին, թե պետությունը մասնակցություն ունի՞ այս համերգի կազմակերպչական գործընթացին, նա պատասխանեց․ «Պետությունն ի սկզբանե կազմակերպման գործընթացին մասնակցություն չունի, մեր քաղաքականությունն է խրախուսել միջազգային աստղերի հյուրախաղերը Հայաստանում, որոնք օգնում են, որպեսզի Հայաստանն այդ առումով դառնա գրավիչ հարթակ եւ զբոսաշրջային ուղղություն։ Բայց ինչ վերաբերում է ձեր նշած կոնկրետ դեպքին, ապա ես այս թեմայով որեւէ մեկնաբանություն չունեմ»։
2023 թվականին ՀՀ կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել՝ Սնուփ Դոգի համերգը Երեւանում կազմակերպելու համար։ Արցախի դեմ ցեղասպանական գործողությունների հետեւանքով համերգը չէր կայացել, իսկ համերգի գումարը չէր վերադարձվել։ Ժաննա Անդրեասյանն ասել էր, որ դիմել են՝ չկայացած համերգի ամբողջ գումարը վերադարձնելու պահանջով։
Կարդացեք նաև
Ժաննա Անդրեասյանն այսօր ասաց, որ Սնուփ Դոգի համերգի գումարի վերադարձը դեռ տեղի չի ունեցել։
Հարցին, թե կառավարության աչքը վախեցա՞ծ է, որ չեն խոսում Ջենիֆեր Լոպեսի համերգի մասին, Անդրեասյանը պատասխանեց․ «Մեր աչքը վախեցած չէ։ Ընդհանրապես, եթե խոսում եք որպես պետական մարմնի քաղաքականություն՝ մենք շարունակում ենք մեր դիրքորոշումը պահել նույնը, եւ մեր քաղաքականությունը շարունակում է մնալ աջակցող նմանատիպ ծրագրերին»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ