Վերաքննիչ քրեական դատարանում այսօր սկսվեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճռի դեմ տուժող կողմի ներկայացրած բողոքի քննությունը:
«Բողոքը ներկայացրել եմ տուժողների կողմից՝ համաձայն չլինելով առաջին ատյանի դատարանի դատավճռի հետ պատժի մասով: Գտնում ենք, որ պատիժը շատ մեղմ է՝ հաշվի առնելով, որ Ջալալ Հարությունյանի անփույթ գործողությունների հետեւանքով տեղի է ունեցել 20 երիտասարդի զոհ, կորսվել է տեխնիկա, գաղտնիք պարունակող փաստաթղթեր»,- լրագրողներին ասաց տուժող կողմի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը՝ հավելելով, որ մնացած առումով առաջին ատյանի դատարանի դատավճիռը համարում է օբյեկտիվ դատական ակտ:
Փաստաբանն ասաց, որ Հարությունյանի համար պահանջում են առավելագույն պատիժ՝ 8 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտել հինգ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման։
Կարդացեք նաև
Լիպարիտ Սիմոնյանն անդրադառնալով Ջալալ Հարությունյանի պաշտպանական կողմի պնդումներին, թե Ջալալ Հարությունյանը առողջական խնդիրներ ունի՝ նկատեց, որ առողջական խնդիրներ ունենալու հանգամանքը շատ հարաբերական է. «Այնպիսի հիվանդություններ չեն, որոնք կարող են զրկել նրան պատիժը կրել, համենայնդեպս՝ մենք չունենք նման եզրակացություն կամ որոշում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ