Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք արել հարթել պատգամավոր-լրագրող հարաբերություններում գոյություն ունեցող լարվածությունը. Աշոտ Մելիքյան

Ապրիլ 23,2025 12:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս եռամսյակում բավականին շատ են եղել կոնֆլիկտային իրավիճակները հատկապես Ազգային Ժողովում: Առհասարակ, առաջին եռամսյակի ընթացքում մեր բոլոր դասակարգումներով արձանագրված խախտումների քանակը 56-ն է, դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը տարբեր տեսակի այլ ճնշումներ, եւ 29-ը տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով 2025-ի առաջին եռամսյակի զեկույցը՝ Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին։

«Մշտադիտարկման ընթացքում ճնշումները եւ անհարգալից վերաբերմունքը հիմնականում եղել են իշխանության ներկայացուցիչների կողմից: 25 դեպքից 18-ի դեպքում կոնֆլիկտային իրավիճակները հենց իշխանությունների հետ են եղել, եւ դա բավականին մտահոգիչ միտում է: Մեր մի շարք հայտարարություններում ուշադրություն ենք հրավիրել այս փաստի վրա եւ կոչ արել հարթել եւ հաղթահարել այն լարվածությունը, որը գոյություն ունի պատգամավոր-լրագրող հարաբերություններում:

Առաջին եռամսյակի ընթացքում 15 նոր դատական հայցերից 12-ը նույնպես պետական մարմինների եւ իշխանության ներկայացուցիչների կողմից են եղել, ինչը նույնպես աչքի է զարնում»,-ասաց Աշոտ Մելիքյանը:

Նրա ձեւակերպմամբ, միջազգային կառույցների գնահատականներով շարունակում ենք մնալ կիսաազատ մամուլ ունեցող երկրների շարքում. «Իհարկե տարածաշրջանում լավագույնն ենք, բայց քանի դեռ նկատելի առաջընթաց չկա, պետք է սա մտահոգի ե՛ւ լրագրողության հանրությանը, ե՛ւ քաղաքական դաշտին, ե՛ւ առաջին հերթին իշխանություններին»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930