«Չգիտեմ՝ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից ավելի շատ ուզում էր իր Macbook-ը ցույց տա՞լ, թե՞ սուտ տարածել։ Խոսքը վերաբերում է նրա ցուցադրած տեսանյութին, որտեղ փորձում է պատգամավորը ներկայացնել, որ նախագահ Սարգսյանը ժամանակին Ջո Բայդենին՝ ԱՄՆ փոխնախագահին հեռախոսազրույցի ժամանակ կոչ էր արել ԱՄՆ-ին չճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Քանի որ որոշ ՔՊ-ականներ ընթերցանության ունակության հետ խնդիրներ ունեն, նաև կարդամ իմ երեկվա գրառումը»,-խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Այնուհետև շարունակեց․ «Ինչ վերաբերում է սուտը տարածողին, ես հասկանում եմ, որ իրենք ամեն ինչ անում են, որ դավաճանի և ուրացողի պիտակը, որն իրենց անվան հոմանիշ է դարձել, փորձեն այլոց վրա փակցնել, բայց թող մեզնից վազն անցնեն։ Դա իրենց չի հաջողվի։ Հասկանում եմ, որ Մելիք Ֆռանգյուլի՝ չակերտների մեջ համբավը իրենց հանգիստ չի տալիս, բայց դա իրենք արդեն վաստակել են, թող առհասարակ չանհանգստանան։
Կարծում եմ՝ նախագահ Սարգսյանի պաշտոնավարման հետագիծը, ինչպես նաև ՀՀԿ-ի գործունեությունը կուսակցական դիվանագիտության տրամաբանության մեջ, ակնհայտ է, ու դա խոսում է շատ ավելի բարձր, քան իրենց ստերը։ Այն գործընթացները, որոնք տեղի ունեցան նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում, տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված, 100-րդ տարելիցի շրջանակում ՀՀ այցելած բարձրաստիճան պաշտոնյաների, երկրների նախագահների վերամունքը այդ հարցին, ԵԺԿ բանաձևը, որը հետագայում հիմք դարձավ մի շատ եվրոպական երկրների խորհրդարանների կողմից ցեղասպանութան ճանաչման հետ կապված, շատ ավելի խոսուն փաստեր են, քան երեսփոխանների՝ ԱԺ ամբիոնից հնչեցված ստերը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ