Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հրամանատարը երբեք իր երկրին դեմ չէր գնա, հակառակը մենք ամեն բան անում ենք երկրի համար». Արսեն Կոստանդյան

Ապրիլ 23,2025 00:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ շարունակվեց «Հյուսիսային տերեւթափ» անվանումն ստացած գործի հերթական դատական նիստը, որն սկսվեց բավականին ուշ, քանի որ ենթադրյալ մեղադրյալներին դատարան բերելու հետ կապված խնդիրներ էին առաջացել:

Այսօրվա նիստում հարցաքննվեցին հինգ վկաներից միայն երեքը: Մյուս երկուսը կհարցաքննվեն հաջորդ դատական նիստում:

Վկա Մհեր Ծատինյանը, որը մեղադրյալ Էդգար Ծատինյանի հայրն է եւ երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, նշեց, որ իր որդուն դաստիարակել է այնպես, որ բացառվում է, որ վերջինը հակաօրինական քայլերի գնացած լինի: Եվ եթե նման բան լիներ, ինքն անպայման դա կնկատեր: Հակառակը, նրա պնդմամբ՝ իր որդին եւ նրա ընկերները, որոնցից ոչ բոլորին է ճանաչում կամ լավ ճանաչում, ցանկացել են երկրի պաշտպանունակությունն ուժեղացնել:

Երկրորդ վկան՝ Միհրան Փափազյանը, որի հիմնադրած ընկերությունը տարվա կտրվածքով ֆինանսավորում է տասնյակ ու հարյուրավոր լուրջ ծրագրեր, հաստատեց, որ տղաների հետ հանդիպել է եւ նրանց ներկայացրած ծրագրին ծանոթանալով՝ խորհուրդ է տվել գաղափարը շարունակել «եփել» եւ լուծմանն անդրադառնալ փորձարկման արդյունքները հայտնի դառնալուց հետո: Նա նույնպես վստահություն հայտնեց, որ տղաների գործունեությունը նվիրված է եղել բացառապես Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանը:

Երրորդ վկան՝ Արսեն Կոստանդյանը նշեց, որ մեղադրյալ Սերգեյ Մկրտչյանին ճանաչում է դեռ 70-ական թվականներից, որ իրենք ընկերներ են եւ Արցախյան առաջին եւ երրորդ պատերազմներում Սամվել Մկրտչյանը եղել է իր հրամանատարը:

«Մեր հրամանատարի հետ մտածում էինք վերջին պատերազմից հետո խմբեր ստեղծել, մարզել, որպեսզի եթե, Աստված չանի, նոր պատերազմ լինի, պատրաստի խմբեր ունենանք»,-ասաց վկան: Իսկ կոնկրետ հարցին, թե Սերգեյ Մկրտչյանը իրեն երբեւէ իշխանափոխության մասին առաջարկ արե՞լ է, հստակ պատասխանեց. «Սերգեյ Մկրտչյանը երբեք իր երկրին դեմ չէր գնա, հակառակը մենք ամեն բան անում ենք երկրի համար: Պատերազմի ժամանակ, եթե պետք է գնաս գործողության, անհրաժեշտ է, որ տղաները միմյանց ճանաչեն, վստահեն: Հակառակ դեպքում կխփնվեն»,-պատասխանեց Արսեն Կոստանդյանը:

Դատական նիստում կարճ ընդմիջում հայտարարվեց, որից հետո քննարկվեց մեղադրյալների խափանման միջոցը փոփոխելու հարցը: Դատարանը մեղադրյալների խափանման միջոցի ժամկետը երկարացրեց երեք ամսով, Կարեն Սիմոնյանի խափանման միջոցը փոխեց վարչական հսկողության:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 12-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930