Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք՝ այստեղ:
Եվ այսպես, երկրորդ նախագահի գվարդիան շարունակում է Նիկոլին բոլոր ձեւաչափերով ծալել ու խցկել երրորդ նախագահի գրպանը։ Մի կողմ թողնենք դավադրության սույն տեսության քաղաքական բաղադրիչը, ինչը որեւէ սթափ քաղաքական հաշվարկի, ռեալ պոլիտիկի որեւէ սանդղակում տեղավորել հնարավոր չի։ Ինձ համար շատ ավելի աբսուրդային է դավադրության այս տեսության բարոյական կողմը։
Մտածել, որ կարող է գոյություն ունենալ որեւէ, անգամ ամենագրանդիոզ քաղաքական հաշվարկ, որի դեպքում Սերժ Սարգսյանը պիտի կազմակերպեր իր թիմակիցների «թաղումները», իր թիմակիցների եւ իր ընկերների տներին դագաղներ ու սեւ ժապավեններ ուղարկեր, կազմակերպեր իր կուսակիցների կանանց եւ երեխաների հասցեների ու կոնտակտների շաղ տալը սոցիալական բոլոր հարթակներում, կազմակերպեր սեփական ընտանիքի հանդեպ հաշվեհարդարների անբարո կոչերը, անկեղծ ասած, ամենաայլասերված երեւակայության դեպքում անգամ դա հնարավոր չի պատկերացնել։
Այդուհանդերձ, երկրորդ նախագահի ագիտգվարդիայի փաթեթավորած դավադրության տեսությունը մեկ այլ նրբերանգ եւս ունի։ Ու եթե առաջնորդվենք՝ «Սերժն է բերել Նիկոլին» տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ Սերժ Սարգսյանն է կոորդինացնում երկրորդ նախագահի թիմը, ովքեր յոթ տարի առաջ այս օրերին հանրապետության հրապարակներում Նիկոլ էին բերում։
Կարդացեք նաև
Եթե շարժվենք «Սերժն է բերել Նիկոլին» տրամաբանությամբ, ապա երկրորդ նախագահի մերձավորներին ու ընտանիքի անդամներին Սերժն էր ուղարկել հրապարակ՝ իրեն «դավադրաբար մերժելու» եւ Նիկոլին բերելու համար։
Եթե առաջնորդվենք՝ «Սերժն է բերել Նիկոլին» տրամաբանությամբ, ապա Սերժն էր հանձնարարել Քոչարյանի թիմին՝ աշխարհաքաղաքական կենտրոնների թոփ – լրատվականներին հարցազրույցներ տալ ու հիմնավորել Նիկոլի գալստյան անխուսափելի երանությունը։
Եթե առաջնորդվենք «Սերժն է բերել Նիկոլին» տրամաբանությամբ, ապա Սերժն էր հանձնարարել քոչարյանականներին, օրինակ, հանդիպել այն ժամանակվա ՌԴ դեսպանին, դեսպանի հետ զրույցում երրորդ նախագահի իշխանավարման տարիները ներկայացնել համազգային աղետի տարիներ եւ ողջունել Նիկոլի գալուստը։
Եթե առաջնորդվենք «Սերժն է բերել Նիկոլին» տրամաբանությամբ, ինչը հետեւողականորեն շարունակում են բոլոր հնարավոր հարթակներից տիրաժավորել քոչարյանականները, ապա պիտի ընդունենք նաեւ, որ Սերժ Սարգսյանն է գրել Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրականը, որտեղ վերջինս ողջունում է Նիկոլի վճռականությունն ու հետեւողականությունը։
Ու այս եթե-ները կարելի է անվերջ շարունակել, քանզի երբ ի սկզբանե անհեթեթ գաղափար, տեսություն, թեզ կամ միտք է դրվում շրջանառության մեջ ու փորձ է արվում այն փաթեթավորել որպես ճշմարտություն, ապա սույն անհեթեթության անտի-արգումենտը միշտ կա։
Ուստի, հարգարժան պարոն երկրորդ նախագահ, գուցե ձեր քաղաքական ծրագրերը ենթադրում են թիվ մեկ քաղաքական հակառակորդ ընկալել ոչ թե ազգակործան այս ռեժիմը, այլ երրորդ նախագահին։ Դա, իհարկե, բացառապես ձեր քաղաքական օրակարգն է։
Բայց, փոխե՛ք ձեր քարոզիչներին։ Վստահաբար փոխեք, քանզի նրանց գծած քաղաքական ալգորիթմը պարզապես սնանկ է՝ от и до։
Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.04.2025