Լրահոս
Օրվա լրահոսը

«Աքչամի բոլոր աշխատություններն են շատ արժեքավոր Հայոց ցեղասպանության փաստագրման առումով». Մելինե Անումյան

Ապրիլ 23,2025 13:30

Վերջերս New Mag հրատարակչությունը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի թարգմանությամբ լույս ընծայեց թուրք հայտնի ցեղասպանագետ, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի UCLA համալսարանի «Promise» հայկական ինստիտուտի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի ղեկավար Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները. 1918-1923 թթ. Թուրքիայի Հանրապետության ձեւավորումը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցումը» գիրքը։

Վերջինս հեղինակի՝ հայերեն թարգմանված հինգերորդ, իսկ Մ. Անումյանի կողմից թարգմանված երկրորդ գիրքն է։ Ըստ թուրքագետ, թարգմանչի՝ Մ. Անումյանի՝ «Թաներ Աքչամն իր գրքում շեշտում է, որ Թուրքիայի՝ «հիմնադրման ընթացքում գտնվող նոր պետության՝ քրիստոնյա քաղաքացիների հանդեպ վարած քաղաքականությունն ընդամենը «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կառավարության՝ պատերազմի տարիների քաղաքականության շարունակությունն է։ Քրիստոնյաները ներկայացվել են որպես Անատոլիայի տարածքներում տեղի ունեցած բոլոր աղետների պատասխանատուն եւ «ներքին թշնամի» հռչակվել։ Այդ քաղաքականության կիզակետում է եղել քրիստոնյա քաղաքացիներին զանազան ճանապարհներով Անատոլիայից հեռացնելը»։

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ կտա նմանօրինակ աշխատությունները հայերիս, Հայաստանին, երեկ Մ. Անումյանն ասաց. «Կարծում եմ, որ Թաներ Աքչամի բոլոր աշխատություններն են շատ արժեքավոր Հայոց ցեղասպանության փաստագրման առումով, եւ անխտիր բոլորն էլ պետք է թարգմանվեն ու հրատարակվեն նաեւ հայերեն»։

Իսկ որն էր առաջին գիրքը, ինչի մասին էր հարցին, Մ. Անումյանը պատասխանեց. «Իմ կողմից թարգմանված առաջին գիրքը վերաբերում էր հայության բռնի իսլամացման քաղաքականությանը, իսկ ներկայիս գիրքն առավելապես անդրադառնում է Օսմանյան պետությունից դեպի Թուրքիայի Հանրապետություն անցման շրջանին եւ հանրապետության առաջին տասնամյակներին ոչ թուրքերի նկատմամբ իրականացված քաղաքականությանը։

Թաներ Աքչամի գրքի թուրքերեն բնագիրը հրատարակել է Ստամբուլում գործող «Արաս» հայկական հրատարակչությունը 2023 թվականին։ Այդ տարեթիվը պատահականություն չէ, քանի որ հենց այդ տարի նշվում էր Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը։ Այն շրջանում, երբ թուրք պատմաբանները զբաղված էին իրենց հանրապետության 100-ամյա ուղին դրվատող ելույթներ ունենալով, հոդվածներ ու գրքեր հրատարակելով, Թաներ Աքչամը հանդես եկավ լիովին նոր թեզով, ըստ որի՝ Թուրքիայի Հանրապետության՝ 100 տարվա ընթացքում անցած ուղին կարելի է բնորոշել ընդամենը մեկ բառով կամ հասկացությամբ՝ ԱՊԱՐՏԵԻԴ»։

Իսկ ինչպես ընդունվեց գիրքը «մասնավորապես թուրք պատմաբանների կողմից», «Առավոտի» հարցին էլ Մ. Անումյանը պատասխանեց այսպես. «Այն ամբողջովին նորովի մոտեցում էր այդ պետության պատմությանը, եւ այն, բնականաբար, ոչ միանշանակ ընդունվեց թուրքերի կողմից։ Այդ գիրքը բուռն բանավեճերի եւ քննարկումների տեղիք տվեց, թուրքերեն առաջին հրատարակությունը միանգամից սպառվեց, եւ գիրքը, ունենալով մեծ պահանջարկ, մեկ տարվա մեջ վերահրատարակվեց 3 անգամ»։

Թարգմանիչը նաեւ կարեւորեց այս գրքի թուրքերեն եւ հայերեն հրատարակումը մեր օրերում, հատկապես ցեղասպանագիտության ոլորտում, քանի որ, ըստ նրա. «Այն ակնհայտ կերպով ընդգծում է թուրքական պետության ցեղասպան բնույթը, ապացուցում է, որ քեմալական իշխանությունները եւ, ինչու չէ, նաեւ նրանց հաջորդած գրեթե բոլոր թուրքական պետական գործիչները որդեգրել են երիտթուրքական քաղաքականությունը փոքրամասնությունների նկատմամբ, համաձայն որի՝ Թուրքիայի պետության մեջ բոլորը պետք է կամ թուրքանան, կամ էլ հեռանան երկրից։ Թաներ Աքչամի խոսքերով ասած. «Մուստաֆա Քեմալի՝ 1923 թ. Ադանայում աշխատավոր խավին տված այն Թուրքիայի խոստումը, որտեղ ոչ մուսուլմաններ չէին լինելու, դարձել է հանրապետության ռեժիմի հիմնական կոդեքսը, եւ այդ խոստումը կատարվել է»։

Մ. Անումյանը լիահույս է, որ այս գիրքը կունենա նաեւ գործնական նշանակություն՝ օգտագործվելով ի նպաստ Հայ դատի հետապնդման գործի, հավելեց, որ հեղինակը գրքում նաեւ մանրամասնում է, թե ինչպես է գործադրվել ապարտեիդի քաղաքականությունը Թուրքիայում։ Ըստ նրա՝ թուրքական իշխանությունները երկրի բնակչությանը բաժանել են 3 հիմնական շերտերի։ Առաջին հորիզոնականում սուննի մահմեդական թուրքերն են, որոնք իրավունք ունեն գրավելու պետական պաշտոններ եւ ռազմական կարիերա անելու։ Միջին կամ անցումային դիրքում են գտնվում քրդերը, որոնք թեեւ մուսուլման են եւ որոշ, բացառիկ դեպքերում նույնիսկ կարողացել են հասնել բարձր պաշտոնների, բայց եւ այնպես նրանց հանդեպ եւս գործադրվել է խտրական քաղաքականություն, իսկ ամենաստորին խավն են համարվում քրիստոնյաներն ու հրեաները, որոնց՝ որեւէ կարեւոր ոլորտում առաջընթացը խոչընդոտվել է ոչ միայն սովորույթի ուժով, այլ նաեւ՝ Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ ու պետականորեն ընդունված օրենքներով։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930