Ապրիլի 17-ին Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի «Սա էլ եմ ես» գրքի շնորհանդեսը։
Անատոլի Հովհաննիսյանն իր հերթական գրքի շնորհանդեսին կրկին բացակա էր. նա առողջական խնդիրներով պայմանավորված՝ տասը եւ ավելի տարիներ գտնվում է Ֆրանսիայում, Լիոն քաղաքում:
Սակայն նա ուղերձ էր ուղարկել գրքի խմբագիր, արձակագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանին, ով ներկայացրեց այն. «Բարեւ սիրելի բարեկամներ, ծանոթ ու անծանոթ հարազատներ, շնորհակալ եմ, որ ձեր կյանքի մեկ-երկու ժամը նվիրում եք ինձ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում անշահախնդիր ջանքերով ծնվեց գիրքը: Խմբագիր Սեյրանուհի Գեղամյանին, որ իմ գրական ճակատագրում բացառիկ դեր ունի, ընկերոջս՝ տաղանդավոր նկարիչ Արման Վահանյանին, բազմաշնորհ Գեղեցիկ Մարգարյանին, ով ավելի սրբագրեց ու մաքրեց տեքստը, Ռուզան Մինասյանին, որ ուսանողական տարիներից հարազատ ներկայություն է իմ կյանքում: Ներողություն եմ հայցում նրանցից, ում անուններն այս պահին չտվեցի:
Կարդացեք նաև
Գիրքը եղած վիճակին է հասել բացառապես Ջեմմա Մելքոնյանի անտրտունջ ու բոլորանվեր աշխատանքի շնորհիվ, նա ինձ հետ հավասար լծակից է:
Թվում է, թե ինչ գրականություն, եթե տպագրում ես տարիներ առաջ հրապարակված հոդվածը կամ հարցազրույցը, սակայն այս գիրքը ստեղծվել է կոլաժի սկզբունքով, երբ տարբեր նյութերի համադրությամբ ստեղծվել է սեփական ասելիքով գեղարվեստական ինքնուրույն կերտվածք: Ճշմարիտ գրականությունն աղոթք է, սակայն այս աղոթքի հասցեատերը ոչ միայն Աստված է, այլ՝ մարդը: Կարողացե՞լ եմ, արդյոք, այդ աղոթքը լսելի դարձնել, այդ մասին կարող են դատել միայն գրքի ընթերցողները»:
Մենք անդրադարձել ենք «Սա էլ եմ ես» ժողովածուում տեղ գտած հրապարակումներին, որոնք լույս էին տեսել տարբեր լրատվամիջոցներում («Առավոտ», «Հրապարակ» օրաթերթեր, «Նորաթերթ», «Նարցիս» ամսագիր, Հայաստանի հանրային ռադիո, «Ազատություն» ռադիոկայան …), հոդվածներին ու այլ գրություններին («Առավոտ» օրաթերթ, 22.02.2025):
Ելույթներ ունեցան գրքի խմբագիր, արվեստաբան Սեյրանուհի Գեղամյանը, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ը, բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Թադեւոս Տոնոյանը, հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ, դոցենտ ցը, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, գրող, ԵՊՀՔ-ի ավագ դասախոս, լեզվաբան, գրքի սրբագրիչ Գեղեցիկ Մարգարյանը, ՀՀ զինված ուժերի գնդապետ, գրող Անդրանիկ Հակոբյանը, բանաստեղծ Նշան Աբասյանը, ով, ի դեպ, Անատոլի Հովհաննիսյանի «Գնում եմ, կորեմ» գրքի խմբագիրն է, «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանը։
Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի համար բացահայտում էր հեղինակը, ըստ նրա. «Գիրքը մի ամբողջ համալսարան է, գրական եւ մշակութային երեւույթ», նաեւ ասաց, որ իր ուսանողների համար պարտադիր ընթերցումների գիրք պետք է դառնա, գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ով տարիներ առաջ «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում Անատոլիի մասին հայտնել էր հետեւյալը. «Մտավորական մարդու հետ խոսելու պահանջ ես զգում: Այդ տեսակի մարդիկ իրականություն են ստեղծում, նրա եւ նրա նմանների բացակայությունն ազդեց միջավայրի վրա, որը հիմա լցված է ամեն տեսակի թերուսներով», ասաց. «Հովհաննիսյանը գիտի տողի հարգը, բառի արժեքը, նա գնում է սեղմության, խոսքի ասույթային իմաստավորման, ամենակարեւորը՝ ամեն ինչ ուզում է այնպես անել, որ մնա կենսական վիճակների մեջ, պատկերի թռիչքը չի կտրում իրականությունից»:
Ըստ արվեստաբան, խմբագիր Սեյրանուհի Գեղամյանի էլ՝ «Անկեղծ զրույցները, ինչպես նաեւ գրքում ընդգրկված՝ տարբեր տարիներին տպագրած հոդվածներն ու այլ գրություններն ի հայտ են բերում ոչ միայն հեղինակի, այլեւ մեր ժամանակների բազմաթիվ գրողների ու արվեստագետների ինքնության հետաքրքիր շերտեր, գեղարվեստական ու գեղագիտական ընդհանրացումներ, արվեստի եւ գրականության շուրջ ինքնատիպ դիտարկումներ ու ըմբռնումներ, բացում են հենց իր՝ Անատոլիի ներքին եսը՝ խոր զգացականությամբ, ինչպես կյանքում, այնպես էլ գրականության եւ արվեստի մեջ կեղծիք, սակարկություն չհանդուրժող, երբեմն մի քիչ կոշտ, հախուռն, բայց միշտ ազնիվ, միշտ կատարելության ձգտող, բանաստեղծության հանդեպ պաշտամունքի հասնող բծախնդրություն ցուցաբերող, հոգով եւ մտքով ազատ մարդու տեսակը»:
Անշուշտ, կուզեի նմանատիպ միջոցառումներին տեսնել նաեւ Գրողների միության որեւէ ներկայացուցչի, Անատոլին դրսում գտնվելով շատ ավելի ներկա է իր այս գրքով, իր խոհերով, գեղարվեստական մտորումներով, գրականության պատմության իմացությամբ, ցավերով, քան…
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.04.2025