Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխները չեն կարող չլինել ԱԺ-ում, իշխանությունները չեն կարող չկեղծել ընտրությունները

Ապրիլ 23,2025 14:00

Ինչ է մեզ սովորեցնում Պլատոնի տեսությունը

Ինչպես հայտնի է` Պլատոնն աշխարհը բաժանում էր երկու՝ իրենց նշանակությամբ ամենեւին ոչ հավասարազոր մասերի՝ հավերժ, անփոփոխ, իդեալական աշխարհը, որը միակ իրականն է, եւ ժամանակավոր, փոփոխական, զգայական աշխարհը: Ընդ որում, «վերին» աշխարհը՝ «ձեւերը» (իդեաները, գաղափարները) միաժամանակ ե՛ւ պատճառները, ե՛ւ տիպարներն են, օրինակներ, որով «նախագծող» առարկաները սարքած են, ե՛ւ նպատակն են, որոնց ձգտում են այս՝ մեզ ծանոթ աշխարհի էակները, ե՛ւ հասկացություններ, որոնցով բնորոշվում են այս կամ այն դասի երեւույթները: Պարզ ասած՝ եթե այս աշխարհում կա որեւէ կոնկրետ ձի, ապա այն արտապատկերներից մեկն է «ձիության» գաղափարի, որը չենք կարող շոշափել զգայարաններով, բայց որը կարող ենք ըմբռնել մեր մտքի միջոցով:

Իմացաբանական իմաստով դա կարեւոր գյուտ էր, որովհետեւ՝ եթե մենք արձանագրում ենք զուտ մասնավոր դրսեւորումներ եւ չենք տեսնում արմատը, այսինքն՝ տեսակը, մենք մնալու ենք այս՝ զուտ էմպիրիկ մակարդակի վրա եւ չենք կարողանա որակական թռիչք կատարել:

Եվ այստեղից մի քանի պնդումներ, որոնք առաջին հայացքից կարող են ճակատագրապաշտական թվալ, բայց պետք է հասկանալ, որ խնդիրը համակարգի մեջ է՝ գաղափարի, ձեւի, տեսակի:

Հայաստանի խորհրդարանում այսօր ՉԵՆ ԿԱՐՈՂ օլիգարխներ չլինել: Նրանցից ոմանք վատ դաստիարակության պատճառով կարող են առիթ-անառիթ հարձակվել լրագրողների վրա, իսկ ոմանք կարող են ավելի ճկուն միտք ունենալ եւ մեդիայի հետ խնդիրներ չունենալ: Բայց մեր իրականության մեջ սեփական ներդրումները քաղաքական մեխանիզմներով ապահովել՝ նրանք, որպես բիզնեսմեն, պարզապես պարտավոր են:

Հայաստանում անկախ կարգավորող մարմիններն այսօր ՉԵՆ ԿԱՐՈՂ քաղաքական իշխանության պատվերները չկատարել: Դրանց անդամները կարող են ելույթ ունենալ իշխանահաճո բոցաշունչ ճառերով, իսկ կարող են նաեւ լռել՝ բնավորության մեջ «շողոքորթ» տարրի չափաբաժնի հարց է: Բացի այդ, այս կամ այն անձը կարող է որոշել անդամակցել նման մարմնին կամ չանդամակցել: Բայց պարզ է, որ ստանալ բարձր թոշակ այդ «սենեկուրայի» համար, ցանկացողները շատ կլինեն:

Հայաստանում նախագահն այսօր ՉԻ ԿԱՐՈՂ լրջորեն հակադրվել գործադիր իշխանությանը: Նա կարող է ժամանակ առ ժամանակ հանդիպել վարչապետի հետ եւ իր հիացմունքը հայտնել վերջինիս իմաստուն քաղաքականությամբ, կարող է եւ ավելի զուսպ լինել: Բայց որեւէ լուրջ հակադրության դեպքում նախագահին պարզապես պաշտոնանկ կանեն:

Հայաստանում իշխանությունը այսօր ՉԻ ԿԱՐՈՂ իշխելու 4-5 տարուց հետո ընտրությունների արդյունքները չկեղծել: Կեղծելու մեթոդները կարող են լինել կոշտ, բռնարարքներով ուղեկցվող, կարող են ավելի «նուրբ» ու «քաղաքակիրթ» լինել: Բայց բացառված է, որ որեւէ իշխանություն, ղեկին մնալով 4-5 տարի, կարողանա արդար, ազնիվ ճանապարհով վերընտրվել: Ոչ միայն այս իշխանությունը, որը նորմալ, մտածող մարդկանց համար մարմնավորում է պատերազմում նվաստացուցիչ պարտությունը, այլեւ ցանկացած իշխանություն, այդ թվում՝ այն իշխանությունները, որոնք հաղթանակներ են կերտել: Բանն այն է, որ սոցիալական, տնտեսական վիճակը շեշտակիորեն չի փոխվել եւ չի փոխվելու, իսկ համակարգը, որի մասին մենք հիմա խոսում ենք, նպաստում է իշխանության ներկայացուցիչների հղփացած, ամբարտավան կեցվածքին: Իշխանությանը, որին սկզբնական շրջանում նույնիսկ շատ սիրել են, միեւնույն է, որոշ ժամանակ անց դառնալու է ատելության առարկա: Եվ քանի որ այդ իշխանությունները հնարավորություն ունեն վարչական-ուժային-«տասովշիկական» ձեւով վերարտադրվելու, դրանք դա կանեն:

Այսպիսով, «այնտեղ՝ վերեւներում» կան ձեւեր, տեսակներ, որոնք արտապատկերվում են մեր ժամանակավոր, փոփոխվող իրականության վրա՝ տարբեր կոնկրետ դրսեւորումների տեսքով: Բայց ասածս ճակատագրապաշտություն չէ, որովհետեւ, ի տարբերություն մեկընդմիշտ՝ ի վերուստ տրված պլատոնյան փիլիսոփայական ձեւերի, սոցիալ-քաղաքական «դրվածքի» ձեւերը, թեեւ դանդաղ, թեեւ մեծ դժվարությամբ, բայց փոխվում են:

Ինչպես է դա տեղի ունենում պատմության մեջ: Հայտնվում են ազնիվ, անշահախնդիր, զրկանքներին պատրաստ մարդիկ, որոնք (ի տարբերություն, օրինակ, ինձ) չեն զզվում քաղաքականությամբ զբաղվելուց եւ «տոկի են տալիս» համակարգը, որի արդյունքում դրա միջի մեխանիզմները սկսում են չգործել: Ընդ որում, պարտադիր չէ, որ դա լինի, ընդունված իմաստով, «հեղափոխություն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930