Տեղեկացրել էինք, որ ապրիլի 18-ին Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» 20-ամյա սաներից մեկը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել 70-ամյա մարզիչ Ս․Ս․-ի դեմ՝ բողոքելով, որ մարզիչը պարբերաբար պահանջել է վերադառնալ պարապմունքների, սակայն մերժում ստանալով՝ հայհոյել է իրեն, սպառնացել է, թե կսպանի, կգցի մեքենայի տակ։
Այդ նույն օրը, երկու ժամ անց «ձախից մեծ ոլոքի միջային կոճի փակ ներհրված կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով» ախտորոշմամբ Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել մարզադպրոցի տվյալ սանի 66-ամյա տատիկին, որը ոստիկաններին ասել է, թե մարզիչը առանց պատճառի հայհոյել է թոռանն ու աղջկան, որը նյարդայնացրել է իրեն, ինքը հրել է մարզիչին, մարզիչն էլ՝ իրեն, արդյունքում վայր է ընկել ու ստացել վնասվածք։
«Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզիչը ներկայացել էր ոստիկանություն։
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կարդացեք նաև
Վաստակավոր մարզիչ Սլավիկ Սարգսյանն, արձագանքելով այս հրապարակմանը, պարզաբանեց, որ ինքը նախկին սանից ընդամենը խնդրել է վերադարձնել մարզական կոշիկները, քանի որ դրանք բավականին թանկ են, իսկ պարապող մյուս սաները կոշիկներ չունեն, տատիկի վայր ընկնելու էլ հետ ընդհանրապես առնչություն չունի։
«Ամսի 18-ին՝ ժամը 15․00-ի սահմաններում էր․ մեր մարզիչներից մեկի հետ մարզադպրոցից դուրս գալով՝ շարժվեցինք դեպի Հովսեփյան փողոց, որտեղ մեր ընկերներից մեկը շինարարություն է անում, ճանապարհին տեսա մեր սպորտսմենուհու տատիկին։ Մոտեցա, հարցրեցի, թե ինչու են նման ձևով իրենց պահում, սուտ տեղեկություններ հաղորդում ոստիկանությանը, ես իր թոռին համարյա չեմ էլ տեսել, որ սպառնամ։
Տատիկին ասի, եթե թոռը չի ուզում պարապել, ափսոս, որ չի ուզում, թող միայն կոշիկները վերադարձնի, որ փոխանցենք մյուս երեխեքին։ Տատիկն առաջ եկավ՝ ուզելով խփել դեմքիս, հավասարակշռությունը կորցրեց ու ընկավ վայր, հետիս մարդիկ ականատես են, տարածքում կան նաև տեսախցիկներ։
Ես ընդհանրապես չեմ կպել իրեն, ինքը ուզեց խփել, հավասարակշռությունը կորցրեց, ընկավ, տատիկին ուզեցինք հանել, թոռը վազելով եկավ, ասի՝ ես չեմ կպել, հարցրու տատիկիցդ։ Տատիկը, ինձ ցույց տալով, ասաց՝ ուզում էի իրեն խփեի, ոտքս սահեց, վայր ընկա։
Ես կանգնեցի, մինչև շտապօգնության մեքենան եկավ, իրեն տարավ, բացարձակ մտքովս չանցավ, որ ոտքը կոտրվել է կամ ճաքել է։ Մարզումների գնացի, զանգ եկավ ոստիկանությունից, հարցրեցին՝ կարո՞ղ եք ներկայանալ ոստիկանության բաժին, ասի՝ հիմա գամ։ Զանգից 5-10 րոպե հետո ես ներկայացել եմ Կումայրի բաժին։ Ասեցին, որ հաղորդում են տվել, հետաքրքրվեցի՝ ինչ են գրել։
Շատ զարմացա, որ գրել է, թե իրեն սպառնացել եմ մեքենայի տակ գցել։ 70 տարեկան եմ, 30-40 աղջիկ սպորտսմեններ եմ պատրաստել, հինգ օլիմպիական խաղերի մարզիչ եմ եղել, Հայաստանում դահուկավազքի միակ վաստակավոր մարզիչն եմ, ես ուրեմն չգիտեմ հա՞ երեխաների հետ վարվելու ձև, որ նման հաղորդում է տվել։ Հո գրելով չէ, պիտի ապացուցի, չէ՞, չի ուզում, թող չպարապի, ինչ գործ ունեմ իր հետ, թող մարզական կոշիկները բերի, գնա։
Ես 70 տարեկան վաստակավոր մարզիչ, ո՞նց կարող եմ սպառնալ, թե քեզ մեքենայի տակ կգցեմ։
Ոստիկանությունում էլ նույն եմ ասել, հետո ինձ ուղեկցեցին քննչական, այնտեղ էլ նույն ցուցմունքն եմ տվել, այնտեղ էլ 30-40 րոպե եմ մնացել։ Թող իրավապահները բացահայտեն, ես տատիկին մատով չեմ կպել, կան տեսախցիկներ, կան ականատեսներ։
Այսքան բանն է տեղի ունեցել, սաղ աշխարհն ինձ ճանաչում են, ոստիկանությունը հայտնել է, թե ինձ ձերբակալել են, սաղ տեղերից ինձ զանգում են՝ հարցնում, թե քեզ ձերբակալե՞լ են։ Իրականում շատ կեղտոտ պատմության մեջ եմ հայտնվել»,-ասաց մարզիչը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ irazek.am-ի