ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը` տեղեկատվական ինքնիշխանության մասին
ՀՌՀ–ն ՈՉ «ՌՈՒՍԱՏՅԱՑ» Է ՈՉ «ՖՐԱՆՍԻԱՏՅԱՑ»
(ևս մեկ անգամ տեղեկատվական ինքնիշխանության մասին)
Ապրիլի 9-ին ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի մշտական հանձնաժողովում, իսկ ապրիլի 18-ի խորհրդարանի լիագումար նիստում ներկայացնում էի ՀՌՀ տարեկան հաղորդումը: Քննարկումների ընթացքում նորից հնչեցրեցի կարգավորող մարմնի տեսակետն առ այն, որ օրենքով անհրաժեշտ է խիստ սահմանափակել քաղաքական բովանդակությամբ օտարերկրյա հեռուստածրագրերի քանակը Հայաստանում գործող միակ թվային հանրային մուլտիպլեքսում (հիշեցնեմ, որ միջկառավարական պայմանագրով այստեղ հեռարձակվում են ՌԴ երեք հեռուստածրագրեր): Նաև տեղեկացրեցի, որ այժմ էլ Ֆրանսիան է հետաքրքրված մեկ կամ երկու հետուստածրագրերով ներկայացված լինել մուլտիպլեքսում։
Քանի որ ելույթներիցս հետո ոչ միայն կեղծ «արևմտամետներն» ու լոսանջելեսներում ծվարած քաղաքականապես տհաս «վերլուծաբաններն» էին վերից վար աղավաղել այս խնդրի իրական պատկերը, այլ նաև իմ կողմից հարգված անձիք են խեղաթյուրում ասածներս, կարծում եմ՝ անհրաժեշտություն է առաջացել ավելի մանրամասն անդրադառնալ իմ կողմից բազմիցս բարձրաձայնված խնդրին։
Կարդացեք նաև
Ինչպես ասացի, Ֆրանսիան դեմ չէր լինի ֆրանսիական հեռուստածրագրերի (խոսքը France 5 հանրային և ֆրանս-գերմանական ARTE-ի մասին է) հեռարձակմանը մուլտիպլեքսում։ Իսկ ահա ՀՀ կարգավորող մարմինը դեմ է, և որևէ արտառոց բան այստեղ չկա։
Որքան գիտեմ, այս խնդրով պաշտոնական դիմում ՀՀ իշխանություններին չի եղել, պարզապես այս հարցը ֆրանսիացի գործընկերները բարձրացրել են իրավասու տարբեր գերատեսչություններում (այդ թվում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում) հանդիպումների ժամանակ։ Երկու անգամ այս հարցով ընդունել եմ ֆրանսիացի պաշտոնյաներին, կառուցողական ու անկեղծ քննարկումներ ենք ունեցել ֆրանսիացի գործընկերների հետ նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Ֆրանսիական հեռուստածրագրերի հեռարձակման հարցի հետ կապված ՀՌՀ դիրքորոշումը գրավոր ներկայացրել ենք Կառավարություն։
Եվ, ուրեմն ինչ՞ փաստարկների վրա է հիմնված Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դիրքորոշումը.
1․ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՆ ՈՒՆԻ ԻՐ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Ամբողջ աշխարհում հանրային մուլտիպլեքսը դիտարկվում են որպես ինքնիշխանության վերջին մեդիակղզյակ անծայրածիր տեղեկատվական տիեզերքում, քանի որ այս հարթակում հեռուստածրագրերի բովանդակությունն արտացոլում է տվյալ պետության շահերի, հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը: Քաղաքակիրթ երկրներում հանրային մուլտիպլեքսն արդիական իմաստ գեներացնող ու թելադրող, գիտելիքներ ու արժեքներ տարածող համակարգ է (այլ խնդիր է, որ մեր երկրում այդ էկոհամակարգը դեռ չի կայացել):
Հանրային մուլտիպլեքսների գործունեության միջազգայնորեն ընդունված հայեցակարգերը նախատեսում են, որ մուլտիպլեքսում մրցույթի արդյունքում սլոթ ստացած հեռուստաընկերությունը պետք է ունենա կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, խստորեն հետևի ազգային օրենսդրությանը, պահպանի էթիկայի կանոնները և այլն։ Մրցույթի արդյունքում մուլտիպլեքսի սլոթ ստացած հայկական հեռուստաընկերություններն ունեն օրենքով ամրագրված բազմաթիվ պարտավորություններ ու պարտականություններ, օրինակ` մանկական, մշակութային, կրթական հաղորդումների ցուցադրման նվազագույն շեմ, հայերեն լեզվով հաղորդումների քանակ, կարևոր իրադարձությունների վերաբերյալ իրազեկման պարտավորություն, ընտրական գործընթացների լուսաբանման, սոցիալական գովազդի տեղադրման պարտավորություն և այլն: Միջպետական պայմանագրերով գործող օտարերկրյա հեռուստածրագրերը չունեն և չեն կարող ունենալ ոչ մի պարտավորություն, քանի որ տվյալ երկրի ռեզիդենտ չեն: Իրավախախտումների դեպքում կարգավորող մարմինը իրավասու չի միջոցներ ձեռնարկել նրանց դեմ և այլն։ Այդ է պատճառը, որ հանրային մուլտիպլեքսներում չնչին բացառությամբ օտարերկրյա հեռարձակողներ չեն լինում: Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է։
Դիցուք, Ֆրանսիայում գործում է 8 թվային մուլտիպլեքս, Ռուսաստանի Դաշնությունում` 3, բայց գետ մեկ քաղաքական բովանդակությամբ օտարերկրյա (նույնիսկ ամենա-ամենա դաշնակից երկրի) հեռուստածրագիր այնտեղ չեք տեսնի։ Այսինքն, նաև շատ հզոր պետությունները պաշտպանում են տեղեկատվական ինքնիշխանությունը հանրային հարթակներում: Իսկ մենք՞․․․
- ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՆ ՕՏԱՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՀԱՐԹԱԿ ՉԷ
Այո, Ֆրանսիան բարեկամ երկիր է մեզ համար։ Սակայն եթե մուլտիպլեքսում ՌԴ հեռուստաալիքների կողքին (որոնց սլոթ հատկացնելն իմ կարծիքով, ի սկզբանե սխալ որոշում էր) հայտնվեն այլ երկրի քաղաքական ուղղվածություն ունեցող ալիքներ, ապա Հայաստանի հանրային տեղեկատվական ռեսուրսը կդիտարկվի աշխարհում որպես բոլորի համար «բաց մեդիահարթակ»։ Իսկ դա նշանակում է, որ համապատասխան դիմումի դեպքում Հայաստանը պարտավորված կլինի սլոթեր տրամադրել մեր հանդեպ ևս բարեկամաբար տրամադրված երկրներին: Օրինակ, վստահելի հարևան Իրանին, որի հետ վերջերս նույնիսկ համատեղ զորավարժություններ անցկացրեցինք: Կամ եղբայրական հարևան Վրաստանին, որի հետ ռազմավարական գործընկերություն ենք հաստատել: Անշուշտ, նաև թիվ մեկ գերտերություն ԱՄՆ-ին, որի հետ վերջերս նույնպես ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ենք ստորագրել: Ինչու՞ ոչ, նաև Հնդկաստանին, Հունաստանին, Չինաստանին… Բարեկամ երկրների ցուցակը բավականին երկար է ու բոլորն առիթից կօգտվեն օգտագործել ՀՀ հանրային հարթակը սեփական օրակարգերը տարածելու համար:
Իսկ դա կնշանակի, որ ՀՀ թվային մուլտիպլեքսում կարող են ծավալվել տեղեկատվական «ծանր մարտեր» տարբեր շահեր հետապնդող պետությունների հեռուստածրագրերի միջև։ Կարծում եմ, ավելի մանրամասն այդպիսի վտանգների մասին խոսելն ավելորդ է:
3․ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ԼԵԶՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ․ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
Փաստենք, որ լեզվական անվտանգությունը հանդիսանում է պետության ինքնիշխանության, մշակութային, կրթական, սոցիալական պաշտպանվածության երաշխիքներից մեկը։ Փաստելուց հետո ծանոթանանք հետևյալ թվերին: Հայաստանի ցանցային օպերատորների փաթեթներում հեռարձակվում են մոտ 330 հեռուստածրագրեր, որոնցից միայն 72-ն են պատրաստվում Հայաստանում: 164 հեռուստածրագրեր ՌԴ արտադրության են, 47-ը՛ ԱՄՆ, 16-ը՛ ֆրանսիական և այլն (ընդհանուր թվով 15 երկիր): Այդ հեռուստածրագրերի լեզուներն են. 62՛ հայերեն, 231՛ ռուսերեն, 84՛ անգլերեն, 12՛ ֆրանսերեն և այլն (ընդհանուր թվով 12 լեզու):
Բավականին խոսուն թվեր են: Մեր քաղաքացիների համար հասանելի են տարբեր լեզուներով հեռարձակվող տարբեր ժանրերի հեռուստածրագրեր, որոնք առաջարկում են 61 ցանցային օպերատորներ՛ խոշորագույն Ucom-ից մինչև մարզերից մեկում գործող 250 բաժանորդ ունեցող ընկերություն: Մի գուցե, դա լավ է։ Սակայն ծայրահեղ «լիբերալ» օրենսդրությունը նպաստում է օտար օրակարգերի «տեղեկատվական ներխուժմանը»:
Օտարերկրյա և օտարալեզու տեսալսողական ծրագրերը կաբելային ցանցերով հեռարձակվելու թույլտվություն ստանալու համար այսպես կոչված «ադապտացիայի» բավականին երկար ճանապարհ են անցնում տվյալ ծրագրի բովանդակությունը, ֆինանսական թափանցիկությունն ու գործունեության այլ բաղադրիչները ստուգելու համար: Եւ միայն հետո կարգավորող մարմինը որոշում է թույլատրել տվյալ հեռուստածրագրի հեռարձակումը, թե ոչ։ Սա համաշխարհային պրակտիկա է: Իսկ Հայաստանում մեր հանձնաժողովը իրավասու է միայն ի գիտություն ընդունել դիստրիբյուտորների իրազեկումը առ այն, որ նա պատրաստվում է օտարերկրյա հեռուստածրագիրը վաճառել ցանցային օպերատորներին։
Նույնիսկ շատ ազատական Եվրոպայում ռուս-ուկրաինական պատերազմի բռնկումից հետո կարգավորող մարմինները արգելեցին հարյուրավոր ռուսական հեռուսա և ռադիոծրագրերի հեռարձակումը (լինի դա ցանցային օպերատորների փաթեթներում թե համացանցում): Հայելային պատասխան տվեց Ռուսաստանը: Իսկ ահա Հայաստանի կաբելային ցանցերով հեռարձակվում են կասկածելի որակի և բովանդակության, պատերազմ հրահրող, բռնություն ազգային և կրոնական խտրականություն քարոզող ոչ հայերեն լեզվով տասնյակ հեռուստածրագրեր… Սակայն կարգավորող մարմինը որևէ լիազորություն չունի արգելելու վնասակար բովանդակությամբ օտարերկրյա ծրագիր։
Եվ ստացվում է, որ հայոց լեզվի նկատմամբ հոգատարության, անընդունելի բովանդակության հանդեպ վերահսկողություն սահմանելու փոխարեն, մենք այս կամ այն ձևաչափով քննարկում ենք եւս մեկ օտարերկրյա և օտարալեզու հեռուստաալիք մեր թվային մուլտիպլեքսում ավելացնելու հարցը։
Ի դեպ, ՀՀ օրենսդրությունը ամենալայն հնարավորություններ է տալիս օտարերկրյա, այդ թվում ֆրանսիական, ռուսական, արաբական տեսալսողական ծրագրերին հեռարձակվել ամենատարբեր մեդիահարթակներում` ցանցային օպերատորներ, IPTV, OTT և այլն:
- ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ
Սլոթերի քանակը թվային մուլտիպլեքսներում տեխնիկապես սահմանափակ է: Նաև այդ պատճառով է, որ յուրաքանչյուր պետություն «փակում է» դեպի այդ թվային հարթակներ մուտքը արտաքին խաղացողների համար: Բացառություններ արվում են միայն մանկական, մշակութային, կրթական, ճանաչողական, սպորտային հեռուստածրագրերի համար: Հաճախականությունների սակավության պատճառով Հայաստանը հնարավորություն չունի ստեղծել երկրորդ մուլտիպլեքսը: Հետևաբար, յուրաքանչյուր օտարերկրյա հեռուստածրագրին սլոթ հատկացնելը նշանակում է հայկական հեռուստաալիքներից մեկին զրկել այդ հարթակում գործելու հնարավորությունից: Այդպես էլ եղավ 2021 թվականին, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական պայմանագիր կնքելու հետևանքով երեք հայկական հեռուստաընկերություն զրկվեցին մուլտիպլեքսում տեղ զբաղեցնելու հնարավորությունից:
Անշուշտ, որոշ հանգամանքներում Հայաստանի շահերը կարող են թելադրել դրական արձագանքել բարեկամ (կամ նույնիսկ ոչ այդքան) պետության առաջարկին, խնդրանքին սլոթ հատկացնել մուլտիպլեքսում։ Այդպիսի իրավիճակներում մրցութային կարգով սլոթը պետք է տրամադրվի քո երկրում գրանցված ընկերությանը, որը պատրաստ է ամբողջովին կամ մասամբ վերահեռարձակել օտարերկրյա հեռուստառադիոհաղորդումը: Այդպիսի նախադեպ ունենք. Ռուսաստանի «Սպուտնիկ» ռադիոկայանի հաղորդումները վերահեռարձակում է Հայաստանում գրանցված և կարգավորող մարմնից լիցենզիա ստացած ընկերությունը: Իսկ դա նշանակում է, որ կարգավորող մարմինը իրավասու է ցանկացած խախտման դեպքում համապատասխան սանկցիաներ կիրառել տվյալ ընկերության նկատմամբ:
Կարող եմ ևս մի շարք փաստարկներ ներկայացնել ՀՌՀ տեսակետը հիմնավորելու համար, բայց, կարծում եմ, բավարար է: Կավելացնեմ միայն, որ իմ ելույթներում ներկայացրել եմ ՀՌՀ մասնագիտական կարծիքը, այլ ոչ թե ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների դիրքորոշումը: Հետեւաբար, մեր տեսակետը բացարձակապես չի նշանակում, որ (մեջբերում եմ ամենաեվրոպամետ գործիչներից մեկի գրառումը) «ԵՄ «գնացող» իշխանությունը մերժել է Ֆրանսիայի հեռուստաալիքների խնդրանքը՝ սփռել իրենց հաղորդումները ՀՀ հանրային եթերով»։ Իշխանությունները կարող են և չկիսել կարգավորող մարմնի տեսակետը և վերջնական որոշում կայացնելիս հաշվի առնեն բազմաթիվ այլ գործոններ:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով