«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը, որն իր բոլոր դրույթներով հակասում է մեր պետական և տնտեսական շահերին։
Միջազգային առաջադեմ փորձից օգտվելու փոխարեն, որում կան հավասարակշռված մոդելներ, ընտրվել է կարգավորումների ամենատոտալիտար տարբերակը, որը հաջողության նախադեպ չի ունեցել։
Օրինագծի ընդունման դեպքում կկասեցվեն խոշոր ներդրումները, խորապես կտուժի ՏՏ ոլորտը, կդադարեն արտաքին ֆինանսական հոսքերը դեպի Հայաստան, հատկապես այն երկրներից, որոնք բանկային համակարգի հետ խնդիրներ ունեն (Ռուսաստան, Իրան և այլն)։ Քաղաքացիների փոխանցումների վրա խնայած միջոցները կգրպանեն հայկական և միջազգային բանկերը։ Միաժամանակ այս օրենքով Հայաստանը կզիջի իր թվային ինքնիշխանությունը ԱՄՀ-ին (IMF) և միջազգային ֆինանսական կառույցներին։
Կարդացեք նաև
Կոչ եմ անում բոլոր պատգամավորներին՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, դեմ քվեարկել այս խայտառակ, տնտեսության նոր ոլորտի զարգացումը խոչընդոտող օրենքի նախագծին։ Հորդորում եմ աջակցել WEB3 համայնքի փորձագետների առաջարկած տարբերակին, որը ներառում է բնագավառի համար լավագույն կարգավորումներն ու կառուցողական մոտեցումները և մշակվել է այս պահին ԱՄՆ-ում գործող, հաջողված փորձի հիման վրա։