«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ն ավելի քան երկու տարի է Վանաձորի ՏԻՄ որոշումների մշտադիտարկում է իրականացնում: Մեզ համար շատ կարեւոր է, որ ՏԻՄ որոշումների մշտադիտարկման մեջ նաեւ ներառենք բյուջեների մշտադիտարկումը, թափանցիկ կառավարման մեխանիզմների դիտարկումները »,-Մեդիա կենտրոնում կայացած «Ո՞ւր են գնում փողերը. Վանաձոր համայնքի մանկապարտեզների 2024-ի բյուջեի վերլուծություն» թեմայով քննարկման ժամանակ նշեց Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արբակ Սարգսյանը:
Նա հավելեց, որ արդեն 5 ամիս է, իրականացնում են բյուջեների վերլուծություն, որը նրա ձեւակերպմամբ, ավելի ներառական եւ ավելի լայն մասշտաբով հնարավորություն է տվել, որպեսզի կարողանան ծանոթանալ մասնավորապես Վանաձոր խոշորացված համայնքում իրականացված որոշումներին, բյուջետավորման մեխանիզմներին: Արբակ Սարգսյանի ձեւակերպմամբ, ինչ վերաբերվում է Վանաձորի մանկապարտեզների բյուջեներին, գաղտնիք չէ, որ դրանք ամենախոցելի խմբերի համար իրականացվող ծախսերն են:
Բյուջեի վերլուծության մասնագետ Լիանա Աղաջանյանը տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակում իրականացրել են 2024թ Վանաձոր համայնքի նախադպրոցական հաստատությունների ոլորտի վերլուծություն, որի հիմնական նպատակը
պետական բյուջեից Վանաձոր համայնքի նախադպրոցական կրթության ոլորտի ֆինանսավորման ծավալների գնահատումն է՝ համեմատելով նախատեսված եւ փաստացի ծախսված միջոցները:
«2024թ. Վանաձոր համայնքի կրթության ոլորտի համար նախատեսվել է տրամադրվել 3,1 մլրդ դրամ, որի կեսից ավելին՝ 1,7 մլրդ դրամը նախատեսվել է տրամադրել նախադպրոցական կրթության ոլորտին: Նախադպրոցական կրթության ոլորտին տրամադրված գումարը 2 մասով է նախատեսվել՝ ֆոնդային եւ վարչական: Ֆոնդային մասին նախատեսվել է հատկացնել 987,5 մլն դրամ՝ շենքերի եւ շինությունների վերանորոգման համար, իսկ մնացած մասը նախատեսվել է հատկացնել մանկապարտեզների գործունեության ապահովման համար:
Սակայն փաստացի, նախատեսված ֆինանսավորումները որոշ դեպքերում չեն համապատասխանել իրար»,-ասաց Լիանա Աղաջանյանը: Նա օրինակներ բերեց, թե որ մանկապարտեզներն են նախատեսվածից ավել եւ որոնք՝ ավելի պակաս գումար ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ