«Ինչո՞ւ ենք մենք նշում, որ Բաքվում ընթացող շինծու դատավարությունները ՀՀ դեմ են։ Մեկ պարզ պատճառով, որ այս «դատավարությունների» ընթացքում Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ Արցախը որպես կենսունակ, ինքնավարության բարձր աստիճան ունեցող միավոր գոյություն չի ունեցել։ Եվ փորձում է ցույց տալ, որ Արցախի վարչակազմն արհեստականորեն ներմուծվել է ՀՀ կողմից՝ «ադրբեջանական տարածքների զավթումն իրականացնելու եւ այնտեղ վերահսկողություն ունենալու» նպատակով»,- այսօր «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» թեմայով զեկույցի ներկայացման ու պանելային քննարկման ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ նախորդող տարիների ընթացքում, երբ հակամարտության լուծման ուղիներ էին փնտրվում՝ հարց էր առաջանում՝ արդյոք Արցախի անկախության ինքնահռչակումն արդյունք է եղել ինքնորոշման իրավունքի արտահայտման, թե՞ այստեղ գործ ունենք տարածքային ամբողջականության իրավունքի խախտման հետ, երբ «երրորդ պետությունը զավթել է ադրբեջանական տարածք»։
Այս սահմանագիծը, Սիրանուշ Սահակյանի խոսքով, շատ կարեւոր է։ Կախված նրանից, թե ինչպիսի գնահատական կձեւավորվի, կամ կունենանք ազգերի ինքնորոշման իրավունք, որն ապօրինաբար բռնաճնշվել է Ադրբեջանի կողմից, կամ կունենանք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրավունքի խախտում», որի պատասխանատուն լինելու է Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանը նախկինում որեւէ ապացույց չէր կարողանում գեներացնել, բայց այս թեզերը մշտապես առաջ են քաշվել, այս թեզերն իրենց կենսունակությունը չեն կորցնում։ Հիմա այս դատավարությունների միջոցով, Սիրանուշ Սահակյանի խոսքով, Ադրբեջանն ըստ էության այդ ապացույցներն է հավաքում։
«Օրինակ՝ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ են պարտադրում որոշ ղեկավարների ասել, որ իրենք ցուցումներն ստացել են ՀՀ-ից, որ իրենք ինքնուրույն որոշում չեն կայացրել։ Սրա նպատակն այն է, որ ցույց տան, որ բոլոր մակարդակի որոշումները համաձայնեցրել են ՀՀ ղեկավարության հետ, եւ ՀՀ-ն ոչ թե պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, այլ իր վարչակազմի միջոցով «զավթել է» Արցախի տարածքը։ Նման ապացույցները, համոզված եմ, օգտագործվելու են միջազգային գործընթացներում։ Օրինակ՝ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հայց ունի միջազգային արբիտրաժային դատարանում։ Այս ցուցմունքների միջոցով իրենք բերելու ու հիմնավորելու են, որ Արցախում տնտեսական գործունեություն է ծավալել Հայաստանը։ Սա շատ վտանգավոր է, եւ ՀՀ-ն պետք է կարողանա հակազդել այս կեղծ թեզերին»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Սիրանուշ Սահակյանը նաեւ ասաց, որ Հայաստանը մասնակի է օգտվում այն լայն իրավական ու քաղաքական հնարավորություններից, որոնք առաջարկվում են արտաքին հարաբերություններում։ «Թերեւս ամենադրական քայլը, որն իրականացվել է, դա իրավական բազմաթիվ հայցերի ներկայացումն է, որոնց ճակատագրերն այս պահին ռիսկային են։ Հասկանալի է, որ այդ հայցերից հրաժարումը որեւէ կերպ չի բխում ՀՀ շահերից, դա կարող է բացառապես թելադրված լինել Ադրբեջանի կամ այլ ուժերի կողմից։ Բայց Հայաստանը ոչ բոլոր իրավական հարթակներից է պատշաճ օգտվում։ Մենք վավերացրել ենք Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի ստատուտը, բայց հետաքրքրական է, որ ճանաչել ենք դատարանի իրավազորությունը ոչ թե բոլոր հանցագործությունների, այլ երեք հանցագործությունների նկատմամբ, որոնք են մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունը եւ ցեղասպանությունը։ Բայց Միջազգային քրեական դատարանն իր ստատուտով նաեւ սանկցավորում է ագրեսիան։ Հայաստանի Հանրապետությունը հենց ադրբեջանական ագրեսիայի զոհ է, բայց ագրեսիայի իրավազորությունը ճանաչելու նպատակով պետք է լրացուցիչ փոփոխություններ ստորագրվեն ու վավերացվեն։ Եվ ՀՀ-ն այդ լրացուցիչ փաստաթղթերը չի ստորագրում ու վավերացնում, ինչը նշանակում է, որ իր երկրի տարածքում կատարված ագրեսիվ պատերազմի հարցը չի վերապահում Միջազգային քրեական դատարանին։ Այստեղ հարց է առաջանում՝ եթե 2021 թվականից ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, առաջխաղացել են, 2022 թվականին կատարել են նոր հանցագործություններ, եւ մենք մշտապես գտնվում ենք այդ սպառնալիքի ներքո, ինչո՞ւ ՀՀ-ն չի մեծացնում իր տարածքների եւ հայերի պաշտպանությունը, ինչո՞ւ քայլեր չի անում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը նաեւ ագրեսիայի համար ճանաչելու նպատակով։ Կարծում եմ՝ պատճառը բացառապես քաղաքական է»,- ասաց նա։
Սահակյանի խոսքով՝ նույնկերպ պասիվություն է նկատվում Միջազգային քրեական դատարանը գործարկելու հարցում։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ