1999 թվականի մարտի 11-ին Եվրոպական պառլամենտը ճանաչել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի լեգալությունը եւ լեգիտիմությունը։ Այս մասին այսօր «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» թեմայով զեկույցի ներկայացման ու պանելային քննարկման ժամանակ ասաց, միջազգայնագետ-քաղաքագետ, Արցախի պատմա-քաղաքական հարցերի հետազոտող Ստեփան Հասան-Ջալալյանը։
Անդրադառնալով արցախցիների վերադարձի հնարավորությանը՝ նա ասաց․ «Ինձ թվում է՝ վերադարձ բառն ասողները միտքը կիսատ են արտահայտում։ Երբ ասում եք արցախցիները պիտի վերադառնան, մի պարզ ու տրամաբանական հարց է ծագում՝ ի՞նչ կարգավիճակ պետք է ունենան այնտեղ։ Ալիեւն օրը 24 ժամ հայտարարում է, որ արցախցիները կարող են վերադառնալ բայց Ադրբեջանի սահմանադրության ներքո պետք է ապրեն։ Մեր կողմից, ինչպես նախորդ 35 տարիների ընթացքում վարվել է պարտվողական, թույլ ու զիջողական քաղաքականություն, շարունակվում է իրականացվել։ Բայց հայկական կողմն իր դիվանագիտական թղթածրարում ունի շատ ավելի զորեղ փաստեր ու փաստարկներ»։
Նա հարցադրում արեց․ «Վերադարձի առումով միջազգային հանրության մոտեցումը ո՞րն է»։ Հասան-Ջալալյանը հիշեցրեց, որ 2022 թվականի փետրվարին եւ հունիսին Եվրոպական պառլամենտն ընդունել է երկու բանաձեւ, որտեղ արձանագրել է, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը։ Եվ կոչ է արվել Մինսկի խմբին՝ վերադառնալ իր միջնորդական դերին։ 2023 թվականի հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է բանաձեւ՝ «Հումանիտար իրավիճակը ԼՂ-ում»։ Ի թիվս բազմաթիվ հայանպաստ ձեւակերպումների, որից Ադրբեջանի վարչակազմը հիստերիայի մեջ ընկավ, այնտեղ կա նաեւ մի շատ կարեւոր շեշտադրում՝ ուժի կիրառման հետեւանքով Արցախի հայության բռնագաղթն իր նախնիների հայրենիքից չպետք է համարվի որպես օրինականություն։ Միջազգային հանրության անդամ առանձին երկրներ նույնպես համարում են, որ կոնֆլիկտը չի կարգավորվել, եւ Արցախի հայությունը պիտի վերադառնա իր հայրենիք։ Մասնավորապես, 2024 թվականի դեկտեմբեր ամսին Շվեյցարիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը, իսկ 2025 թվականի մարտ ամսին՝ վերին պալատն ընդունել են համապատասխան բանաձեւեր։ Բանաձեւերը բանաձեւեր, բայց այդ բանաձեւերը խոսեցնելն ու ծառայեցնելը ոչ շվեյցարացին, ոչ ռուսը, ոչ ամերիկացին, ոչ որեւէ այլ պետություն ու անձ մեզ համար չի անելու։ Մենք պիտի գիտակցենք, որ միջազգային իրավական ակտերը, որոնք ընդունվում են ի շահ մեզ, մենք պետք է կապիտալիզացնենք։ Բայց այսօր Հայաստանի վարչակազմը բացեիբաց վարում է արցախատյաց քաղաքականություն։ Հիմա այս վարչակազմն ինչպե՞ս կարող է այս բանաձեւերը ծառայեցնել ի շահ Արցախի հայության վերադարձի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ