Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի զավթողական ծրագրերն ուղղված են ոչ թե միայն Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի, այլ ամբողջ ՀՀ դեմ, ներառյալ՝ Երեւանը»․ Տաթեւիկ Հայրապետյան

Ապրիլ 22,2025 14:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Միշտ այն թյուր կարծիքն է եղել, թե Ադրբեջանից հնչող ամբողջ ատելության խոսքը կապված է եղել միայն Արցախի հարցի ու Արցախի հայ ազգաբնակչության հետ։ Ես անձամբ Ալիեւի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներին հետեւել եմ վերջին 10 տարիների կտրվածքով, եւ այդ խոսույթը 2020 թվականի պատերազմից հետո էլ ավելի վտանգավոր ու ռիսկային է դարձել»,- այսօր «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» թեմայով զեկույցի ներկայացման ու պանելային քննարկման ժամանակ ասաց, պատմաբան, Ադրբեջանի ներքին քաղաքականության հարցերի հետազոտող Տաթեւիկ Հայրապետյանը։

«Հայերին կոչում են փախչող շներ, արյունարբու վանդալներ, բարբարոսներ, երբեմն նույնիսկ շնագայլեր։ Եվ այս տերմինաբանությունը ղեկավարվում է Ադրբեջանի ղեկավարի կողմից եւ տարածվում է պաշտոնյաների մակարդակով, ներառվում է լրահոսում, դասագրքերում։ Եվ ես այդ տեսակետից կուզեմ ցույց տալ, որ ատելության խոսքը զուգահեռվում է նաեւ զավթողական ծրագրերի հետ, որովհետեւ սովորաբար էթնիկ զտմանը, ցեղասպան գործողություններին պատմականորեն նախորդում է շատ ակտիվ ատելության արշավ։ Եվ 2020 թվականից հետո այդ ատելության արշավի շարունակականությունը փաստում է, որ Ադրբեջանը բավական վտանգավոր ծրագրեր ունի, որոնք ցավալիորեն մեզ մոտ ամբողջությամբ չեն գիտակցվում կամ չեն ներկայացվում»,- ասաց նա։

Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի իշխանությունների կողմից կրկին ակտիվ շրջանառության մեջ դրվեց այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» թեզը։ Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ արդեն 2022 թվականի դեկտեմբերի իր ելույթում Ալիեւը հայտարարեց, թե «այս տարածաշրջանում Հայաստան երբեք չի եղել»։

Տաթեւիկ Հայրապետյանն ասաց նաեւ, որ ուսումնասիրել է Ադրբեջանի հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերը, որոնք էական փոփոխություն են կրել 2020 թվականից հետո։ «Արեւմտյան Ադրբեջան զավթողական այդ ծրագիրը շրջանառության մեջ են դրել 2023-2024 թվականների հրատարակություններում։ Սա շատ հստակ մշակված զավթողական ծրագիր է, որն արդեն ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում ու բուհերում։ Այսինքն՝ այս խոսույթն ի սկզբանե բացառում է Հայաստանի հետ բարիդրացիականություն, խաղաղություն, հաշտեցում, որովհետեւ թեման մտել է հանրակրթական դպրոցներ ու այդպիսի սերունդ է դաստիարակվում»,- ասաց նա։ Մյուս կողմից Բաքվում ձերբակալում են խաղաղության մասին խոսողներին, տեղեկացրեց Տաթեւիկ Հայրապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով Բաքվում հայ գերիների շինծու «դատավարությանը»՝ Տաթեւիկ Հայրապետյանն ասաց․ «Մենք պետք է հասկանանք, որ այդ շինծու դատավարական գործընթացները, այնտեղ հնչող մեղադրանքները երկարաժամկետ ծրագրեր ունեն Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս գործընթացը զուտ մեր հայրենակիցների վերաբերյալ չէ, այս գործընթացը երկարաժամկետ է եւ ուղղված է ՀՀ դեմ։ Եթե կարդաք դատախազի այսպես կոչված «մեղադրական եզրակացությունները», դա ուղղված է ՀՀ դեմ։ Այս իրավիճակում, երբ իրենք պահանջում են միջազգային դատարաններից հայցերի հետքաշում, հայկական կողմը նույնիսկ չի կարողանում պահանջել, որպեսզի այդ ամբողջ շինծու դատավարություններն ուղղակի դադարեցվեն, եւ այդ մարդիկ ազատ արձակվեն։ Եթե Հայաստանը, ունենալով բավականին լուրջ ապացուցողական բազա, այսօր պատրաստ է հրաժարվել այդ հայցերից, բայց չի կարողանում պահանջել մեր հայրենակիցների ազատ արձակումը, դա նշանակում է, որ ամբողջությամբ իրականացվում է ուժի ու ուժի սպառնալիքի քաղաքականություն։ Հայաստանի իշխանություններն էլ սեփական անճարությունն ու անկարողությունը թաքցնելու համար դա ներկայացնում են որպես խաղաղության գործընթաց։ Բայց բոլորս էլ գիտենք, որ խաղաղությունն առանց արդարության չի կարող լինել։ Իսկ այս ամբողջ գործընթացն անարդարության, զավթողական ծրագրերի ու նպատակների մասին է։ Ուստի, ցավալիորեն պետք է արձանագրեմ, որ 2020 թվականից հետո հնարավորություններն ավելին են նվազել, այսօր արդեն Ադրբեջանի զավթողական ծրագրերը հստակ եւ աներկբա ուղղված են ՀՀ դեմ։ Եվ ոչ միայն Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի դեմ, այլ ամբողջ ՀՀ դեմ, ներառյալ՝ մայրաքաղաք Երեւանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930