Տելեգրամյան գրառմամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանում է՝ ինչից է սկսվել ԱԺ դահլիճում ընդհարումը:
Նա, մասնավորապես, գրել է.
«ԱԺ դահլիճում ընդհարումը սկսվել է այն բանից հետո, երբ ես, տեսնելով, որ «Հայաստան դաշինքի» ներսում բարձր խոսակցություններ են գնում, արձագանքել եմ, որ ներսում կարծես անհարթ են նույնիսկ իրար հետ, որից հետո Արծվիկ Մինասյանը դժգոհել է, որ ես իրավունք եմ ինձ վերապահում խոսել, իսկ ինքը բարձրախոսը չի կարողանում միացնել և խոսել, որից հետո Գառնիկ Դանիելյանն է միջամտել` առաջարկելով, որ ի հակառակ իմ` Մինասյանին նստելու պահանջին, անել հակառակը և չնստել, հետո այս խոսակցությանը միջամտել է հազարից մեկ դահլիճ մտնող Իշխանը, որն իր լկտի պահվածքով հրահրեց իրավիճակ ու իր նստատեղից հնարավորինս հեռու կանգնեց, իբր կարևոր գործով մարդ է ման գալիս:
Ինչպես տեսնում եք` ոչ մի կապ չկա և չի եղել նշված թեմայի վերաբերյալ: Ասեմ ավելին գրագետներին, ՀՀ քրեական օրենսգրքում արդեն վաղուց գոյություն ունի նման հոդված, և՛ ասվածը, և՛ հետագա մեկնաբանությունը սուտ են ու մանիպուլյացիա»։