Երեւան-Աշտարակ մայրուղին այսօր վաղ առավոտյան փակած Քասախի եւ Պռոշյանի բնակիչներից երեք օր ժամանակ խնդրեցին խնդրի լուծման ուղիներ փնտրելու համար:
Հիշեցնենք, որ բնակիչները պահանջում են իրենց համայնքները սպասարկող 25 եւ 59 համարի ավտոբուսները երթուղուց չհանեն:
Հիշեցնենք նաեւ, որ 25 եւ 59 համարի ավտոբուսների փոխարեն կառավարությունը որոշել էր երթուղի մտցնել «Մուլտիտրանսպորտ» ընկերության ավտոբուսները 250 եւ 200 դրամ արժեքով, եւ այս պարագայում տրանսպորտը հասնելու է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ: Բացի դրանից, վերջին տրանսպորտը քաղաքից շարժվելու է 19:30-ին։ Ցուցարարները նշում են, որ բացի թանկացումը, մեծ դժվարությամբ աշխատանքի հասնելուն զուգահեռ՝ եւս մեկ խնդիր է լինելու երեկոյան ժամերին տուն հասնելը:
Կարդացեք նաև
«Հիշում եք չէ՞, ժողովուրդ ջան, որ երթից առաջ պատկան մարմիններից խնդրեցի՝ ականջները բացեն: Նրանք իրենց ականջները բացեցին: Կարեւորը, որ սկսեցին մեզ լսել: Եթե սկսում են մեզ լսել, արդեն իսկ լուրջ տեղաշարժ է: Առաջարկությունը հետեւյալն է. մեզնից երեք օր ժամանակ են խնդրում, որ մենք՝ Քասախ եւ Պռոշյան համայնքների ներկայացուցիչներս, նորից գնանք տարածքային կառավարման նախարարություն ու հանդիպենք իրենց: Մենք էմոցիաներով չենք շարժվում: Կարծում եմ՝ կվստահեք համայնքների ներկայացուցիչներին: Որեւէ մի բան առանց ձեր կարծիքը հարցնելու, ոչինչ չի լինելու»,- հայտարարեց Քասախի բնակիչը:
-Ոչ մի երեք օր, երեք օր հետո այս մարդիկ էլի իրենց բանն ու գործը կթողնեն ու կգան, կկանգնե՞ն այստեղ,- այսպես արձագանքեց մի ցուցարար:
-Հենց այսօր, ինչի՞ համար երեք օր: Էս մի ամիս է՝ արդեն էս վիճակում ենք, էլի՞ երեք օր,- շարունակեց մեկ այլ ցուցարար:
Քասախի բնակիչը ցուցարարներին հանգստացրեց, որ տրանսպորտը ոչ միայն այդ երեք օրվա ընթացքում է աշխատելու, այլ միշտ է աշխատելու:
«Ուղղակի ձեզ խնդրում ենք երեք օր համբերել ու դուք կտեսեք ձեր հաղթանակի լիարժեք կատարումը»:
Թեեւ ցուցարարները անհամբեր էին ու երեք օր սպասելու անհրաժեշտություն չէին տեսնում, սակայն վերջնական որոշում ընդունվեց՝ սպասել եւս երեք օր ու գնալ կառավարության հետ հանդիպման:
Իսկ Պռոշյանի ներկայացուցիչ Սերգո Մուրադյանը հայտարարեց, եթե այդ հանդիպումից էլ վերադառնան իրենց հարցը չլուծված, ապա թող ոչ մեկը չկասկածի, որ երկու համայնքի բնակիչներն ավելի համախմբված կգնան նոր ու ավելի կոշտ գործողությունների:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ