Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱԿ-ի 4 բանաձեւերից որեւէ մեկում արձանագրված չէ, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, աշխարհին ընկալելի էր, որ այս դեպքում գոյություն ունի ինքնորոշման իրավունք»․ Սիրանուշ Սահակյան

Ապրիլ 22,2025 13:52

«1990-ական թվականներին ՄԱԿ-ը քննարկել է ԼՂ հակամարտությունը, ունի 4 բանաձեւեր, եւ այդ բանաձեւերից որեւէ մեկում արձանագրված չէ, որ Արցախն Ադրբեջանի տարածք է։ Այնտեղ խոսում են շրջանների մասին, քննարկման առարկա է հայկական զորքերի ներկայությունը։ Այդ բանաձեւերին հղում անելով՝ մենք ասում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է՝ Արցախի անկախության ինքնահռչակումը համապատասխանել է միջազգային իրավունքին»,- այսօր «Ատելության խոսքը Ադրբեջանում. հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները» թեմայով զեկույցի ներկայացման ու քննարկման ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Նա հավելեց, որ մինչեւ 1990-ական թվականները, երբ ընդունվեցին այդ 4 բանաձեւերը, տարբեր հակամարտություններ հայտնվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեղանին։ Եվ այդ ընթացքում ՄԱԿ-ը փորձել է հասկանալ՝ արդյոք անկախության հռչակումը խախտե՞լ է միջազգային իրավունքը, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը, թե՞ ոչ։ «Եվ երբ արձանագրել է, որ խախտում կա, օգտագործել է մի հզոր գործիք, որը կոչվում է կոլեկտիվ չճանաչման պահանջ։ Եվ այդօրինակ բանաձեւերում դուք կգտնեք ձեւակերպումներ, որ անկախության ինքնահռչակումն անվավեր է, խախտել է միջազգային իրավունքը, եւ որեւէ պետություն իրավունք չունի ճանաչել այն որպես անկախ հանրապետություն։ Հիմա հարց՝ ինչո՞ւ Արցախի հարցը քննարկելիս, երբ որ այս գործիքը շատ հայտնի էր Անվտանգության խորհրդին եւ բազմաթիվ դրվագներով կիրառություն ուներ, այդ մասին չգրվեց։ Ինչո՞ւ Անվտանգության խորհուրդը չնշեց, որ ինքնահռչակումը եղել է անվավեր, եւ արգելվում է որեւէ պետության՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ինքնուրույն պետություն։ Մի պարզ պատճառով, որովհետեւ աշխարհին ընկալելի ու հասկանալի էր, որ այս դեպքում գոյություն ունի ինքնորոշման իրավունք։ Եվ այդ հակամարտության լուծման նպատակով էլ Անվտանգության խորհուրդը լեգիտիմացրեց արդեն իսկ ձեւավորված ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն ակնկալիքով, որ հարցն ունենալու է իր խաղաղ լուծումը»,- ասաց նա։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանն անցած տարիներին մերժեց իրավական լուծման հնարավորությունները եւ դիմեց ռազմական ուժի կիրառմանը։ Սա ամբողջովին տեղավորվում էր Ալիեւի քաղաքականության մեջ։ «Պատերազմն անխուսափելիորեն կապված էր անձի իշխանության եւ գործունեության հետ։ Արտաքին թշնամու կերպարը Ալիեւի կողմից դեռ սերմանվում է ադրբեջանական հասարակությունում, ինչը հավելյալ ապացույց է, որ իշխանության գոյատեւման եւ ձեւավորման հիմքում ընկած է հենց պատերազմ կոնցեպտը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930