Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհ փակելով եկան իշխանության, չէ՞, այնպես չանեն, որ ճանապարհ փակելով էլ ռադ լինեն. Պռոշյանի բնակիչ

Ապրիլ 22,2025 13:19

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր վաղ առավոտից Պռոշյանի եւ Քասախի բնակիչները կրկին փակեցին Երեւան-Աշտարակ մայրուղին:

Բնակիչները պահանջում են երթուղի մտցնել իրենց համայնքները սպասարկող25 եւ 59 համարի ավտոբուսները:

Հիշեցնենք, որ Պռոշյանի բնակիչները պայքարում են 25 համարի ավտոբուսի երթուղու կրճատման եւ նոր՝ ավելի թանկ երթուղի մտցնելու դեմ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը՝ 250 եւ 200 դրամ արժեքով, եւ այս պարագայում տրանսպորտը հասնելու է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ: Բացի դրանից, վերջին տրանսպորտը քաղաքից շարժվելու է 19:30-ին։ Ցուցարարները նշում են, որ բացի թանկացումը, մեծ դժվարությամբ աշխատանքի հասնելուն զուգահեռ՝ եւս մեկ խնդիր է լինելու երեկոյան ժամերին տուն հասնելը:

Պռոշյանի բնակիչ Սերգո Մուրադյանը Aravot.am-ին ասաց, որ իշխանությունները՝ լսելով նախորդ օրվա իրենց հայտարարությունը, որ այսօր փակելու են մայրուղին, նշված ավտոբուսները երեկ ու այսօր թողել են գծում՝ չնայած արդեն նախապես որոշում կար, որ այսօրվանից 25 եւ 59 համարի ավտոբուսները նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտից շրջադարձ էին կատարելու ու վերադառնային Երեւան:

Այսօր մայրուղին փակած բնակիչները պահանջեցին մարզպետին կամ իշխանության այլ ներկայացուցչի գալ իրենց մոտ ու պատասխան տալ իրենց կայացրած որոշումների վերաբերյալ:

«Պռոշյանի հարցը մասամբ է լուծվել, եղել է կառավարության շենքի ներսում: Փափուկ բարձ դնելով մեր գլխի տակ՝ ասացին, որ 25-ի վերջնակետը կլինի նախկին ՊՆ-ի մոտ, այդտեղից ավտոբուսը՝ շրջադարձ կատարելով կվերադառնա: Բացատրեցինք, որ մայթեզր չկա այդ հատվածում, առաջարկեցինք 300 մետր առաջանալ Պռոշյանի կամարի մոտ, այդտեղ էլ շրջադարձի տեղ կա: Մեզ մարդավարի խոստացան հարցը լուծել: Այսօր կանգնել ենք փաստի առաջ, խաբեցին մի ողջ երկու համայնքի ժողովրդի: Այս երկու համայնքն այն համայնքներն են, որ այնքան զոհեր ու հերոս տղաներ ունի տված: Իշխանությունները թող զարթնեն քնից, մարդ գտնվեն: Հերիք եղավ: Այսօրվա իշխանությունը ճանապարհ փակելով է, չէ՞, իշխանության եկել: Այնպես չանեն, որ ճանապարհ փակելով էլ այդ իշխանությունները ռադ լինեն, հերիք է»:

Մեկ այլ բնակիչ էլ հարցրեց՝ արդյոք բարելավվե՞լ է այն խոցելի խավերի կյանքը, որոնք նվազագույն աշխատավարձ ու նվազագույն կենսաթոշակ են ստանում, իսկ հանրային տրանսպորտից օգտվում են հենց այդ խավի բնակիչները:

Քասախի ու Պռոշյանի բնակիչները նաեւ այսօր հայտարարեցին, որ այսուհետեւ միասին են գործելու ու միասնական: Դեպքի վայրում մեծաթիվ ոստիկաններ էին հավաքվել՝ բնակիչներին տեղեկացնում էին ազատել ճանապարհը, չխոչընդոտել այլ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը՝ հակառակ դեպքում կկիրառեն ուժ:

Ի դեպ, այսօր ցույցի դուրս եկած մի շարք քաղաքացիներ լրագրողներին պատմում էին, որ իրենց զանգերով հորդորել են այսօր դուրս չգալ փողոց՝ սպառնալով ոստիկանների կողմից բռնի ուժով ճանապարհները բացելու որոշմամբ:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930