Լրահոս
Օրվա լրահոսը

Չգիտեմ, թե Սնուփ Դոգը կամ Ջենիֆեր Լոպեսն ինչ մշակութային իրավիճակ կարող են ստեղծել Հայաստանում: Չեմ տեսնում համակցման կետը մեր իրականության հետ. Վահան Արծրունի. «Հրապարակ»

Ապրիլ 22,2025 11:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
03:56
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Թաթուլի` Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգը մի քանի օր է՝ փոթորկել է համացանցն ու օգտատերերին: Երաժիշտ, երգահան Վահան Արծրունին ասում է` շատ կարեւոր է, թե ինչպես ենք դիտարկում այս իրողությունը:

Վ. Արծրունու կարծիքով, հիմնական արձագանքն ու քննադատություններն առաջացան այն պատճառով, որ հասարակության գիտակից մասը վերջապես առերեսվեց այն մշակութային իրականության հետ, որը գեներացվել է երկրում վերջին 37 տարիների ընթացքում. «Այդ առերեսումն առաջացրեց բնական ռեակցիաներ, դրսեւորումներ, որը կարող է ունենալ իրականությունը վերլուծող, մտածող զանգվածը: Իսկ այն զանգվածը, որն ընդունում է այդ երեւույթը, սրա մեջ տեսնում է միայն ժամանցի եւ ուրախության առիթ ու չի խորանում, ավելին` չի էլ կարող, քանի որ մասնակից է այս ընդհանուր անկմանը՝ որպես այդ ենթամշակույթի հիմնական սպառողն ու սնողը: Այսինքն, այդ հազարավոր մարդիկ, ովքեր պատրաստ են մասնակցել այդ համերգին, պատրաստ են նաեւ ֆինանսապես սնել այդ երեւույթը` պետությունից անկախ, որովհետեւ պետությունը մշակութային իրականությանն այլ ալգորիթմով է մոտենում: Պետությունը, որպես հիմնական դոնոր, զբաղված է լրիվ հակառակ բաներով` թատրոններ է փակում, նոր առաջնահերթություններ է առաջ քաշում, օրինակ՝ իմացաբանակա՞ն, թե՞ իրական Հայաստան, փորձում է դիսկուրս ստեղծել այնպիսի տարածքներում, որտեղ այդ դիսկուրսը մի քանի հարյուր կամ հազար տարի առաջ է կայացել ու իր լուծումը ստացել»:

Ինչպես նկատում է Վ. Արծրունին, պետությունը, բացի դրանից, գեներացնում է նաեւ որոշակի այլ իրականություն՝ հիմնվելով ոչ թե ներքին, այլ դրսի ռեսուրսի վրա։ «Այսինքն՝ փորձում է միջամտել այս ընթացքներին` հրավիրելով Սնուփ Դոգին կամ այս պարագայում արդեն` Ջենիֆեր Լոպեսին: Մինչդեռ, որպես այդպիսին, ձեւավորված ներքին անհրաժեշտություն կամ հասարակական պահանջ գոյություն չունի, այդ իմպերատիվը գեներացնում է միայն կառավարությունը՝ իր կաբինետներում: Ու սա պետք է հասկանալ այս երեւույթների համակարգման համատեքստում, որովհետեւ պետությունը, ամեն պարագայում, ունի մշակութային որոշակի քաղաքականություն, իսկ այդ քաղաքականությունն էլ իր բոլոր դրսեւորումներն ունի, այսինքն՝ պետական տիրույթում հանդես են գալիս որպես հիմնական պատվիրատու, որտեղ կան յուրայիններ, որոնք վերջին 7 տարիների ընթացքում ամենայն պատրաստակամությամբ ծառայում են եւ մասնակցում են բոլոր պետական միջոցառումներին։ Նաեւ դժվար չէ նկատել, թե ովքեր են նրանք, քանի որ հղկված թիմ կա այդտեղ: Եվ 2-րդ. այդ մարդիկ փորձում են դրսից բերել` իրենց պատկերացումներով, որոշակի պերսոնաժներ, որոնք պետք է առաջացնեն գոնե ինձ համար անհասկանալի ալգորիթմներով հանրային դրսեւորումներ, որովհետեւ ես անձնապես չգիտեմ, թե Սնուփ Դոգը կամ Ջենիֆեր Լոպեսն ինչ մշակութային իրավիճակ կարող են ստեղծել Հայաստանում: Ես, իհարկե, շատ լավ գիտեմ իրենց երգածը, ու թե ինչ է դա իրենից ներկայացնում, բայց ես չեմ տեսնում համակցման կետը մեր իրականության հետ»,-նշում է զրուցակիցս:

Իրականությունն այն է, որ երկրում կայանում են որոշակի մշակութային ընթացքներ, որոնք, ըստ Արծրունու, պետության վերահսկողությունից դուրս են. «Մեզ թվում էր, որ սրանք տարերային բնույթ ունեն, նկատի ունեմ` ռաբիսի հաստատումն ամենամասսայական կառույցների բեմերի վրա, ընդ որում` պետական: Միաժամանակ իրենց անկախ լինելու կարգավիճակը, որովհետեւ բոլորովին պետությունից կախված չեն եւ իրենք իրենց զանգվածն ունեն, որը պատրաստ է ֆինանսավորել այդ ամենը: Հիմա, երբ գիտակից մասն առերեսվեց այս իրողությունների հետ, դա, բնականաբար, առաջացրեց լուրջ դիսկուրս»:

Ցանկացած իրողություն, ըստ երաժշտի, այս իշխանությունը բանաձեւում է իր իմացածի չափով. «Օրինակ, իրենք զգում են անհրաժեշտությունը կրթության մեջ եւ բանաձեւում են դա «կրթվելը նորաձեւ է» կարգախոսով, այսինքն՝ այդ մարդիկ այլ բանաձեւում չեն կարող տալ, որովհետեւ կրթությունն ընկալում են այդ հարթության մեջ եւ, բնականաբար, տալիս են այդ բանաձեւումը: Ու ավելին չես կարող պահանջել, որովհետեւ երբ հետեւում ես, թե ինչ կոնտինգենտ է հավաքվում այդ հանդիպում-միջոցառումներին, տեսնում ես, որ իրապես կրթության կարիք ունեն: Եվ, ուրեմն, ավելի խորը, հիմնավորված բաներ պետք չէ սպասել այդտեղ, որովհետեւ իրենց ձեռքի տակ գտնվող ինտելեկտուալ, մասնագիտական, մարդկային ռեսուրսը թույլ է տալիս ընդամենը այս մակարդակներում բանաձեւել խնդիրները եւ նպատակները»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930