Լրահոս
Օրվա լրահոսը

Չկան հստակ վերահսկողական խստորեն գործող մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել, որ շինարարությունը կատարվի գործող նորմերի և ստանդարտների համաձայն. «Փաստ»

Ապրիլ 22,2025 10:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառուցապատողներն ու միջնորդական օղակները հաճախ շահագրգռված են գների անհարկի բարձրացման մեջ՝ նպատակ ունենալով կարճաժամկետ հեռանկարում առավելագույն շահույթ ստանալ։ Սա անշարժ գույքը դարձնում է առավել անհասանելի շարքային քաղաքացիների համար։

Դրան զուգահեռ՝ աճում են կառուցապատող ընկերությունների սնանկացման դեպքերը։ Մեծամասամբ այս սնանկացումները տեղի են ունենում կասկածելի հանգամանքներում, երբ ընկերություններն ուղղակի դադարում են կատարել իրենց պարտականությունները։ Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ, որոնք մեծածավալ վարկեր էին վերցրել իրենց ուսերին՝ բնակարան գնելու նպատակով, կանգնում են կոտրված տաշտակի առաջ։ Պատճառն այն է, որ երաշխիքներ չեն ստեղծվում շինարարական գործընթացի պատշաճ իրականացման հետ կապված։

Ինչպես այս խնդիրը, այնպես էլ բազմաթիվ թերացումներ կապված են կոնկրետ պետական վերահսկողության թերի համակարգի հետ։ Չկան հստակ վերահսկողական օրենսդրական, վարչական ու ֆինանսական խստորեն գործող մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել, որ շինարարությունը կատարվի գործող նորմերին և ստանդարտների համաձայն։ Շատ կառուցապատողներ շինարարական գործընթացում օգտագործում են ավելի էժան նյութեր, խուսափում են սեյսմիկ պաշտպանությամբ պայմանավորված ծախսերից, ինչը կարող է խիստ վտանգավոր լինել երկարաժամկետ հեռանկարում։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանը երկրաշարժավտանգ գոտում է գտնվում, և այս իրողությունը պահանջում է սեյսմիկ անվտանգության բարձր չափանիշների պահպանություն։ Սակայն այս հարցում ևս հստակ վերահսկողություն չկա։ Տասնյակ շենքեր շահագործման են հանձնվում առանց պատշաճ սեյսմիկ փորձաքննության։

Մյուս խնդիրը վերաբերում է շինարարական ծավալների կենտրոնացմանը Երևանում, որը լուրջ խնդիր է տարածքային համաչափ զարգացման համատեքստում։ Մարզերում նորակառույց շենքերն ընդամենը հաշված թվով են, իսկ գոյություն ունեցող բնակֆոնդը՝ հիմնականում խիստ հնացած։ Շատ շենքեր էլ դեռևս շահագործվում են, բայց շահագործումից դուրս հանելու ենթակա են։ Այդուհանդերձ, մարզերում կառուցվող բնակարանների գները նույնպես բավական բարձր են՝ հաճախ նույն մակարդակի վրա, ինչ մայրաքաղաքի ծայրամասերում։ Այս երևույթը բնակիչներին մղում է նախընտրել Երևանը կամ մերձմայրաքաղաքային տարածքները՝ ավելի զարգացած ենթակառուցվածքների ու հնարավորությունների պատճառով։ Բայց այսպիսի քաղաքականությունը խիստ վտանգավոր է երկրի զարգացման տեսանկյունից, քանի որ միտված է բնակչության գերկենտրոնացմանը, որը կարող է հանգեցնել մարզերի դատարկմանը և ներքին միգրացիոն հոսքերի ակտիվացմանը։

Հիպոտեկային շուկայի զարգացումը թեև սկզբնական շրջանում դրական ազդակ էր տնտեսության համար, սակայն ներկայում դարձել է ռիսկային ոլորտ։

Այս ֆոնին անհրաժեշտ է, որ պետությունը մշակի ռիսկերից պաշտպանող մեխանիզմներ՝ ապահովագրական համակարգեր, պետական երաշխիքներ, և որոշ դեպքերում՝ նպատակային սուբսիդավորում։ Պետական քաղաքականությունը պետք է ունենա հստակ ռազմավարություն՝ ուղղված շուկայի կայունացմանը, քաղաքացու շահերի պաշտպանությանը և տարածքային հավասարաչափ զարգացման ապահովմանը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930