Լրահոս
Օրվա լրահոսը

Շահ կարող է լինել, եթե խոսում ենք կոմունիկացիաների բացման գլոբալ նախագծից. 40 կմ-անոց տարացիկ ճանապարհը զուտ ֆինանսական տեսանկյունից Հայաստանին ոչինչ չի տալու. Գագիկ Աղաջանյան. «Հրապարակ»

Ապրիլ 22,2025 10:28

Կոմունիկացիաների ապաշրջափակման, Սյունիքով Նախիջեւանի հետ «անխոչընդոտ» ճանապարհի թեմայով զրուցել ենք «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանի հետ:

– Ադրբեջանը Սյունիքով, այս­պես կոչված, միջանցք կամ «անխոչընդոտ» ճանապարհ է պահանջում: ՀՀ իշխանությունների վերջին հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ դեմ չեն, ավելին` պարզեցված ընթացակարգերի առաջարկներ են ուղարկել: Խոսքը երկաթուղու 40-45 կմ հատվածի մասին է: Դա ի՞նչ է տալու Հայաստանին:

– Հիշենք 44-օրյա պատերազմի օրերը, երբ թուրքական պետական հեռուստաընկերությամբ թուրք քաղաքագետը քարտեզի վրա ցույց էր տալիս ու հայտարարում էր, որ հենց այս պահին թուրքական բանակը՝ ատամներով, ժանիքներով Զանգեզուրով ճանապարհ է բացում դեպի Նախիջեւան՝ միացնելով ողջ թուրքական աշխարհը: Այդ ժամանակ Թուրքիայի տրանսպորտի նախարար Իսմայլօղլուն հայտարարեց. երբ Զանգեզուրի միջանցքի հարցը լուծվի այն տեսքով, որն իրենք են պատկերացնում, Թուրքիան անմիջապես սկսելու է Կարս-Նախիջեւան երկաթուղու կառուցումը: Այստեղ եկեք նայենք կոմունիկացիաները. ՀՀ-ն խորհրդային տարիներին, ըստ էության, երկաթուղային խաչմերուկ էր Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, որովհետեւ, բացի Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ուղիղ կապից, մյուս բոլոր կոմունիկացիաներն անցնում էին Հայաստանով՝ Ադրբեջանից Թուրքիա, Վրաստանից Թուրքիա, Վրաստանից Իրան, նույնիսկ Ադրբեջանից Իրան երկաթուղին Հայաստանով էր անցնում: 2007-2017թթ․ ընթացքում` 10 տարում կառուցվեց Կարս-Ախալքալաք-Թիֆլիս երկաթուղին, եւ Հայաստանն արեւմուտքից շրջանցվեց: 44-օրյա պատերազմից օրեր առաջ Բաքվում Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ հուշագիր ստորագրվեց, որով Ադրբեջանը երաշխավորեց, որ Դերբենդից ռուսական երկաթուղին Բաքվով՝ Ռեշտ-Աստարա երկաթուղով միանալու է իրանական երկաթուղուն, այսինքն՝ Հայաստանը շրջանցվեց նաեւ արեւելքից: Այդ ճանապարհի երաշխիքը տրվեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը լուրջ խնդիր ուներ ուկրաինական ճակատում` բոլոր կողմերից շրջափակվում էր եւ ո՞ւր պետք է դուրս գար՝ դեպի հարավ, Եվրոպան փակված էր, Միջին Ասիան Չինաստանն է` նրա հետ խոսելը դժվար է, ավելի հեշտ կլիներ խոսել Իրանի եւ Թուրքիայի հետ: Այդ երկաթուղով Ադրբեջանը ՌԴ-ին երաշխավորված ճանապարհ տվեց դեպի Իրան, իսկ դա նշանակում է Պարսից ծոց, արաբական աշխարհ, Հնդկաստան: Դրա դիմաց Ադրբեջանը ստացավ Ղարաբաղը: Հիմա երկրորդ փուլն է սկսվել, ասում են՝ տուր ինձ Զանգեզուրը, ես քեզ երկաթուղով ճանապարհ կտամ դեպի Թուրքիա: Պատկերացնո՞ւմ եք՝ տնտեսական ինչ պոտենցիալի տեղ կա՝ 140 մլն-անոց ազգաբնակչությամբ երկրի եւ 2 պետության միջեւ, որոնց բնակչությունը միասին մոտավորապես 160-170 մլն է: Էլ չեմ ասում այդ պետությունների տարանցիկ պոտենցիալը: Խնդրում եմ չմոռանալ, որ Ռեշտ-Աստարա հատվածի փողերը ռուսները տվեցին, Իրանը երկար տարիներ չէր կարողանում դա անել, որովհետեւ իրոք բարդ  շինարարության՝ կամուրջների, լեռներով անցնող ճանապարհի մասին է խոսքը: Հիմա վերադառնանք Կարս-Նախիջեւան ճանապարհին. Արաքսից հարավ՝ մեր՝ Գյումրի-Երեւան երկաթուղուն զուգահեռ Հայաստանի հարավով երկրորդ ճանապարհն է կառուցվելու, եւ Հայաստանը շրջանցվելու է նաեւ հարավից, իսկ դա հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե մենք Ադրբեջանին Սյունիքով ճանապարհ տանք: Մենք դիմացն ի՞նչ պետք է կարողանայինք ստանալ` գոնե երաշխիք, որ Նախիջեւան գալուց հետո Հայաստանով անցնող մոտ 200 կմ ճանապարհն օգտագործվեր, գոնե ինչ-որ բան շահեինք, բայց Ադրբեջանը դրա վրա թքած ունի: 40 կմ-անոց տարացիկ ճանապարհը զուտ ֆինանսական տեսանկյունից Հայաստանին ոչինչ չի տալու, եթե խոսքը միայն դրա մասին է:

– Այսինքն՝ այն տնտեսական օգուտը, որի ակնկալիքը փորձում են ստեղծել իշխանությունները, հորինված է:

– Որպեսզի պատկերացնեք. ՀՀ երկաթուղով՝ Երեւան կայարանից մինչեւ Այրում՝ 310 կմ հատվածի համար մեկ տոննա բեռ փոխադրելու համար մենք վճարում ենք մոտ 24-25 դոլար, հաշվարկենք, թե 40 կմ-ի համար այդ գումարն ինչքան կլինի, բայց երկաթուղու համար մի հասկացություն էլ կա՝ 50 կմ-ից ներքեւ տարիֆ գոյություն չունի, ֆիքսված գումար է՝ 5-6 դոլար՝ ամենաշատը: Հիմա, քանի՞ տոննա բեռ պետք է փոխադրվի այդ 40 կմ հատվածով, որ Հայաստանն օգուտ ստանա, ի դեպ, 6 դոլարը չի նշանակում, որ հենց այդքան էլ դնում ես գրպանդ, երկաթուղին հոսանք է ծախսում, սպասարկում է պահանջում, այսինքն՝ լավագույն դեպքում քո շահույթը 1-1.5 դոլար է: Հիմա մեկ այլ հարց․ իսկ քանի՞ տոննա բեռ կարող է առհասարակ տեղափոխվել այդ երկաթուղով: Երբ Կարս-Ախալքալաք երկաթգիծն էր կառուցվում` բիզնես պլան էր ներկայացվել, որով Կարս-Ախալքալաք-Թիֆլիս երկաթուղին սկզբնական շրջանում տարեկան պետք է փոխադրեր 6 մլն տոննա բեռ եւ 1 մլն ուղեւոր, ցուցանիշը մինչեւ 30-ականները պետք է 17 միլիոնի հասներ, բայց 2 տարի անց՝ 2019-ին, Կարս-Ախալքալաք երկաթուղով բեռնափոխադրումների ծավալն ընդա­մենը 275 հազար տոննա էր, պատկերացնո՞ւմ եք՝ նախատեսվածից 40 անգամ պակաս: Ավելին ասեմ․ 4 տարի անց՝ 2021-ին, Ադրբեջանի  տրանսպորտի եւ կոմունիկացիաների նախարար Նաբիեւը տարին ամփոփելով հայտարարեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով փոխադրվել է 1 մլն 300 հազար տոննա բեռ, այսինքն՝ նախատեսվածից 20 անգամ պակաս: Սա նշանակում է, որ  երկաթգիծը չի աշխատում: Այդ երկաթուղու վրա մեկ միլիարդից ավելի գումար ծախսվեց, այն դեպքում, երբ նախատեսված էր 400 մլն: Հսկայական գումարներ արդեն իսկ ծախսվել են, Հայաստանը շրջանցող այդ երկաթգիծը գոյություն ունի, կա, բայց հարց՝ կա՞ն այդ բեռները, որոնց համար հիմա էլ ուզում են 200 միլիոն ծախսել ու Կարսից Նախիջեւան երկաթուղի կառուցել: Իհարկե՝ ոչ, դա պարզապես Հայաստանը բոլոր կողմերից շրջանցող ծրագիր է, որին խանգարում է մեկ հատված, որը կոչում են Զանգեզուրի միջանցք, որն այսօր ցանկանում են ստանալ: Հարց կարող է առաջանալ՝ գուցե դա Նախիջեւանի տնտեսությունը զարգացնելո՞ւ համար է: Նախիջեւանը 400 հազար բնակչություն ունի, չունի այնպիսի տնտեսություն, որը նման բեռնափոխադրումների կարիք ունենա, մի որոշ քանակի մարմար ունի: Բացի այդ, Նախիջեւանն ունի երկաթուղային կապ Իրանի հետ, ավտոճանապարհ Թուրքիայի հետ, Իրանի հետ, այսինքն՝ նրա տնտեսության համար լրացուցիչ երկաթուղային կապ Ադրբեջանի հետ հարկավոր չէ: Ես բազմիցս այս մասին խոսել եմ՝ ՀՀ-ն միակողմանի պետք է հայտարարի, որ Նախիջեւանի հետ ճանապարհը բացում է Երասխով: Խնդրեմ՝ մենք այս երկաթուղով հասնում ենք Փոթի նավահանգիստ եւ դուրս ենք գալիս աշխարհ: Ձեզ պաշտոնական թվեր բերեցի՝ չկան այդ բեռները, որոնց համար Նախիջեւանի հետ երկաթուղային կապ է հարկավոր: Այդ ճանապարհը մեզ համար չէ, այն տարանցիկ հարեւանների համար է, մենք այդ հատվածից չենք կարող շահել, եթե խոսքը միայն դրա մասին է: Այսինքն, որպես զուտ առանձնացված, մեկուսացված պրոյեկտ, միանշանակ՝ ոչ: 200 միլիոն ենք ծախսելու, որ երկաթուղի կառուցենք, տարին մեկ միլիո՞ն ունենանք, դա էլ չենք ունենալու, որովհետեւ այդ նույն երկաթգիծը  200 տարի չես կարող շահագործել, պետք է վերականգնես, գումար ծախսես: Ես չեմ տեսնում այստեղ շահ, մենք այդ շահը չունենք: Շահ կարող է լինել, եթե խոսում ենք կոմունիկացիաների բացման գլոբալ նախագծից: Երբ ասում են՝ խաղաղության խաչմերուկ, ցավոք, բացի թղթից, դրանում ոչինչ չկա: Իհարկե, լավ կլինի, որ մենք խաչմերուկ լինենք, բայց խաչմերուկը շրջանցել են, մենք խաչմերուկ էինք 30 տարի առաջ, այսօր մնացել է մի տեղ Հայաստանը շրջանցելու՝ հարավից:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930