Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրանալով անցյալը, կկորցնենք ապագան». ինչ միջոցառումներ են նախատեսվում Իրանում` ապրիլի 24-ին

Ապրիլ 21,2025 22:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայոց ցեղասպանության 110֊րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ կազմակերպելու նպատակով Իրանի հայաբնակ քաղաքներում ստեղծվել են եկեղեցական կամ միջմիութենական հանձնախմբեր։

Կենտրոնական հանձնախմբերը ստեղծվել են Թեհրանում, Նոր Ջուղայում և Թավրիզում, որոնք տեղակայված են առաջնորդանիստ եկեղեցիներում։ Հանձնախմբերն այս տարվա քարոզչական բնաբան են ընտրել «Ուրանալով անցյալը, կկորցնենք ապագան» կարգախոսը։ Ավանդության համաձայն նախ համայնքների դպրոցականները սկսած 15 ապրիլից հերթով այցելում են եկեղեցիների բակում տեղադրված Ցեղասպանության հուշարձան և ծաղիկ են մատուցում։ Համայնքի անդամներն ապա Պոլսի հայ մտավորականների ձերբակալության հիշատակին` ապրիլի 23֊ի երեկոյան հավաքվում են եկեղեցիների բակում, կատարում են մոմավառություն և ծաղկեմատույց։

Համայնքային կենտրոնական ծրագրերը տեղի կունենան ապրիլի 24֊ին։ Թեհրանի հայոց թեմի թելեգրամյան էջից տեղեկանում ենք, որ Թեմական խորհրդի նախաձեռնությամբ ապրիլ ամսվա սկզբին ստեղծվել է միջմիութենական հանձնախումբ, որը մշակել է այս տարվա միջոցառումների ժամանակացույցը։ Համաձայն այդ ծրագրի ապրիլի 24֊ի առավոտյան Թեհրանի Սբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա եկեղեցական արարողություն, փառաբանական աղոթք, ծաղիկների մատուցում և համահավաք։

Նույն օրը երեկոյան «Արարատ» մարզավանում տեղի կունենա ջահերով երթ, գեղարվեստական ելույթ և բանախոսություն։ Տարբեր միություններում մինչև մայիսի 22֊ը տեղի կունենան ոգեկոչման արարողություն, դասախոսություն, ֆիլմի ցուցադրում, գրքի ներկայացում, գեղարվեստական հայտագիր։

Հայ բարեգործական ընդհանուր միության սրահում տեղի կունենա աշակերտների նկարչական ցուցահանդես «Ոչ մշակութային ջարդին» անվանումով։ Միջոցառումներ տեղի կունենան «Արարատ» կազմակերպության սրահում, «Սիփան», «Սարդարապատ», «Նայիրի», «Իրանահայ ազգային-մշակութային», «Հայ կին», «Արմենուհի», «Անի», «Թեհրանի Փերիոյ կրթասիրաց», «Չհարմահալ», «Ռոստոմ երիտասարդական» միություններում, «Րաֆֆի» համալիրում, եկեղեցիների դահլիճներում։

«Հայ կին» միությունում կներկայացվի ֆեթիե Չեթինի գրքերը, ԻԱՄՄ֊ում դասախոսություն կներկայացվի «Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը նոր լույսի տակ` Արցախից մինչև Պաղեստին» թեմայով։

Ամեն տարվա նման այս տարի ևս «Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոնում (ՀՈԻՍԿ֊ում) կհավաքվեն Իրանի ոչ֊հայ մի խումբ մտավորականներ, որոնք կքննարկեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր։

Տիգրան Դավուդյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930