Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ապրիլ 21,2025 19:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Եվ ավարտվեց տղամարդկանց գերծանր քաշային կարգում Հայաստանի գյումրեցի դյուցազն Վարազդատ Լալայանի փառահեղ հաղթանակով:

Իր նախնական մոտեցումների համար Վարազդատը պատվիրել էր պոկումում՝ 200 կգ, հրումում՝ 240 կգ: Իսկ դա նշանակում էր, որ նա մրցելույթները երկու վարժություններում էլ սկսելու էր այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցները ավարտած կլինեին իրենց աշխատանքը:

Եվ այդպես էլ եղավ ու առաջին իսկ մոտեցմամբ գլխավերեւում պահելով 200 կգ կշռող ծանրաձողը՝ Վարազդատը նվաճեց փոքր ոսկին: Հետո նա «սանձեց» նաեւ 210 կիլոգրամը, սակայն վերջին մոտեցման համար պատվիրած 218 կգ ծանրաձողն այս անգամ չենթարկվեց նրա կամքին: Այդուհանդերձ, Վարազդատ Լալայանը պոկում վարժությունից հետո ամբողջ 20 կգ-ով իրենից հետ թողեց մոտակա մրցակցին:

Պատմությունը կրկնվեց հրում վարժությունում: Արդեն հանդիսատեսի վերածված մրցակիցների աչքի առջեւ գյումրեցի հսկան առաջին իսկ մոտեցմամբ բարձրացրեց գրեթե քառորդ տոննա՝ 240 կիլոգրամը, ու միանգամից նվաճեց նաեւ հրում վարժության եւ երկամարտի (450 կգ) չեմպիոնի տիտղոսը:

Վարազդատ Լալայանը տուն է վերադառնում Եվրոպայի կրկնակի չեմպիոնի տիտղոսով:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930