Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր զեկույցում ոչ մի կոնկրետ դեպքի անդրադարձ չկար, հիշեցնեմ՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքը, լրագրողներին են օթյակից բռնությամբ հեռացրել»․ Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Մանասյանին

Ապրիլ 21,2025 19:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Անուն ազգանուններ հրապարակել մեր տիպի մարմիններին խորհուրդ չի տրվում։  Մի շարք նախօրոք իրականացված գործընթացներ է դա ենթադրում։ Ինչ վերաբերում է Սամվել Վարդանյանի հետ կապված դեպքին, կարծում եմ՝ տարեկան զեկույցի շրջանակներում, երբ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի խնդիրներին վերաբերող հարցն ենք քննարկում, այդտեղ կգտնեք ոչ միայն նրա, այլև շատ այլ գործեր, որոնք հանրության ուշադրության չեն արժանանում, քանի որ այդ գործերը քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց հետ կապված չեն լինում»,-ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցերին, այսպես պատասխանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։

Թագուհի Թովմասյանը, հղում կատարելով Անահիտ Մանասյանի ներկայացրած տարեկան հաղորդմանը նկատեց․ «Ձեր զեկույցում ոչ մի կոնկրետ դեպքի անդրադարձ չկար։ Ուզում եմ մատնանշել Սամվել Վարդանյանի դեպքը,  որի վրա էր հարձակվել զինված բանդան, խոշտանգել, ծեծի ենթարկել, թքել երեսին և ստիպել իրենց հնչեցրած հայհոյանքները կրկնել։ Այս դեպքով քննություն տեղի չի ունենում, բայց պատգամավորին հասցված վիրավորանքի համար ունենք դատարանի որոշում»։ Թագուհի Թովմասյանն ասաց․ «ՀՀ-ում խոշտանգումների ու վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերով քննությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Առաջինը գործերի անհապաղությունն է․ տարիների կտրվածքով չենք ունենում արդյունք»։

Թագուհի Թովմասյանը նաև մտահոգություն հայտնեց ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերի առնչությամբ․ «Ունենք փաստ, որ 2024-ին 26 մահվան դեպք է գրանցվել, որից 4-ն է եղել հակառակորդի գնդակից։ Հիվանդությունից մահանալու դեպքեր են գրանցվել, այսինքն՝ հիվանդ զինծառայողներին զորակոչել են բանակ, և նրանք հիվանդությունից մահացել են»։

Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Նորմալ չէ զինված ուժերում ունենալ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքեր, նույնիսկ, եթե մեկ դեպք էլ լինի, խնդրահարույց է։ Չգիտեմ՝ հրապարակային անուն ազգանուններ ասել՝ չեմ կարծում ճիշտ է։ Համարում եմ, որ ԶՈՒ մահվան դեպքերի կանխարգելումը դարձյալ չի համապատասխանում այն չափանիշներին, որին պետք է համապատասխանի։ Մենք պատժելիության միջոցների անխուսափելիություն չենք ունենում, չենք տեսնում, որ բռնարար հանդիսացող մարդիկ, ինքնասպանության հասցրած մարդիկ պատասխանատվություն կրեն․․․ Մենք քննչական կամ դատական մարմին չենք։ Բազմաթիվ են դեպքերը, երբ անհամաչափ ուժի կիրառում ենք տեսնում։ Մեզ մոտ դա առնվազն առաջացնում է մտահոգություն, որ ուժի կիրառումը եղել է անհամաչափ»։

Թագուհի Թովմասյանը նաև խնդրեց անդրադառնալ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կատարվածին։ Անահիտ Մանասյանն ասաց․ «Այն, ինչ թույլատրվում էր հրապարակային գրել, գրել ենք, քանի որ մենք առանձին քաղաքացիների մոտ վնասվածքներ ենք արձանագրել։ Իրենք մեզ մի տեղեկություն են պատմել, որի վերաբերյալ իմ ներկայացուցիչը հրապարակային խոսել է։ Մեզ արդարադատության նախարարությունը մեկ այլ տեղեկություն է ներկայացրել՝ բանավոր պարզ տեքստում։ Մեզ համար այս դեպքը խնդրահարույց է, դա է պատճառը, որ այս դեպքով ես Գլխավոր դատախազություն եմ գրել, և ՄԻՊ-ի այս գրությունները պարտավոր են որպես հաղորդումներ ընդունել»։

Թագուհի Թովմասյանը նաև խնդրեց գնահատական տալ այն փաստին, որ լրագրողներին խորհրդարանի օթյակից՝ իրենց գործունեության վայրից բռնությամբ հեռացրել են, նախադեպը կրկնվել է տասն օր առաջ, երբ լրագրողները Անդրանիկ Քոչարյանի պաստառն էին փորձում ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, բայց նրանց արգելել են իրականացնել իրենց լրագրողական ակցիան․  «Նաև ուզում եմ ասել՝ լրագրողներից նորից ահազանգ ստացա, էլի օթյակի հետ կապված, որ վարչապետի անվտանգության աշխատակիցներն արգելել են Նիկոլ Փաշինյանին վերևից նկարել՝ համարելով դա անվտանգային խնդիր։ Խնդրում եմ սա՝ որպես ահազանգ ընդունել»։

Անահիտ Մանասյանն արձագանքեց․ «Օթյակից նկարելն արգելելու մասին կխնդրեմ ինձ նիստից հետո ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել, գործընկերներիս կխնդրեմ ավելի շատ տվյալներ հավաքեն։ Անձնական տվյալների պաշտպանությունն էլ իրականում կարևոր դերակատարություն ունի, բայց չի կարող հիմք հանդիսանալ բացառելու լրագրողների պատշաճ գործունեությունը, բայց լրագրողները պետք է նկատի ունենան, որ անձնական տվյալների պաշտպանությունը ամենաոչպատշաճ մակարդակով կարգավորված հարցերից մեկն է, ընդ որում՝ ասեմ, ոչ միայն անձնական մակարդակում, այլև պետական մարմինների համատեքստում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930