Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 18-ին ձերբակալվել է Գյումրու «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» 70-ամյա մարզիչ Ս․Ս․-ն։
Այդ օրը՝ ժամը 14․25 սահմաններում, 24-ամյա Ա․Ռ․-ն, որը Գյումրու բուհերից մեկի ուսանողուհի է, հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ բողոքելով, թե իր նախկին մարզիչ Ս․Ս․-ն հունվար ամսից մինչև օրս Գյումրի քաղաքի տարբեր վայրերում պարբերաբար հանդիպելով իրեն՝ պահանջել է վերադառնալ մարզումների, սակայն, ըստ բողոքավորի, մերժում ստանալով՝ մարզիչը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, սպառնացել, որ կսպանի իրեն կամ կգցի ավտոմեքենայի տակ։
Եվ մինչև ոստիկանությունը կազմված փաստաթղթերն ուղարկում էր Շիրակի մարզային քննչական վարչություն, երկու ժամ անց՝ 16․29-ի սահմաններում, Գյումրի բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Ձախից մեծ ոլոքի միջային կոճի փակ ներհրված կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել 66-ամյա Ս․Խ․-ին։ Թոշակառու այս կինը ոստիկաններին հայտնել է, որ վնասվածք ստացել է իր տնակում՝ վիճաբանության ժամանակ՝ վայր ընկնելու հետևանքով։
Նա նշել է, որ «Լյուդվիգ Մնացականյանի անվան ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի» մարզիչ Ս․Ս․-ն առանց պատճառաբանության սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել թոռան և դստեր հասցեին, որը նյարդայնացրել է իրեն, ինքը հրել է մարզիչին, մարզիչն էլ՝ իրեն, արդյունքում վայր է ընկել ու ստացել վնասվածք։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում մարզիչը ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են ու տեղափոխել Շիրակի մարզային քննչական վարչություն։