«Ազատություն». 15 հայ գերիների դատավարությունը Բաքուն նախորդ շաբաթ նվիրել էր այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանությանը», մեղադրողի շուրթերով պնդելով, թե այն «կազմակերպել և իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը»:
Հարցաքննելով հայ գերիներից Մադաթ Բաբայանին՝ ադրբեջանցի մեղադրողը նրան ներկայացրել է իբրև այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության» մասնակից:
Ըստ պետական «Ազերթաջ» գործակալության՝ Մադաթ Բաբայանն ընդունել է, որ «սխալ են գործել»:
Չնայած 2023 թվականին գերեվարված Մադաթ Բաբայանը ներկայացվում է իբրև «Խոջալուի ցեղասպանության» մասնակից, նրա դուստրը «Ազատությանն» ավելի վաղ ասել էր, որ հայրն անգամ պատերազմական գործողություններին չի մասնակցել, և որ նրան ստիպել են ընդունել այդ մեղադրանքները:
Կարդացեք նաև
«Ինձ թվում է՝ իրեն ուղղակի գրել, տվել են տեքստը, ինքն ասել է, ստիպելով ասել է: Ինքը ոչ մի բանի էլ մասնակից չի եղել, վատառողջ մարդ է, ոչ մի պատերազմի էլ չի մասնակցել իմ հայրը: Ինքն անշառ մարդ է, անասանապահությամբ է զբաղվել», – նշել է դուստրը:
Խոջալուի գործով նիստից անմասն չի մնացել նաև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Դատավարության ընթացքում ներկայացվել է բրիտանացի լրագրող Թոմաս դե Վաալին տված նրա հայտնի հարցազարույցը՝ պնդելով, թե Սերժ Սարգսյանն ընդունել է, որ «Խոջալուում էթնիկ զտում են իրականացրել» և, որ չեն զղջում տեղի ունեցածի համար: Սերժ Սարգսյանին վերագրվող այս խոսքերը, սակայն, դե Վաալի որևէ հարցազրույցում հնարավոր չէ գտնել:
Բրիտանացի լրագրողի Ղարաբաղին նվիրված «Սև այգի» գրքում, անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին, Սերժ Սարգսյանն ասում է, թե «ադրբեջանցիները շատ բան չափազանցնում են», և որ այդ «իրադարձությունների մասին բարձրաձայն չեն խոսում», նշում նաև, որ փախչող ադրբեջանցիները զինված դիմադրություն են ցույց տվել:
Ադրբեջանի պետական մեղադրողը հայտարարել է, թե Հայաստանի երրորդ նախագահի խոսքերը հաստատում են, թե «Խոջալուի ցեղասպանությունը նպատակաուղղված ու համակարգված իրականացրել է Հայաստանի Հանրապետությունը»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: