Լրահոս
Օրվա լրահոսը

«Բան ունեք ասելու՝ տղամարդավարի ասեիք, իմ աչքերի մեջ նայելով։ Ամեն անգամ ընդգծելը՝ նախկին ՔՊ-ական․ ի՞նչ եք ուզում ասել»․ «Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործով նիստում դատավորը վրդովվեց

Ապրիլ 21,2025 16:32

«Հարգելի լրագրող, Ձեզ ամեն անգամ վերնագրեր գրելուց հուշո՞ւմ են»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր Yerevan.Today կայքի լրագրողին դիմեց դատավոր Սարգիս Պետրոսյանը»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

«Կարծում եք, մենք Ձեզ նման չենք կարողանում ինքնուրույն աշխատե՞լ։ Եթե Դուք ինձ մեղադրում եք նրանում, որ ինձ հուշում են՝ ինչպես վերնագիր գրել, ես նույն կարծիքը կարող եմ ունենալ Ձեր մասին, որ ձեզ հուշում են՝ ինչպես նիստ վարել»,- դատավորի հարցին հարցով եւ այսպիսի պարզաբանմամբ պատասխանեց լրագրողը, ինչի համար դուրս հրավիրվեց նիստերի դահլիճից։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Այս գործով մեղադրյալ է նաեւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։ Հիշեցնենք նաեւ, որ այսգործով ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական էր ճանաչվել։ Որոշումը բողոքարկվել է, եւ գործը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարան՝ ներկայացնելով նոր մեղադրանքներ ։


Դատավոր Սարգիս Պետրոսյանը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից 2018 թվականին պատգամավորի թեկնածու էր առաջադրվել։

Միջամտեց Ռոբերտ Քոչարյանը՝ նկատելով, որ լրագրողի աշխատանքը դադարեցվեց եւ դա լավ բանի մասին չէ վկայում։ Պաշտպաններից Լուսինե Սահակյանն էլ հետաքրքրվեց, թե ի՞նչ կատարվեց եւ ինչո՞ւ։ Դատավորը պարզաբանեց․ «Կհետեւեք․․․ հետագայում․․․ինձ ցույց տվեցին․․․անընդհատ այսպես ընդգծումներ, ընդգծումներ․․․ Նաեւ ասացին, թե այդ լրատվականն ում է պատկանում, ես տեղեկություն չունեի․․․ Ժողովուրդ, չի կարելի էլի, ամեն անգամ տեսնում եք, որ հնարավորինս, մաքսիմալ՝ որեւէ մեկի իրավունքը նախագահող դատավորն ապահովում է, որ չխախտվի, բայց ամեն անգամ չի կարելի այս կամ այն եղանակով փորձել․․․»։

Պաշտպաններից Արամ Վարդեւանյանն էլ հետաքրքրվեց, թե ինչի՞ մասին է խոսքը։ Դատավորն առաջարկեց՝ չծավալվել այդ թեմայով։ Պաշտպանները պնդեցին՝ հստակեցնել, քանի որ միջադեպը հրապարակային էր ու անհասկանալի։

«Լավ ասեմ, ամեն անգամ ընդգծում է կատարվում՝ նախկին ՔՊ-ական դատավորին․ բացարկ ունե՞ք, ժողովուրդ, հայտնեք։ Բացարկ եք հայտնում, հետո չեք պնդում։ Բան ունեք ասելու՝ ասեք։ Ստացվում է՝ պատի տակի խոսակցություն։ Բան ունեք ասելու՝ տղամարդավարի ասեիք, իմ աչքերի մեջ նայելով։ Ամեն անգամ ընդգծելը՝ նախկին ՔՊ-ական․ ի՞նչ եք ուզում ասել․․․պարոն Օրբելյան, խողովակները․․․ հավատացեք, ես էլ իմ կապերն ունեմ՝ կարող եմ ճշտել, թե ինչը ո՞նց է լինում»,- վրդովվեց դատավորը։

Արամ Օրբելյանը հիշեցրեց, որ բացարկ հայտնել են, հարցը քննարկվել է դատարանում։ Արամ Վարդեւանյանն էլ հավելեց, որ դատարանում հենց պաշտպանների նախաձեռնությամբ քննարկվել է դատավորի կենսագրության այդ կետը եւ ակնարկներով ինչ-որ բան իրենց վերագրելն ընդունելի չէ։ Ավելին, եթե պաշտպաններն ինչ-որ բան ունեն ասելու՝ ասում են ուղիղ։

«Ես էլ լիահույս եմ, որ եթե ինչ-որ կասկածներ լինի, որ ես՝ ամեն անգամ վերնագրված քաղաքական ուժի հետ կապ ունեմ այս կամ այն կերպ, դուք կբարձրաձայնեք։ Ալամ աշխարհի լրագրողների կկանչենք, ուղիղ եթերով կհասկանանք․ դուք ձեր փաստարկները կբերեք, ես էլ ձեզ նայելով՝ իմ հակափաստարկները․․․եթե իհարկե, կունենաք փաստարկները»,- վրդովվեց դատավորը։

Արմեն Գեւորգյանը միջամտեց՝ նկատելով, որ իր գործողություններով դատարանը գնահատական տվեց կոնկրետ լրատվամիջոցին, լրագրողին ու այս պարագայում հրապարակայնության խնդիր է առաջանում։ Նա նաեւ հավելեց, որ արդեն յոթ տարի է՝ այս գործի շրջանակներում իր եւ մյուս մեղադրյալների մասին տարբեր բաներ գրվում են։ Դատավորը արձագանքեց՝ ինքը ուղիղ խոսակցության կողմնակից է եւ լրատվամիջոցներին էլ տվյալ հարցով պարզաբանումներ տրվել են։ Արմեն Գեւորգյանն էլ դատավորին առաջարկեց՝ հրապարակային դիմել լրատվամիջոցներին եւ արգելել այս գործի դերակատարների մասին որեւէ բան գրել։

Պաշտպանների հետ երկար վիճաբանություն եղավ, ինչպես դատավորը բնութագրեց՝ կենցաղային մակարդակի վիճաբանություն։ Պաշտպանների դիտարկմամբ՝ դատավորը խոսքի ազատություն է սահմանափակում իր գործողություններով։ Լուսինե Սահակյանն էլ հավելեց, որ ՄԻԵԴ-ը այս հարցը հետագայում դատավորին հիշեցնելու է ամեն անգամ ու տարակուսեց. «ՔՊ-անդամ չե՞ք եղել նախկինում»։ Նա նաեւ նկատեց, որ ՄԻԵԴ-ը փաստել է՝ այն դատավորները, ովքեր նախկինում եղել են կուսակցության անդամ, պետք է պատրաստ լինեն, որ իրենց նկատմամբ քննադատությունն առավել խիստ է լինելու։

Արամ Օրբելյանն էլ հույս հայտնեց, որ ՄԻԵԴ-ն այս հարցին չի անդրադառնա, գործը դրան չի հասնի, քանի որ դատարանն այլ որոշում կկայացնի։

Այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վիճարկում էին քրեական գործ հարուցելու օրինականությունը։

Ըստ Արամ Օրբելյանի, չի կարող լինել քրեական գործ, որտեղ չլինի գործող քրեական օրենսգրքի հոդված, որի շրջանակներում քննությունն իրականացվում է․ «Գործ չկա, որ մի հատ էլ նոր մեղադրանք առաջադրվի»։

Դատավորը ընդհատեց Արամ Օրբելյանին՝ նկատելով, որ ՍԴ-ի եւ Վճռաբեկ դատարանի որոշումների ներքո պետք է գործը քննել․ «Դասախոսենք, տեսական այսպես․․․»։

Արամ Օրբելյանը շարունակեց՝ բացի նրանից, որ բերված մեղադրանքը պետք է համապատասխան լինի Վճռաբեկ դատարանի եւ ՍԴ-ի որոշումներին, այլեւ պետք է լինի օրինական, պետք է համապատասխանի օրենքի պահանջներին․ «Քանի որ առկա չէ ՀՀ ՔՕ-ի 309 հոդվածով հարուցված քրեական գործ, ապա չի կարող լինել այդ հոդվածով մեղադրանք, քանի որ քրեական գործ հարուցելու տրամաբանությամբ են ընդգծվում վարույթի սահմանները, ինչպես փաստերի, այնպես էլ իրավունքի մասով։ Այսինքն, եթե որեւէ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում չի կայացվել, ապա չի կարող այդ հոդվածով առանձին մեղադրանք առաջադրվել՝ անկախ նրանից, թե ինչ փաստերի մասին է խոսքը, քանի որ դրանք որեւէ իրավական նշանակություն չունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արդեն նիստերի դահլիճից դուրս՝ լրագրողների հետ զրույցում, պաշտպան Արամ Վարդեւանյանն ասաց, որ նախնական նիստերից մեկում՝ հենց դատավորի նախկին կուսակցական անցյալը նկատի ունենալով՝ ինքը բացարկի միջնորդություն փորձել է ներկայացնել, բայց դատավորը թույլ չի տվել․ «Քանի որ փաստացի չկա մեղադրանք, ապա նաեւ ամբողջական բացարկի միջնորդության հնարավորություն էլ չկա»։

Արամ Վարդեւանյանը պնդում է՝ Վճռաբեկ դատարանի եւ ՍԴ որոշումների արդյունքում, այս գործը «դուրս է ընկեր» քրեական դատավարության օրենսգրքից եւ այդ իմաստով միակ լուծումն այն է, որ գործը պետք է ավարտվի այն փուլում, որտեղ հասել է։

Առաջիկա նիստերում պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել իր դիրքորոշումը՝ դատախազության ներկայացրած նոր մեղադրանքի առիթով։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930