Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիտա Գզոյանը չփարատեց մտավախությունները, որ Ցեղասպանության թանգարանի աշխատանքները կարող են սառեցվել՝ շինարարական աշխատանքների պատրվակով. Հայկ Դեմոյան

Ապրիլ 21,2025 15:24

«Ես ուղղակի ապշած եմ, եւ դա երեւի ամենամեղմ գնահատականն է, թե ինչու պետք է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը նման ստերիլ մամուլի ասուլիս կազմակերպի, այն էլ ուրիշ տեղ, եթե միշտ հարթակը եղել է թանգարանում: Ես հասկանում եմ, որ եւ Էդիտա Գզոյանը, եւ Հարություն Մարությանը սարսափում են լրագրողների հարցերից»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

«Շատ խորհրդանշական օր էդիտա Գզոյանը մամուլի ասուլիս է տալիս ու երեւի դիտավորյալ չի հիշում, որ այս տարի ոչ միայն Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցն է, այլեւ հենց այսօր բացվեց մշտական ցուցադրությունը, որը 10 տարի շարունակ միլիոնավոր այցելուներ է բերում: Հենց այդ ցուցադրության հետ է կապված նաեւ իր՝ այդտեղ հայտնվելը, այդ ցուցադրության անվան տակ փողերի լվացման գործողության արդյունքում են եւ ինքը, եւ Հարություն Մարությանը հայտնվել Ցեղասպանության թանգարանի տնօրենի պաշտոնում: 10 տարի շարունակ գործում է այդ ցուցադրությունը, որի խմբագիրը ես եմ, իսկ դիզայներական աշխատանքին մասնակցել է կինս, եւ մենք ունեինք սկզբունքային որոշում, որ ցուցադրությունը պետք է անենք անհատույց: Իսկ դա շատ խոշոր գումար էր:

Հետո կպարզվի այն ողբերգական եւ ողորմելի պատմությունը, որ ցուցադրություն կազմակերպելու անվան տակ Հայաստան փողերի լվացման մեխանիզմով մեծ գումար էր բերվել եւ ծրագրվել էր, որ ոչ թե թանգարանի աշխատակիցներով ես պետք է իրականացնեի ցուցադրությունը, այլ  ցեղասպանության թեմային չտիրապետող անձինք: Էդիտա Գզոյանը մոռացավ նաեւ ասել, թե ինչ պատմություններ կան, այդ թվում՝ քրեական գործեր, որոնցից մեկով իմ ցուցմունքներով անցնում են շատերը՝ ինքը, Մարությանը, Արարատ Միրզոյանը, Վլադիմիր Վարդանյանը… Քրեական գործերը հիմա առկախված են,  որովհետեւ իշխանության ներկայացուցիչների անունները կան հաղորդումներում»,- ասաց Հայկ Դեմոյանը:

Հայկ Դեմոյանը նշեց, որ Էդիտա Գզոյանին մեղադրում է նաեւ Հայոց ցեղասպանության ժխտողականության՝ իշխանությունների գործողությունները լռության մատնելու մեջ. «Այնինչ ինքը պետք է առաջինն անդրադառնար, մինչդեռ որեւէ հանրային հայտարարություն չի արել: Մենք տեսել ենք բացարձակ լռություն եւ իր, եւ Հարություն Մարությանի կողմից, որովհետեւ իրենք նախաընտրելի թեկնածուներ են իշխանությունների համար,  իրենց ընտրել են, որ լինեն չեզոք եւ հնազանդ»:

Դեմոյանն անդրադարձավ նաեւ Գզոյանի այն  խոսքերին, որ ի թիվս այլնի, Մոսկվայում կբացվի  ցուցադրություն.  «Մոսկվայում դասական թանգարան, որպես այդպիսին, գոյություն չունի: Էդիտա Գզոյանը չգիտի, որ կան մարդիկ, որոնք գիտեն այդ թանգարանը ստեղծելու նախապատմությունը, թե ինչ է տեղի ունեցել, եւ պետք չէ սուտ խոսել, որ Մոսկվայի հայկական թանգարանում ցուցադրություն է բացվելու: Այդ թանգարան կոչվածը ոչ թանգարանային հաստատություն է, ոչ էլ գիտական, այլ ընդամենը թանգարանի անվան տակ գործող գոյացություն է: Պետք չէ Հայոց ցեղասպանության թանգարան կայացած ինստիտուտի կարգավիճակը լղոզված համեմատել այլ բաների հետ եւ գովեստի խոսքեր հնչեցնել»:

Նա մի ընդգծում էլ արեց. «Մտավախություն կա, որ թանգարանի շինարարական աշխատանքները կձգձգեն որոշակի քաղաքական շրջանակների ազդակներ ուղարկելու, հաճոյանալու, եւ հետագայում ծածկադմփոցի տակ պետական արարողակարգային այցերից հանելու նպատակով: Էդիտա Գզոյանը չփարատեց այն մտավախությունները, որ թանգարանի աշխատանքները կարող են սառեցվել, կասեցվել, շինարարական աշխատանքների պատրվակով:

Կամ ի՞նչ է նշանակում այս արտահայտությունը՝ ես խնդրել եմ մեր գիտաշխատողներին, որ հայացքներն ուղղեն դեպի արեւմուտք մեր արեւմտյան գործընկերներին: Գիտության համար կա՞ աշխարհագրական ուղղություն՝ արեւելք, արեւմուտք, հյուսիս կամ հարավ նայելու: Մենք ժամանակին բոլորի հետ համագործակցում էինք, խնդիր չկար որեւէ աշխարհագրական ուղղության կամ գոտու նայելու… Էդիտա Գզոյանը երբեք չի անդրադառնալու նաեւ այն թեմային, որ չլինելով Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրեն՝ հարյուրավոր բացառիկ նյութեր եմ տրամադրել թանգարանի ֆոնդերին, վերջերս էլ մի հարցազրույցում  ասացի, որ խախտելով թանգարանային գործի կարեւոր պահանջները՝ ստացական չէին տալիս:

Տեղեկացա, որ իրավական հարցերով բաժին են բացել, կցանկանայի, որ Հայոց Ցեղասպանության իրավական հարցերին անդրադառնալիս ՝ անդրադառնային նաեւ թանգարանի շուրջ իրավական հարցերին, այդ թվում՝ հարուցված քրեական գործերին, գողացված գրքերին,  փողերի լվացմանը, երկու տնօրենների՝ այնտեղ հայտնվելու դրվագներին, որովհետեւ ես երկուսին էլ մեղադրել եմ մեղսակցության մեջ, թե Հարություն Մարությանին, թե Էդիտա Գզոյանին: Երկուսն էլ մեղսակից են, որովհետեւ հետամուտ չեն լինում պարզելու, թե ո՞վ էր գրքերի գողություն անողը 2004 թվականին, նաեւ հետամուտ չեն պարզելու այլ  հարցեր,  որովհետեւ այսօրվա  իշխանությունների կողմից ընտրված անձինք են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930