Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի համար բոլոր հայերը «ռեւանշիստներ ու հանցագործներ» են, դուք պարտավորություն եք ստանձնում, որ բոլորիս դե՞մ եք պայքարելու»․ Քրիստինե Վարդանյան

Ապրիլ 21,2025 15:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այս տարի եւս ապրիլի 23-ին ջահերով երթ տեղի կունենա դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ավանդական ջահերով երթը 1999 թվականից տեղի է ունենում, այս տարի էլ ապրիլի 23-ին՝ ժամը 19։15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է։ Մենք կարծում ենք, որ ջահերով երթն ավելի կարեւոր է, քան երբեւէ եղել է, որովհետեւ տեղի է ունենում մի պայմաններում, երբ խոշոր հաշվով Ցեղասպանության փաստն է կասկածի տակ դրվում, եւ արվում են հայտարարություններ, որոնք երբեք չէինք պատկերացնում, որ հայկական պետության ներկայացուցիչները կարող են անել։ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը հայտարարում են նաեւ, որ ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինելը իրենց քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Քրիստինե Վարդանյան

Նա նշեց, որ Անկախության հռչակագիրը խնդրահարույց է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի համար, որովհետեւ հռչակագրում կա նաեւ ամրագրված, որ ՀՀ-ն սատար է կանգնում Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ «Այսինքն՝ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանելը միանգամից Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ 110-րդ տարելիցին ընդառաջ ի՞նչ միջոցառումներ ունենք, հանձնաժողով կազմվե՞լ է, թե՞ ոչ։ Եվ քանի որ պետական միջոցառումներից տեղյակ չենք, կարծում ենք, որ ջահերով երթն այն տեղն է, որտեղ մեր հանրությունը կարող է արձագանքել՝ այս քաղաքականությանը համաձա՞յն է, թե՞ ոչ»,- հավելեց նա։

Ջահերով երթի շրջանակներում Թուրքիայի դրոշն այրելը, Քրիստինե Վարդանյանի խոսքով, քաղաքական ակցիա է, որը երիտասարդներն իրականացնում են․ «Անկեղծ ասած, ես երբեք չեմ հասկացել մարդկանց, ովքեր այդքան սրտացավությամբ են վերաբերվում Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներին։ Թուրքիայի պետությունը ձեւավորվել է, այդ թվում նաև Հայոց ցեղասպանության հիման վրա եւ պահպանել է նույն սիմվոլիկան։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե Գերմանիան պահպաներ ֆաշիստական Գերմանիայի սիմվոլիկան։ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Արցախում։ Ես հիմա հարց եմ տալիս՝ այս դրոշների հանդեպ սրտացավությունն արդարացված կարո՞ղ է լինել»։

Քրիստինե Վարդանյանը հավելեց․ «Հայաստանում փողոցների անուննե՞ր ենք փոխելու, քաղաքների անուննե՞ր ենք փոխելու։ Այսինքն՝ ի՞նչը չի վտանգելու այդ «խաղաղության գործընթացը»։ Կարո՞ղ է հասնելու ենք այնտեղ, որ մեր երգերից որոշները պիտի մոռանանք, որովհետեւ «խաղաղության գործընթացին» վտանգում են։ Ընդհանրապես Հայաստանում ֆիլտրվելո՞ւ է, թե ինչ տիպի ցույցեր անցկացվեն, ինչի տիպի՝ չէ, ինչ դրոշներ լինեն»։

Քրիստինե Վարդանյանն ասաց, որ չի բացառում, որ Երեւանի ավագանին, օրինակ, կարող է անվանափոխել Արցախի փողոցը։ «Ես վախենում եմ, որ մեր նմանատիպ ելույթներն ու հարցազրույցները որպես հուշումներ կարող են հանդես գալ։ Ինչ-որ մեկը ինձ կարո՞ղ է բացատրել՝ ինչի՞ մասին է կետը, որ Փաշինյանը հայտարարում է, թե Ալիեւի հետ համաձայնեցված կետ է, որ պետք է պայքարեն խաղաղության օրակարգի դեմ պայքարողների դեմ։ Այդ կետն ինչի՞ մասին է, օրինակ, ո՞ւմ դեմ են պայքարելու։ Ձեր դեմ պայքարելո՞ւ են, եթե ռեպորտաժ պատրաստեք Ադրբեջանից եկող վտանգների մասին»։

Քրիստինե Վարդանյանն ասաց՝ Ադրբեջանի համար ռեւանշիստներ ենք բոլորս։ «Եթե դուք՝ որպես լրագրողներ՝ գնացել եք Արցախ, ընտրություններ եք լուսաբանել, պատերազմ եք լուսաբանել, դուք Ադրբեջանի տեսանկյունից իր օրենքներն եք խախտել։ Եթե զենքով պաշտպանել եք Արցախի սահմանները, մասնակցել եք պատերազմներին, հանցագործ եք։ Մենք սա ենք ասում, ասում ենք՝ Ադրբեջանի համար անգամ ՔՊ-ընդդիմություն տարբերություն չկա, բոլոր հայերը ռեւանշիստներ ու հանցագործներ են։ Եթե դուք պարտավորություն եք ստանձնում, որ պետք է պայքարեք ռեւանշիստների դեմ, բոլորիս դեմ պայքարելու եք, սա է մեր ասածը»,- նշեց նա։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930