Խորհրդարանի այսօրվա նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մեկը մյուսի հետևից քննադատում էին ընդդիմադիրներին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, նշեց՝ գալիս, գլուխ եք գովում, թե դուք ռևանշիստ եք, մենք էլ ձեր դեմ պայքարողները ու ասաց․ «Պետք չէ ռևանշիզմով գլուխ գովել, որովհետև ռևանշիզմը խթանում է նոր հակամարտությունը և առաջին խոչընդոտն է խաղաղության հաստատման համար։ Սպասեք, և ձեր ռևանշիստական նոր օրակարգը կբերեք ընտրություններին, եթե ստանաք մանդատ, դրանով առաջ կշարժվեք, իսկ մեր օրակարգը, ինչպես այսօր, այնպես էլ վաղը լինելու է խաղաղությունը՝ առանց ռևանշիզմի»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ ՊԵԿ-ին հորդորեց ստուգել ընդդիմադիր լրատվամիջոցներին․ «Ասում եմ՝ մի հատ մտեք, ստուգեք, ցանկացած լրագրողի, որ տեսնում եք, հարցրեք՝ որտե՞ղ եք գրանցված ու ինչքա՞ն աշխատավարձ եք ստանում»։
Կարդացեք նաև
Նա նաև ընդդիմադիր գործընկերներին մեղադրեց քաղաքական մեծամասնությանը վիրավորելու մեջ․ «Ուղղակի ցեխոտել, վիրավորել քաղաքական մեծամասնությանը և նրանց աջակիցներին։ Թուրք, դավաճան, ժեխ, ժեխ, թուրք դավաճան․ այս պրիզմայից դուրս չեն գալիս»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ