Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւանում Արցախի ներկայացուցչությունում դռնփակ հանդիպում անցկացրեց արցախցիների խմբի հետ։ Մի խումբ արցախցիներ պահանջում են, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իրենց պատասխան տա արցախցիներից թալանված գումարների վերադարձի վերաբերյալ, գնա Գլխավոր դատախազություն եւ ճշտի, թե ինչո՞ւ չեն արագացնում հարուցված քրեական գործի քննությունը։
Հանդիպման մասնակիցներից Նահապետ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Շահրամանյանի ու Արցախի պետնախարարի հետ երկար քննարկում են ունեցել։ «Պայմանավորվածություն ենք ունեցել, որ մոտակա օրերի ընթացքում դիմեն Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին, որ տեսնենք՝ որտեղ են ընդունելություն կազմակերպում։ Որ կառույցը մեզ կընդունի, նախագահի հետ կգնանք։ Արցախի ներկայացուցչությունից են դիմելու, նախագահի անունից՝ նամակով։ Պատասխանը ստանալուց հետո կհասկանանք՝ որ կառույցում հանդիպումը կլինի։ Ձեւաչափը պատրաստված է, ներկայացրել ենք ընդհանուր բոլոր խնդիրները, թե որ ոլորտի հետ է կապված այդ թալանը, որ ոլորտի մասին է խոսքը։ Եվ ուզում ենք, որ բոլոր կառույցների հետ լինի հանդիպումը՝ անպայման նախագահի հետ միասին։ Եթե չընդունեն, հետագայի մասին կտեղեկացնենք։ Չենք կարծում, որ մեզ չեն ընդունի, որովհետեւ ՀՀ կառավարությունն ամեն օր խոսում է կոռուպցիայից, ասում է, որ դեմ են կոռուպցիային, այսինքն՝ ես չեմ պատկերացնում, որ չեն ընդունի»,- ասաց նա։
Հարցին, թե այն վճռականությամբ, որով ապրիլի 18-ին եկել էին Արցախի ներկայացուցչություն, ինչո՞ւ չեն գնում Գլխավոր դատախազություն, նա պատասխանեց․ «Ավելի ուժեղ վճռականությամբ ենք գնալու։ Ժողովուրդն իմանալու է, թե մեր վճռականության արդյունքն ինչի է հասել»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով հարցին, որ այսօր Արցախի ներկայացուցչության դռները բաց են, ինչո՞ւ էին նախորդ անգամ աղմուկ-աղաղակով փորձում ներխուժել ներկայացուցչություն, ջարդել դարպասները, շոո՞ւ էին անում, Նահապետ Սարգսյանն ասաց․ «Ով ասել է, որ ուզեցել ենք շոու անենք, ինքն առնվազն շակալ է։ Այդպես ենք արել, որովհետեւ դուռը փակ էր դեմներս։ Եթե մյուս անգամ էլ այդ դուռը մեր դեմ փակեն, պատրաստ եմ նույն մոտեցումը ցուցաբերել»։
Լրագրողները նաեւ հարցրին՝ ինչո՞ւ են այս ակցիան կազմակերպում այն ժամանակահատվածում, երբ Արցախի նախագահի պաշտոնավարմանը մնացել է մեկ ամիս ժամկետ։ Նահապետ Սարգսյանն ասաց, որ այսօր չեն քննարկել միայն Գլխավոր դատախազություն գնալու հարցը, քննարկել են նաեւ առաջիկա գործընթացներին վերաբերող հարցեր։ «Մայիսի 21-ին մենք այստեղից մեր կարծիքն արտահայտելու ենք։ Էն վախտ կիմանանք՝ ով ով է իրականում»,- ասաց նա։
Հարցին, թե դե՞մ են Սամվել Շահրամանյանի թեկնածությանը, պատասխանեց․ «Մենք այս պահին դեմ ենք ընդհանրապես թեկնածությանը։ Սամվել Շահրամանյանը նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ ձեռքը դրել է Սահմանադրությանը, երդվել, որ տեր է կանգնելու այս ժողովրդին։ Բայց, եթե մենք արդեն չենք գտնվում մեր Արցախում, ես ինքս այն կարծիքին եմ, որ պետք է քննարկվի այդ հարցը։ Մեծ քննարկման արդյունքում մենք մեր պատասխանը մոտակա 20 օրից հետո կտանք։ Մենք այս պահին տեսնում ենք, որ Շահրամանյանի գործունեությունը կասեցված է, թե ում կողմից, չեմ կարող ասել»։
Հարցին, որ արցախցիների այս խմբին անուղղակիորեն կապում են ՀՀ իշխանության հետ, Նահապետ Սարգսյանը պատասխանեց․ «Տվյալ մարդիկ, ովքեր մեզ կապում են որեւէ ուժի հետ, ուղղորդված են։ Մեզ որեւիցե ուժի հետ կապողին ամենավերջին կարգի վիրավորել ենք»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ