Մոսկվայի Բուտիրսկի շրջանային դատարանը 2018 թվականին Մոսկվայում սպանված Միխայիլ Խաչատուրյանին մեղավոր է ճանաչել դուստրերի նկատմամբ բռնություն գործադրելու համար, դատարանի դահլիճից հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
«Խաչատուրյանին մեղավոր ճանաչել և կարճել քրեական գործը ամբաստանյալի մահվան դեպքի առթիվ», – վճիռը հրապարակել է երեք դատավորներից մեկը։
Այսպիսով, դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը՝ Խաչատուրյանի մեղքն ապացուցված ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։
Միխայիլ Խաչատուրյանը դատվել է անչափահասների նկատմամբ բռնի սեքսուալ բնույթի երկու դրվագների, մի քանի անձանց դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու և համացանցում տարածելու համար։
Կարդացեք նաև
Խաչատուրյան քույրերի գործը դեռ փակված չէ, սակայն նրանց հոր մեղավորությունը հաստատող դատարանի որոշումը կդառնա աղջիկների անմեղության ապացույցներից մեկը։
Պաշտպանական կողմը հույս ունի, որ այս գործը նույնպես կարճվելու է։
Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Միխայիլ Խաչատուրյանի հարազատները մտադիր են բողոքարկել դատավճիռը՝ պահանջելով նրա հետմահու արդարացումը։
«Մենք նրա մեղավորության ապացույց չենք տեսել, ամեն ինչ միայն աղջիկների խոսքերի վրա է հիմնված»,- ասել է Միխայիլ Խաչատուրյանի քույրը՝ Նաիրա Խաչատուրյանը՝ հավելելով, որ աղջիկներն այլեւս չեն շփվում իրենց հայրական կողմից հարազատների հետ։
Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 27-ին Մոսկվայում աղմկահարույց սպանություն է տեղի ունեցել. երեք քույրեր Ալտուֆևսկոե մայրուղու իրենց բնակարանում դանակահարել են հորը։
Աղջիկները եղել են 17, 18 և 19 տարեկան, իսկ ամենաշատ վնասվածքները հասցրել է կրտսեր դուստրը։
Պաշտպանական կողմը պնդել է, որ տեղի ունեցածը անհրաժեշտ ինքնապաշտպանության արդյունք է, սակայն մեղադրանքն առաջադրվել է նախնական համաձայնությամբ սպանության հոդվածով։
Քննությամբ պարզվել է, որ հայրը ֆիզիկական և հոգեկան տառապանք է պատճառել իր երեք դուստրերին, սակայն այդ փաստերը համարել են միայն որպես մեղմացուցիչ հանգամանքներ:
Գլխավոր դատախազությունը սկզբում չի համաձայնել այս որոշման հետ՝ պահանջելով մեղադրանքը վերաորակել որպես ինքնապաշտպանություն, սակայն հետո հաստատել է մեղադրական եզրակացությունը։
2021 թվականի փետրվարին, Մոսկվայի քաղաքային դատարանը սպանության երկու գործերը (ավագ քույրերի և կրտսերի նկատմամբ, դրանք հետաքննվել են առանձին) դատախազություն է վերադարձրել։