«Արցախյան շարժման կարևորագույն արդյունքը ՀՀ իշխանության համար եղել է այն փաստը, որ եթե այսօր ՀՀ իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք, Մասիս՝ պարտական են արցախյան շարժմանը։ Այսօր այդ շարժումը հռչակվում է որպես խանգարող հանգամանք»,- խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան շարժման մասին հայտարարություններին՝ ասաց․ «Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե այլևս չի լինելու Ղարաբաղյան շարժում։ Իրականում Արցախյան շարժումը ավարտվել է 1994-ին Ադրբեջանի և Արցախի պաշտոնական ներկայացուցիչների միջև կնքված զինադադարի փաստաթղթով։ Դրանից հետո այլևս Արցախյան հարցը դարձել է միջազգային քննարկման ինստիտուցիոնալ հարց։
…Արդյոք կարո՞ղ է որևէ մեկը ստիպել ժամանակավոր կորսված հայրենիքը հայրենիք համարել, կարո՞ղ է որևէ մեկը ստիպել նույն Փաշինյանի ելույթի օրը Եռաբլուրում այն հայրենակիցներին, որոնք եկել էին խնկարկելու Շահեն Մեղրյանի 32-րդ տարելիցը, որևէ մեկը կարո՞ղ է նրանց ստիպել, որ Շահումյանը չհամարեն իրենց հայրենիք։ Անհնար է, հակառակ դեպքում եկեք ջնջենք մեր քաղաքների անունները՝ Արարատ, Մասիս, Երևանի համայնքներից անվանափոխենք Արաբկիրը, Մալաթիան, Սեբաստիան, Զեյթունը, արգելենք ծննդյան վկայականներով երեխաներին անվանակոչել Անի և Տարոն անուններով, քանի որ դրանք պատմական հայրենիքի այն հատվածներն են, որ ժամանակավոր կորսված են։ Թալին համայնքի ղեկավար, ձեր կուսակից, ցեղասպանություն վերապրածների ժառանգ Տավրոս Սափեյանին, եթե ասեք՝ անունդ փոխի, չի անի։ Բայց Տավրոսը պատմական Հայաստանի մասն է։ Ուրեմն համերգասրահներում արգելեք «Քելե Լաո» երգը, արգելեք հնչի Կոմիտասի կռունկը․․․»։
Կարդացեք նաև
Այս ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր բուն ելույթից առաջ դիմելով Գեղամ Մանուկյանին, ասաց․ «Գլուխդ պատով տվել ես դու։ Եթե Ձեր՝ ամեն սուտ խոսելու ժամանակ ասեի՝ գլուխդ պատով տուր, գլուխ չէր մնա»։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց դահլիճից, եւ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Սպառնո՞ւմ ես ինձ։ Ով կարող է սպառնալ, գլուխը պատով է տվել։ Հանգստացեք, առանց էդ էլ 20 րոպեանոց՝ Ձեր ելույթի ավարտվելու վայրկյաններն էինք հաշվում։ Տենց էլ ելույթներով հաղորդումներ եք անում, դրա համար գովազդներ չեն դնում»։ Գեղամ Մանուկյանն էլ հիշեց Ալեն Սիմոնյանի «տրուսիկով» նկարը, Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց․ «Տրուսիկով չի, բայց կարամ ուղարկեմ, նայես, տեսնես։ Ես նորմալ փող եմ աշխատել, ձեր պես փող չեմ աշխատել։ Հետ եկեք։ Ո՞ւր ես գնում։ Վախեցա՞ր։ Հետ եկեք, եղբայր։ Խնդրում եմ՝ նստիր, լսիր, կլսես՝ չէ՞ հետո»։
Այնուհետև անդրադառնալով ընդհանրապես ընդդիմությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Դուք իշխանություն չեք ուզում վերցնել, ընդդիմությունը չի ուզում իշխանություն վերցնել։ Եթե ուզում էիք իշխանություն վերցնել, ինչի՞ էր պետք Վազգեն Մանուկյանին բերել։ Եթե աթոռը տենց լավն է, 2020-ի ավարտին ինչի՞ ոչ մեկը չհամաձայնեց վերցնել իշխանությունը․ Վազգեն Մանուկյանին բերեցիք։ 2020-ից հետո իշխանությունը փողոցում քցած էր, դուք չվերցրիք․ պետք չէր, որովհետև պատասխանատվություն էր։ Հետո էլ չուզեցին, դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն։ Դուք չէիք ուզում վերցնել իշխանություն առնվազն մինչև այս պահը, քանի որ հետո ի՞նչ եք անելու, կանգնելու, ասելու եք՝ նախկիններն են մեղավո՞ր։ Դուք իշխանություն չեք ուզում վերցնել նաև հիմա։ Ձեր նպատակը հաջորդ ԱԺ-ում հայտնվելն է։ Բայց այն մարդը, որը մեզ ընտրել է, ու հետո ինչ-որ պատճառով վաղը չի ընտրի մեզ, ձեզ էլ չի ընտրելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ