Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործություն բառը հատուկ ենք շեշտել. Էդիտա Գզոյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարանում բացվող ցուցադրության մասին

Ապրիլ 21,2025 12:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայոց ցեղասպանութան 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ՝ գիտացուցադրական, գիտական, մշակութային եւ այլն»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Նա մասնավորապես նշեց, որ ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով. «Իր ծավալով, խորությամբ եւ բնույթով ցուցադրությունը եզակի է լինելու, քանի որ նվիրված է տարելիցին, ուստի որոշեցինք, որ այն նյութը, որը պետք է ցուցադրվի, պետք է տարբերվի մնացած ցուցադրություններից: Անդրադառնալու ենք բոլոր այն մարդկանց՝ դիվանագետներ, միսիոներներ, լրագրողներ եւ այլն, որոնք Օսմանյան կայսրությունում էին Հայոց ցեղասպանության տարիներին եւ ինչ-որ ձեւով՝ լրագրողական հետաքննությունների, տեսանյութերի եւ լուսանկարների միջոցով փաստագրում էին հանցագործությունը»:

Էդիտա Գզոյանը հավելեց. «Հանցագործություն բառը հատուկ ենք շեշտել՝ ցույց տալու համար, որ այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ 1915-1923թթ, չնայած չկար ցեղասպանություն բառը, բայց վավերագրողների նյութերը, նրանց հստակ բառամթերքը ցույց են տալիս, որ բոլորը խոսում են մի ամբողջ ազգի բնաջնջման մասին, Հայկական հարցի վերջնական լուծման մասին, ինչը կարեւոր է ցեղասպանություն հանցագործությունը հասկանալու համար»:

Նրա խոսքով, բացի 26 երկրների դիվանագետներից, լրագրողներից եւ այլն, հատուկ անդրադարձ ունեն նաեւ Օսմանյան կայսրությանը, քանի որ, Գզոյանի խոսքով, Օսմանյան կայսրությունում եւս կային մարդիկ, որոնք վավերագրում էին Հայոց ցեղասպանությունը, նշեց, որ անդրադարձել են նաեւ Կոստանդնուպոլսյան դատավարություններին. «Այդպիսով ցույց ենք տալիս, որ Օսմանյան կառավարությունը առաջին պետությունն էր, որն իրավական դատական պրոցեսների միջոցով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Խոսել ենք այն հանձնաժողովների մասին, որոնք ստեղծվել էին հավաքագրելու ամբողջ նյութը, որոնք հիմք հանդիսացան այդ դատական պրոցեսների համար, նաեւ թուրքական մամուլից ենք ցույց տալու տեղեկություններ, որոնցով փաստագրվում եւ վավերացվում էր Հայոց ցեղասպանությունը»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930