ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 18-ին ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական Խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի (GRETA) պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարությունց, ինչպես նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Արմեն Ղազարյանը ներկայացրել է Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության դերակատարումը մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում։ Փոխնախարարը նշել է, որ այս հանցատեսակի դեմ արդյունավետ պայքարը նախարարության օրակարգում է՝ սահմանային կառավարման և կանխարգելման քաղաքականության շրջանակում։
Արմեն Ղազարյանը կարևորել է միջգերատեսչական համագործակցությունը՝ հասարակության անվտանգության ապահովման տեսանկյունից՝ առանձնացնելով միգրացիոն, ոստիկանական և սահմանապահ առաքելություն իրականացնող ծառայությունների վարած միասնական քաղաքականությունն ու համատեղ նախաձեռնությունները։
Ներկայացվել են թրաֆիքինգի դեմ պայքարում նախարարության գործուն քայլերը, ինչպես նաև այս ուղղությամբ Ոստիկանության և Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործունեության մասին վիճակագրական տվյալներ։
Կարդացեք նաև
Անդրադարձ է կատարվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ հարցերով Խորհրդի աշխատանքների և 2023-2025 թվականների Ազգային գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին:
Համատեղ քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք թիրախային հարցեր։
Պատվիրակության այցի շրջանակում հանդիպումները տարբեր պետական մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և շահագրգիռ կառույցների հետ շարունակվում են:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ