Լրահոս
Օրվա լրահոսը

Պնդելով, որ հայերը պետք է հարց բարձրացնեն, թե «ինչու» տեղի ունեցավ Ցեղասպանությունը, և ակնարկելով զոհի պատասխանատվության մասին՝ Փաշինյանն օգտագործում է պատմության խեղաթյուրման ամենանենգ գործիքներից մեկը. Վարդան Օսկանյան

Ապրիլ 21,2025 11:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հիշողություն և ժխտում․ Ցեղասպանության ոգեկոչումն ու մեր ներքին սպառնալիքը

Այս օրերին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Սերունդներ շարունակ մենք հարգել ենք 1,5 միլիոն զոհերի հիշատակը, որոնք կյանքից զրկվել են պետականորեն կազմակերպված և մանրակրկիտ ծրագրված բնաջնջման արշավի արդյունքում։ Այս տարի, սակայն, մեր հավաքական ոգեկոչումը ստվերում է մի ամպ, որը դրսի ուժերից չէ, այլ ներսի։ Հստակությունը, որը երկար ժամանակ բնորոշել է մեր հիշատակման ծեսը, այժմ վտանգված է Հայաստանի ղեկավարության աննախադեպ բարոյական անկմամբ։

Նիկոլ Փաշինյանին վերագրվում է երբևէ աներևակայելի մի մեղք. նա հրապարակայնորեն կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իրողությունն ու ողբերգության մասշտաբները։ Նրա վերջին հայտարարությունները՝ փաթեթավորված խուսափողական, երկիմաստ ձևակերպումներով, թեև բացահայտ ժխտում չեն, սակայն վտանգավոր կերպով համահունչ են Անկարայի կողմից վաղուց տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանը։ Պնդելով, որ հայերը պետք է հարց բարձրացնեն, թե «ինչու» տեղի ունեցավ Ցեղասպանությունը, և ակնարկելով զոհի պատասխանատվության մասին՝ Փաշինյանն օգտագործում է պատմության խեղաթյուրման ամենանենգ գործիքներից մեկը։

Ցեղասպանության ժխտումը մտավարժանքի կամ դիվանագիտական նրբության հարց չէ։ Այն բռնության ակտ է։ Ինչպես Էլի Վիզելն է ասել՝ «ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է»։ Այն նպատակ ունի ջնջել ոչ միայն կյանքերը, այլև հիշողությունը, ինքնությունը և ճշմարտությունը։ Ահա թե ինչու մեր ոգեկոչումն այսօր առավել քան երբևէ կարևոր է։ Մենք այժմ կանգնած ենք կրկնակի սպառնալիքի առջև՝ ժխտում դրսից և արժեզրկում ներսից։
Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամանրակրկիտ փաստագրված ոճրագործություններից է։ Վերապրողների վկայությունները, Օսմանյան կառավարության հրամանները, միսիոներների գրառումները, օտարերկրյա դիվանագիտական հաղորդագրությունները և անհերքելի ժողովրդագրական տվյալները՝ բոլորը վկայում են ամբողջական ժողովրդի բնաջնջման համակարգված արշավի մասին։ Դա պատերազմական քաոս չէր, այլ սառը, հաշվարկված քաղաքականություն։ Այս ամենը կասկածի տակ դնելը ոչ համարձակ է, ոչ էլ նրբագծված։ Դա բարոյական ձախողում է։

Իսկ Փաշինյանի ձախողումները չեն սահմանափակվում միայն հիշողությամբ։ Նրա կառավարման շրջանը նշանավորվել է ազգային աղետով՝ Արցախի կորստով, 120,000 հայերի տեղահանմամբ, հազարավոր երիտասարդ զինվորների մահով և նվաստացուցիչ պարտությամբ։ Նրա ղեկավարման օրոք խարխլված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մեր գերիները փակված են Բաքվի զնդաններում, իսկ առջևում նոր զիջումներ են։ Փաշինյանը նաև Արցախի հայերի վերադարձի իրավունքի հիմնական խոչընդոտն է՝ չնայած այն հստակ ազդանշաններին, որ միջազգային հանրությունը պատրաստ է անդրադառնալ այս հիմնարար խնդրին։

Ցեղասպանության մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները դատապարտելի և անընդունելի են: Հայաստանի ղեկավարի կողմից մեր պատմության ամենամեծ ողբերգության խեղաթյուրումը կամ նսեմացումը պետք է ցասում առաջացնի յուրաքանչյուր հայի մեջ, որ սերունդներ շարունակ կրել է հիշողության բեռը։

Թուրքիան տասնամյակներ շարունակ ժխտել է Ցեղասպանությունը՝ այն ներկայացնելով որպես պատերազմի ժամանակների փոխադարձ տառապանք՝ փաստաթղթերը որակելով քարոզչություն և աշխարհով մեկ մոռանալու լոբբինգ անելով։ Այժմ այդ հռետորաբանությունը մտահոգիչ ձայնակցություն է գտել Երևանում։ Փաշինյանի խոսքերը ոչ միայն խարխլում են Հայաստանի բարոյական դիրքն արտերկրում, այլև սպառնում փշրել այն հավաքական հիշողությունը, որը մեր ժողովրդին միասնական է պահել։
Փաշինյանի այս արարքը դատողության սխալ չէ։ Այն խզում է։ Առաջնորդը, որին վստահված է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, չի կարող միաժամանակ խարխլել մեր բարոյական և պատմական ինքնության ակունքները։ Փաշինյանի հռետորաբանությունը քաջալերում է ժխտողականներին և քայքայում ազգային միասնության հիմքերը։

Ապրիլի 24-ին, երբ մենք ազգովի համախմբվում ենք հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու համար, պարտավոր ենք նաև վճռական լինել՝ վերականգնելու Հայաստանի արժանապատվությունն ու ազգային նվիրական գաղափարները: Փաշինյանը զրկվել է երկիրն առաջնորդելու բոլոր իրավունքներից՝ բարոյական, քաղաքական և իրավական: Արդարության վերահաստատման և ազգային վերածննդի ուղին անցնում է նրա հեռացման միջով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930