Այս խոհն առ Հիսուս Քրիստոս կարդում ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահպանվող հայատառ թուրքերեն շարադրված հուշագրություններից մեկում: Առաջին հայացքից ընթերցողը կկարծի, թե այս նոթատետրը հոգեւորականի՝ կրոնական թեմատիկայով ձեռագիր գրառումների տետրակ է, սակայն աստիճանաբար յուրաքանչյուր էջով բացվում է զինվորականի՝ նարեկացիական մոտիվով եւ «Նարեկ»-ի սկզբունքով գրված աղոթագիրք՝ կից աստվածաշնչյան խոհապատումներով, խրատապատումներով, ինչպես նաեւ արեւմտահայերեն տեղ-տեղ աղոթագիր մեջբերումներով: Նոթատետրը ՀՑԹԻ-ին է հանձնել Հալեպի մարաշցիների հայրենակցական միությունը:
Նոթատետրի վերջին էջերին, ինչով էլ բացահայտվում է այս նոթագրքի խորհրդավոր պատմությունը, մարաշցի զինվորական տասնապետի հեղինակած նամակն է: Ըստ նամակի՝ մարաշցի «զինվորական (զինվորների) տասնապետ (սպա)» Գարեգին Վանըսքեհյայանը մարտը սկսելու նախորդող օրվա երեկոյան հենց մարտի դաշտում գրել է այն եւ հանձնել իր զինակից ընկերներից մեկին: Իրադարձությունը թվագրվում է 1913թ. հունվարի 25-ով, երբ զինվորականը պատերազմի դաշտում դիմում է իր զինակիցներին՝ վկայակոչելով Հիսուս Քրիստոսին եւ նշելով, որ սա իր վերջին եւ կիսատ խոսք-պատգամն է, համաձայն որի՝ ամբողջ հույսը պետք է կապել Աստծո զորության հետ, որ ուժ, խաղաղություն, հոգեւոր առաքինություն տրվի իրենց. «Թշնամին մեր դիմացն է. չգիտենք՝ ողջ կմնանք, թե՝ ոչ, բայց Աստված մեզ հետ, ողջ զորությունը Նրանն է… թույլ տվեք Հիսուսի օրհնությամբ իմ սիրտը տալ ձեզ…. Ամեն»: Նամակն ավարտվում է հիշյալ խոսքերով:
Մարտը ճակատագրական էր հեղինակի համար. նամակը գրելու հաջորդ օրը Գարեգին Վանըսքեհյայանը սպանվում է մարտի դաշտում: Հուշագրքում չկան տեղանուններ եւ անձնանուններ՝ բացի նամակի վերջում հեղինակի անունից:
Նամակում հիշատակված իրադարձությունը Բուլայըրի/Պուլայըրի (Բլայար) ճակատամարտի/մարտի մասին է, իսկ հուշագիրքը զոհված օսմանահպատակ հայ սպայի նոթատետր է. մեկը Գալիպոլուի (Կէլիպօլու//Կէլիփոլի/Կալիփոլի) հայ 3000 զինվորներից, որոնք մասնակցել էին Բուլայըրի ճակատամարտին 1913թ. հունվարի 26-ին:
Կարդացեք նաև
Նոթատետրի կազմերեսի ներսի հատվածում Հիսուսի պատկերանկարն է, իսկ կազմերեսի վերջին էջում (ներսից)՝ Տիրամոր պատկերը: Սակայն նոթատետրում կտեսնեք նաեւ պատկերազարդ էջեր՝ հավանաբար կալկայով արված, իսկ նոթատետրի վերջին էջի ստորին աջ հատվածում «Հաբեթ Մինասյան» կնիքն է դրված:
Էլինա ՄԻՐԶՈՅԱՆ
Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատող, բ.գ.թ.
Հ.Գ.Պայմանականորեն է վերնագրված, քանի որ ձեռագիր նոթատետրը վերնագիր չունի, սակայն կազմերեսի ներսից առաջին էջում (որին փակցված է Հիսուս Քրիստոսի պատկերը) ընդգծված կերպով ձեռագիր գրված է որպես խորագիր ներկայացված գրառումը:
«Առավոտ» օրաթերթ
19.04.2025