Հայաստանի ներկան ու ապագան միայն ԵՄ ու ՆԱՏՕ-ի հետ տեսնող Հայաստանի եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը 2009-ին այդ հարցում չուներ նման կատեգորիկ մոտեցում: Այդ տարիներին պարոն Խզմալյանը հիշում էր ԽՄ կազմում Հայաստանի տնտեսության, կրթության, առողջապահության ու այլ բնագավառների ծաղկունքը:
«Մեր անդրանիկ հանդիպումը նվիրված է երկրի ու հասարակության սոցիալական վիճակին: Ութսունական թվականների կեսերին Միավորված Ազգերի Կազմակերպության տվյալներով Խորհրդային Միությունը գտնվում էր աշխարհի զարգացած երկրների երրորդ տասնյակում՝ քաղաքացիների կենսամակարդակով, սոցիալական ապահովության, առողջապահական ծառայությունների, կրթության համակարգի, արդյունաբերության ներքին համախառն արտադրանքի չափանիշերով: Իր հերթին, Խորհրդային վիճակագրության տվյալներով, Միության ներսում Հայաստանը կիսում էր Էստոնիայի հետ առաջին-երկրորդ տեղերը կենսամակարդակի և զարգացման նաև այլ ցուցանիշերի առումով: Այսինքն, ընդամենը քսան տարի առաջ Հայաստանը գտնվում էր մարդկային զարգացման չափանիշերով աշխարհի երկրների մեջ առաջատար դիրքերում, նույն ՄԱԿ-ի սանդղակով գերազանցելով Հունաստանին, Պորտուգալիային, Հարավային Կորեային, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններին: Էական նշանակություն ուներ երկրի այն տարիների մշակութային ու հոգևոր եռանդուն կյանքը, կենցաղային յուրահատուկ բարոյականությունն ու սոցիալական համերաշխությունը, բարոյական իդեալների շուրջ ձևավորված արժեքային համակարգը, առանց որի հնարավոր չէր լինի ոչ վաթսունականների ազգային զարթոնքը, ոչ էլ ութսունականների-իննսունականների ազատագրական պայքարը: Ներկաներիս մեծամասնությունը դեռևս չի հասցրել մոռանալ այդ իրողությունները»,- 2009-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած «կլոր սեղանի» շուրջ ասել էր պարոն Խզմալյանը:
«Նկատի ունեի, որ մենք կորցնում ենք այդ տարիներին կուտակված առավելությունը եւ դուք Էստոնիայի փորձը հիշեցիք, ինձ համար ակնհայտ էր հենց նման օրինակները: Որ ԽՄ փլուզումից հետո մի շարք երկրներ գնացին բոլորովին այլ ճանապարհով, ու Էստոնիան, որը հիմա 3-4 անգամ գերազանցում է մեզ մարդկային զարգացման ցուցանիշներով, իր ընտրությունը 2000-2003 թթ կատարել էր: Ընտրել էին ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ճանապարհն ու ապահովեցին իրենց պետական, ֆիզիկական, տնտեսական, քաղաքական զարգացում ու ինքնություն: Իսկ մենք այդ ընթացքում նահանջ ապրեցինք, որովհետեւ ոչ մի կերպ չէինք կարող գտնել մեր ճանապարհը»,- Aravot.am-ին ասաց Խզմալյանը՝ մեկնաբանելով իր դիրքորոշումների փոփոխությունը:
«Դուք հիմա ինձ ուզում եք համեմատել 2009 թվականի իմ կարծիքների հետ: 2009-ին բոլորովին այլ երկիր էր: Դեռեւս 2003-ին Ռոբերտ Քոչարյանը՝ այդ ժամանակվա նախագահը, հայտարարում էր, որ Հայաստանը պետք է պատրաստվի ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ: Քոչարյանը երկու ամսվա մեջ կառավարությունից պահանջում էր պատրաստել համապատասխան որոշումները եւ ծրագիր: Այդ առումով հետեւում էր իր ուղիղ ղեկավար Պուտինի մտադրություններին, որը նույնպես 2003-ին խոսում էր ՌԴ- ի՝ ԵՄ եւ ՆԱՏՕ-ին հնարավոր միացման մասին: Սակայն, նավթի գինը կտրուկ աճեց ու աճեցին նաեւ ՌԴ ծավալապաշտական ախորժակները: Ուստի, հրամանը փոխվեց, ու Քոչարյանը դարձավ բոլորովին այլ միտումների սպասարկողը: Իսկ մենք դաս սովորեցինք: 2009-ից առաջ կար 2008-ի «մարտի մեկը»: Դա բավական շատ փոխեց մեր տեսակետները Հայաստանի զարգացման վերաբերյալ: Ես զրկվեցի համալսարանում աշխատելու իրավունքից, դա նույնպես ակնարկն էր, թե ինչպիսի Հայաստան է առաջանում մեր աչքի առաջ: 2000-ականների սկզբին ընդգծված ազգայնական տեսակետներ եմ ունեցել, հիմա իմ տեսակետները նույնպես ազգայնական են, պարզապես ազգայնական համարում եմ եվրոպական ժողովրդավարության հետ միասին Հայաստանը պահպանելու տեսակետը: 2009-ից աշխարհը զգալիորեն փոխվել է, պետք է հիմար լինել, որ 20 տարի անց պնդես նույնը: Նույնն է մնացել միայն իմ հավատը, որ Հայաստանը անկախ պետականություն պետք է ունենա, այլ ոչ թե մտնի ռուս-թուրքական դաշինքի մեջ, որը կործանարար է եղել մեզ համար 100 տարի շարունակ»,- հավելեց պարոն Խզմալյանը:
Կարդացեք նաև
Ըստ մեր զրուցակցի՝ միթե 2025-ին դեռեւս պետք է ապացուցել ու բացատրել, որ ոչ մի ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ չկա, դրանք ընդամենը Ռուսաստանի մականուններն են. «Նրանց ռազմաքաղաքական գաղութացման լծակներն են: Մենք դրանում շատ դառը փորձ ունենք համոզվելու: Թե՛ 2020-ին, թե՛ 2022-ին Հայաստանի ուղիղ հռետորաբանական հորդորները ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին հանդիպում էին կամ հեգնանքի կամ պարզապես մերժում էին: Մենք հիմա էլ ենք նրանց մասը, ինչո՞վ ապահովեց ԵԱՏՄ-ն կամ ՀԱՊԿ-ը մեր զարգացումը կամ անվտանգությունը: ԵԱՏՄ-ն դարձել է Ռուսաստանի մաքսանենգության ապահովման միջոց, իսկ ՀԱՊԿ-ը երբեք, փաստորեն, չի էլ եղել: Դա մենք բոլորից լավ գիտենք»:
Մեջբերենք նաեւ Տիգրան Խզմալյանի 2009թ. նոյեմբերին հրապարակած մանիֆեստից»
«Մեր աչքի առաջ աղքատ ու թշվառ համարվող Լատինական Ամերիկայի երկրները մեկը մյուսի ետևից կատարում են սոցիալական հեղափոխություն, պետականացնելով ու ազգայնացնելով երբեմնի գողացված տնտեսությունը, ժողովրդին վերադարձնելով տարիներ առաջ օտարներին վաճառված բնական պաշարներն ու ընդերքը: Վենեսուելայի առաջնորդ Հուգո Չավեսն ու Բոլիվիայի Նախագահ Էվո Մորալեսը հաշված ամիսների ընթացքում պետական մասնաբաժինն ու եկամուտները նման արտադրություններում սահմանադրական փոփոխությունների շնորհիվ հինգ-վեց տոկոսից հասցրեցին մինչև յոթանասուն-ութսուն տոկոս, դուրս հանելով իրենց երկրներն ու ազգերը գաղութային աղքատությունից ու թշվառությունից: Իսկ Հայաստանում, հենց այսօր նույն թափով ու եռանդով շարունակվում է գաղութացման ու համատարած կողոպուտի գործընթացը, բնական պաշարների ու ընդերքի վաճառքն ու թալանը։ Ավելին` փոքր ու անպաշտպան ներքին շուկան, թույլ զարգացած ազգային արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զոհաբերվում է Թուրքիայի քաղաքական ու տնտեսական ագրեսիային: Այս դավաճանության գինը դարեր շարունակ մնում է նույնը` երեսուն արծաթ:․․․
․․․Այս ընթացքում արքունի պնակալեզ մտավորականներն ու քաղաքագետիկները շարունակում էին պերճախոսել կապիտալիստական դրախտի հիմնասյուն հանդիսացող միջին խավի ստեղծման մասին: Այս գեղեցիկ բնորոշմամբ էին անվանվում արագ ձևավորվող քրեական օլիգարխիան ու նրանց ծառաները: Սա հերթական խայտառակ կեղծիքն էր: Սկսենք նրանից, որ խորհրդային տարիներին Հայաստանը ոչ այլ ինչ էր, քան հենց միջին խավի վառ օրինակ հանդիսացող երկիր: Ինժեներա-տեխնիկական, գիտական ու կրթական, ինչպես նաև առողջապահական ոլորտում աշխատող խավը ազգաբնակչության մեծամասնությունն էր կազմում: Դրանից բացի, միջին խավը անհնար է պատկերացնել առանց գործող արտադրության ու արդյունաբերության, այսինքն` առանց բանվոր դասակարգի: Առանց սեփական, ազգային արդյունաբերության զարգացման` ֆինանսա-բանկային համակարգի հաստատումը ցնորք է, ինչպես նաև «միջին խավի ստեղծում» կոչվող պատրանքը: Դրանք ստեղծվում էին միջազգային իմպերիալիզմից մեր պետությանը գաղութային կախվածության մեջ դնելու նպատակով․․․․:
․․․Հետայսու, ցավով, բայց և ամբողջ պատասխանատվությամբ պետք է արձանագրել, որ քսանամյա տնտեսական անկման ու հետընթացի արդյունքում Հայաստանը զարգացած երկրի կարգավիճակից անցում կատարեց ոչ թե զարգացող կամ թերզարգացածի կարգավիճակին, այլ հասավ միջազգային կապիտալի համար հումքային և մարդկային ներուժ մատակարարող գաղութի կարգավիճակին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ