Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) Դեբետ գյուղում տեղակայված ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունն իրենց իրավունքների առնչությամբ և երիտասարդների համար ստեղծել որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու հնարավորություններ:
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները, իր իրավասությունների շրջանակը։
«Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու, ինչպես նաև իրենց վերաբերելի հարցերի առնչությամբ որոշումների կայացման գործընթացում երիտասարդներին ներգրավելու համատեքստում»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Կարդացեք նաև
Պաշտպանն անդրադարձել է տարբեր գործընթացներում երիտասարդների մասնակցության կարևորութանը. «Երիտասարդների իրավունքների իրացումը, այդ թվում՝ մասնակցության, պետք է կարողանանք ապահովել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետության տարածքում՝ մարզային լայն սփռմամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր բնակավայրերը»,- ասել է Պաշտպանը:
Ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձել է առողջության պահպանման, կրթության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին և մի շարք այլ խնդիրների:
Վարպետաց դասի շրջանակներում երիտասարդները նաև իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել Պաշտպանին և ներկայացրել իրավունքների հետ կապված խնդիրներ: Անահիտ Մանասյանը հայտնել է իր հանձնառությունը նոր մեթոդաբանությամբ ներկայացնելու հավաքագրված խնդիրները` իրավասու մարմինների առջև դրանք բարձրացնելու գործընթացին ներգրավելով նաև երիտասարդներին: Առաջիկայում այդ ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը երիտասարդներին հանձնել է դասընթացի մասնակցության վկայականներ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը նաև շրջայց է կատարել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին և զրուցել շահառուների հետ:
Վարպետաց դասը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ lll» ծրագրի կողմից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Դե իհարկե, հիմնական գործառույթները թողել է ու անշառ տեղերը վարպետաց դասեր է տալիս։ Իսկական ՄԻՊ-ն այս իրավիճակում պետք է մարդկանց իրավունքները ոտնատակ անող նիկոլին ու առաջին դասարանում մնացած պաշտոնյաներին վարպետաց դասեր տար, բայց երևում է , որ այս տիկինն իր պաշտոնը շատ է սիրում, չափազանց շատ, և հո միամիտ չի, որ իր իսկական պարտականությունները կատարի։