Այսօր «Իմ Քայլը» հիմնադրամի «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շահառու 40 երեխաները իրենց մշակութային ճամփորդության երրորդ կանգառում էին` Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` դիտելու «Ճպուռն ու մրջյունը» մանկական բալետը։
Սակայն այցը միայն ներկայացմամբ չսահմանափակվեց։ Երեխաները հնարավորություն ունեցան մուտք գործել բեմից այն կողմ՝ կուլիսներ, տեսնել պարողների, արվեստագետների և աշխատող անձնակազմի նախապատրաստական ընթացքը և բացահայտել այն կախարդական աշխարհը, որը թաքնված է հանդիսատեսի աչքից հեռու։ Այս տպավորիչ հանդիպումը օգնեց երեխաներին ոչ միայն մոտիկից ծանոթանալ բալետի աշխարհի հետ, այլև տեսնել, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում յուրաքանչյուր ներկայացումից առաջ։
Կարդացեք նաև
Երկու գործողությամբ բեմադրությունը երեխաները դիտեցին մեծ հաճույքով և հետաքրքրությամբ, իսկ ավարտին Օպերայի թատրոնի կողմից ստացան խորհրդանշական նվերներ՝ պուանտներ (բալետի պարողների կոշիկներ): Օրը եզրափակվեց Օպերայի շենքում շրջայցով և հարակից հրապարակի ճանաչողական զբոսանքով։
Հիշեցնենք, որ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեխաները` ըստ նախապես մշակված հատուկ կրթական ծրագրի, այցելում են Հայաստանի տարբեր մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու արվեստին, բալետին, օպերային, թանգարաններին և այլ մշակութային կենտրոններին:
«ԻՄ ՔԱՅԼԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄ