Բագրատ սրբազանը այսօր՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով ուղիղ եթերով ուղերձ է հղել հավատավոր ժողովրդին:
«Շուրջ 50 օրվա ճանապարհորդությունից հետո հասանք Սուրբ Հարության հանգրվանին, երբ այսօր գիշերը մեր եկեղեցիներում, աշխարհի բոլոր անկյուններում հռչակվելու է մեր Տիրոջ Հարության խորհուրդը: Սա մեծագույն ուրախություն է, որովհետեւ հռչակում է մարդու անմահության մասին, մեր Տիրոջ հաղթանակը մահվան վրա, ինչպես նաեւ այդ միջոցով հնարավորություն ստեղծելով մարդու համար՝ հաղթելու մեղքին, հաղթելու մահվանը եւ այդպիսով հռչակելու իր անմահությունը»:
Հարության խորհուրդը որպես վերջնահանգրվան եւ վերջնանպատակ, մեզ համար հնարավորություն է այս կյանքում ոչ թե խորհել մահվան մասին, այլ խորհել անմահության մասին: Սա ամենաիրականն է մեր կյանքում: Մենք շատ հաճախ մոռանում ենք՝ խորհելու մեր մահվան եւ անմահության, մեր մահկանացու լինելու մասին: Եվ երբ մոռանում ենք այդ մասին, սկսում ենք անպատասխանատվությամբ ապրել, ապրել ամենափոքր, սահմանափակ, ճղճիմ երեւույթների մեջ, փորձել մեզ համար լավագույն կյանքի տարբերակը շահեցնել: Եվ հոգ չէ, թե դա կլինի ստով, կեղծիքով, զրպարտություններով:
Հետեւաբար, մարդուն մնում է փնտրել այդ հնարավորությունը՝ ինքն իրեն հաշիվ տալով՝ չմահանալու, պարզ լեզվով ասած՝ անմահանալու: Իսկ անմահանալու ճանապարհը մեկն է, թե ինչպիսի կյանք ես ապրում եւ ինչպիսի պատասխանատվություն ես կրում՝ ինչպիսի շիրիմ ես ունենալու: Մարդիկ նայելու են այդ շիրիմի վրա եւ իրենց անեծքը, հայհոյանքը տեղա՞ն, թե նայելու են այդ շիրիմի վրա, փորձեն որդեգրել քո ընտրած ճանապարհը եւ օրհնություն հեղել այդ շիրիմի վրա:
Կարդացեք նաև
Ինչ է տեղի ունենում մեր այսօրվա կյանքում: Գտնվում ենք մի այնպիսի իրավիճակում, որտեղ մեզ համար պարզապես Խաչելությունը, տառապանքը իրական իրականություն է: Մենք իրավունք չունենք մերժելու այդ ճանապարհը, բայց իրավունք չունենք նաեւ այդ ճանապարհից հրաժարվելու գնով հրաժարվել Հարության խորհրդից:
Մեզ անընդհատ ներշնչում, ներարկում են, թե անզոր ենք, անհույս ենք, անելանելի կացության մեջ ենք, խեղճ ենք, թշվառ ենք, անօգնական ենք եւ այս իրավիճակից ելք գոյություն չունի: Բայց մի վախեցեք: Մենք միասին կարողացել ենք փաստել, որ մեր ժողովուրդը մեռած չէ, անօգնական չէ, անզոր չէ, որ անելանելի կացության, թշվառության, խեղճության մեջ չի գտնվում: Միայն մնում է, որ հավատանք մեր սեփական կարողություններին եւ ուժերին: Մնում է, որ ամեն մարդ մտածի, թե ինքը ինչ ճանապարհով է ընթանալու իր անմահության հետեւից: Ներկայում կրելով մեր բաժին պատասխանատվությունը՝ մենք պատասխանատու ենք հատկապես գալիքի համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ