Փարաքար համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Միասնություն» դաշինքի անդամ Վալոդյա Գրիգորյանի երդման արարողությունից առաջ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը լրատվամիջոցների հետ զրույցում ընտրության արդյունքը գնահատեց դրական:
«Այն պատկերացումները, որ ունեինք, այս երեք տարիների պայքարը, նաեւ հաշվի առնելով նախընտրական քարոզչության շփումները բնակիչների հետ, արձանագրվեցինք ընտրությունների արդյունքներով: Եվ այսօր բնակչության մեծամասնությունը իր վստահությունը տվեց մեր թիմին՝ Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ: Ստանալ վստահություն, առաջին հերթին պատասխանատվություն է: Ամեն ինչ նոր է սկսվում: Արդեն երկուշաբթի օրվանից մեր թիմը ծանր աշխատանք եւ պատասխանատվություն ունի, որովհետեւ, ցավոք, այս տարիների ընթացքում խնդիրները համայնքում ոչ միայն չլուծվեցին նախորդ իշխանությունների կողմից, այլ բազմաթիվ նոր խնդիրներ կուտակվեցին»:
Դիտարկմանը, որ ավագանու առաջին նիստը ՔՊ-ն բոյկոտել էր, այդ պայմաններում ինչպե՞ս է պատկերացնում աշխատանքը, եթե իշխանությունը շարունակի բոյկոտել ավագանու նիստերը եւ մասնակցություն չունենալ նույնիսկ ընդդիմադիր կեցվածքով՝ պարոն Առաքելյանը պատասխանեց. «Ցավալի է, որովհետեւ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը բազմիցս ժողովրդավարությունից, ընտրությունների արդար լինելուց է խոսում: Մյուս երկու խմբակցությունների ղեկավարները շնորհավորել են Վալոդյա Գրիգորյանին: Հետեւաբար, նշանակում է, որ ընդունել են ընտրությունների արդյունքները: Եվ այն ձայները, որ իրենք ստացել են բնակիչների կողմից, պետք է նաեւ իրենց ներկայությամբ ծառայեն համայնքին:
Ամեն դեպքում, մենք ունենք մեծամասնություն: Բայց իրենք են որոշում իրենց քաղաքական վարքագիծը: Ընդդիմության առկայությունը ցանկացած միջավայրում կարեւոր է այնքանով, որ ավելի է պարտավորեցնում իշխանությանը: Այո, հնարավոր է՝ լինեն այնպիսի խնդիրներ, որ իրենք էլ պետք է մասնակցեն, բերեն նիստեր, քննարկեն: Մենք բաց ենք աշխատելու: Սակայն եթե իրենք ունեն քաղաքական որոշում նիստերին չմասնակցելու, մենք ունենք մեծամասնություն: Եվ որեւէ խնդիր չի լինի համայնքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար:
Կարդացեք նաև
Պատասխանելով հարցին, թե նկատի առնելով վերջին տարիներին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի պարտությունները՝ 2026 թվականին ի՞նչ արդյունք կգրանցվի, Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքները եւ իշխանության վարկանիշը խոսում են այն մասին, որ 2026 թվականի ընտրություններում իշխանությունը վերարտադրվելու որեւէ շանս չունի: Որովհետեւ առաջիկա մեկ տարվա ընթացքում, սա ցավով եմ արձանագրում, վստահ եմ, որ իշխանության գործողությունները ավելի են վնասելու իրենց վարկանիշին՝ անվտանգային առումով, տնտեսական եւ այլ խնդիրների առումով: Ընդդիմության արդյունավետ աշխատանքի արդյունքում, համոզված եմ, որ 2026 թվականին հնարավոր է ձեւավորել լավ իշխանություն»:
Խոսելով նաեւ համայնքի խնդիրները լուծելու իրենց «Միասնություն» դաշինքի տեսլականի մասին՝ «Ապրելու երկիր» կուսակցության փոխնախագահն ասաց. «Մեր ոչ միայն քարոզարշավի, այլեւ այս ամբողջ ընթացքի նախընտրական ծրագրում, որը կազմվել էր նաեւ բնակիչների հետ շփումներով, բոլոր բնակավայրերում արձանագրել ենք հրատապ խնդիրները, որոնք արդեն հաջորդ շաբաթվանից համայնքի ղեկավարման տեսանկյունից կգույքագրվեն, եւ կսկսենք դրանց լուծումներ տալ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ