«ՀՀ-ում իշխող քաղաքական ուժը մեր պատմությունը ջնջելու կամ սեփական պատկերացումներով խմբագրելու ճանապարհին փորձում է ջնջել մարդկանց հիշողությունից այն հանգամանքը, որ հայկական Արցախ ենք ունեցել, կամ փորձում են ջնջել բոլոր այն մարդկանց կենսագրությունը, որոնք հայ ժողովրդին հաղթանակ են պարգևել, մարտեր ղեկավարել»,- ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Հայ ժողովրդի ավանդը Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում» կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը ցավով նշեց՝ սա տեղի է ունենում հասկանալի իրողությունների տրամաբանության ներքո։ Նա վստահեցրեց՝ կարևորելով ոչ միայն հաղթանակի 80-ամյակի նշումը, այլև այն ինստիտուցիոնալ ողջ հիշողությունը, որը մեր ժողովրդի պատմության կարևոր հատվածն է կազմում, կփորձեն խորհրդարանի միջոցով առավել լսելի դարձնել այս թեման բոլոր այն մարդկանց համար, որոնք ամեն ինչ անում են մոռանալու մեր ժողովրդի հավաքական հիշողությունը և հաղթանակը։
Նշենք, որ համաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան գիտական համայնքի ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, պատմական գիտությունների դոկտոր Խաչատուր Ստեփանյանը, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունը, պատմական գիտությունների թեկնածու Էդգար Հովհաննիսյանը և այլք։
Կարդացեք նաև
Նշենք, որ «Հայ ժողովրդի ավանդը Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում» կլոր սեղանի ավարտին համաժողովն ընդունեց հայտարարություն։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձանագրեց՝ ՀՀԿ պատգամավորները ԱԺ-ում նախաձեռնելու են ԱԺ-ի պաշտոնական հայտարարության ընդունման գործընթաց Մեծ հաղթանակի 80-ամյակի առիթով․ «Հլը տեսնենք՝ կապիտուլյանտներն ինչպես կարձագանքեն ՀՀԿ պատգամավորների այս նախաձեռնությանը։ Սա ոչ կուսակցական, ոչ քաղաքական նախաձեռնություն է, սա արժեքային և քաղաքակրթական է և մեր պատմական ժառանգությանը տեր կանգնելու նախաձեռնություն է։ Ինչ վերաբերում է արցախահայությանը․ արցախահայության մասնակցությունը ոչ միան Հայրենական Մեծ պատերազմի օրերին է եղել հերոսական, այլև Առաջին Հանրապետությունը ծնունդ է արցախահայության պայքարի։ Որ ապուշաբար խոսում են՝ Արցախը ադրբեջանական է եղել, արցախահայությունը բեռ է, բեռ են իրենք՝ իրենց՝ էդ ապուշ մտածողությամբ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ