ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Հայ ժողովրդի ավանդը Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում» կլոր սեղանի ժամանակ Հայաստանի Վետերանների միավորման նախագահ գնդապետ Սիմոն Եսայանը մտահոգություն հայտնեց, որ հայ վետերանները դեռ չեն ստացել հաղթանակի 80-ամյակի մեդալները։ Նա նշեց․ «Այսօրվա դրությամբ ՀՀ-ում բնակվում են Հայրենական Մեծ պատերազմի 32 մասնակիցներ, նրանց թվում են նաև կառավարության որոշմամբ երկու գերության մեջ գտնվածներ և Լենինգրադի բլոկադայի յոթ մասնակիցներ։ Մյուս 23-ը Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներն են։ Մայիսի 9-ին երկու հոգի մասնակցելու է Մոսկվայում կայանալիք շքերթին, երկու հոգի գնալու են Լենինգրադ, երկու հոգու հարազատներ, որոնք մասնակցել են Ճապոնիայի դեմ մարտերին, գնալու են Չինաստան։ Մի վատ լուր՝ մինչև օրս նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միայն մեր հանրապետությունն է, որտեղ վետերանները չեն ստացել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մեդալներ։ Չգիտեմ՝ դա ինչու է ձգձգվում։ 4-5 ամիս առաջ ենք ցուցակները ներկայացրել»։
Նա հորդորեց ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովին սա նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանին փոխանցել։
Կարդացեք նաև
Ալեքսանդր Նովիկովն ասաց․ «Մենք այդ հարցով զբաղվում ենք։ Այստեղ աշխատանքի մի մասը պետք է ՀՀ կառավարությունն անի, դրա համար ձգձգվում է։ Կապի մեջ ենք, և կլինեք առաջինը, որ կիմանաք հանգուցալուծման մասին»։
Խոսելով Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովրդի ավանդի մասին՝ գնդապետ Սիմոն Եսայանն ասաց․ «Հայրենական Մեծ պատերազմը նաև մեր պատերազմն էր, քանզի առնչվում էր նաև մեր ժողովրդի կենսական շահերին։ Նրան մասնակից դարձավ ողջ աշխարհասփյուռ հայությունը՝ ի դեմս իր 600 հազար ռազմիկների։ Պատերազմը մերն էր, նաև մերն էր նրա պատճառած անսահման վիշտն ու տառապանքը, ինչպես նաև փառահեղ հաղթանակի բերկրանքը։ Մարտական շքանշան ու մեդալի պարգև է տրվել 66802 հայ ռազմիկների, ԽՍՀՄ հերոսի կոչման արժանացել է մինչև 107 հայ ռազմիկ։ Զինվորական փառքի շքանշանի են արժանացել 27 հայ ռազմիկներ։ Պատերազմին մասնակցել է ավելի քան 10 հազար հայուհի, որոնցից 4000-ը ԽՍՀՄ-ից, 1800-ը՝ Արցախից, մյուսները՝ ԽՍՀՄ-ի այլ հանրապետություններից և սփյուռքից։ Պատերազմին մասնակցել են 64 հայ գեներալներ, 1 ավիացիայի մարշալ, մեկ ծովակալ։ Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել պատերազմի մասնակից ևս 83 հայ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ