Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ղազինյան․ Կան համաձայնության արդյունքում վերադարձված գու­յքեր․ թող ինքը բարի լինի՝ հիմնավորի, թե ինչպես է վերադարձրել․ «Հրապարակ»

Ապրիլ 19,2025 11:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 3-ին Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի նախկին դեկան,  ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանի եւ նրան փոխկապակցված անձանց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին դատական նիստը։ ՍԴ-ի այս որոշումը մեծ թվով պաշտոնյաների է վերաբերում, այդ թվում` հենց բազմամյա դեկան Գագիկ Ղազինյանին: Ղազինյանին, ըստ վարույթի, համարել են պաշտոնատար անձ 2013-ից՝ ՀՀ արդարադատության խորհրդի անդամ ընտրվելու պահից։ Այսինքն, ուսումնասիրության ենթակա է դրանից հետո ձեռք բերված գույքը, բայց ոչ` առաջ, սակայն փաստացի դատախազությունն ուսումնասիրությունը սկսել է ոչ թե նրա՝ պաշտոն զբաղեցնելու տարիներից, այլ՝ 1992-ից։

«Հրապարակ»-ն այս առնչությամբ զրուցել է Գագիկ Ղազինյանի հետ։

– ՍԴ-ի այսպիսի մեկնաբանությունը Ձեզ համար կանխատեսելի՞ էր։

– Ես շատ ավելին էի սպասում։ Վարույթ նախաձեռնելիս հիմք են ընդունվում օպերատիվ հետախուզական միջոցառումների նյութերը, ժամկետների հարցը, դրանց վերաբերյալ ՍԴ-ի որոշումը եզրափակիչ մասից չի երեւում։ Վենետիկի հանձնաժողովի, ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքները, դատախազության ներկայացրած նյութերը որոշակի մտահոգություն են առաջացնում` ժամկետի առումով։ Պատկերացրեք՝ գույքի ուսումնասիրությունը սկսվում է 2020-2021թթ․, բայց հետադարձ` մինչեւ 1991-ը գնում են, որքանո՞վ է սա սահմանադրական, ապացուցման բեռի հարցն է շատ կարեւոր՝ ո՞վ պետք է ապացուցի։

– Մինչեւ ՍԴ-ն որոշումը կհրապարակեր՝ դատախազությունը կամայականության սկզբունքով «չագուճի» տակ է առել մեծ թվով նախկին պաշտոնյաների, բռնագրավել նրանց գույքը, դիմել դատարան, շատերի գույքը կալանքի տակ է։ Եթե ՍԴ-ն համարի, որ սխալ է եղել դատախազությունը, գումարները հե՞տ են վերադարձնելու։

– Ո՞նց են վերցրել, եթե վարույթը հարուցելուց հետո տվյալ անձը պետության հետ եկել է համաձայնության, եւ որպեսզի դատաքննության չհասնի գործը՝ համաձայնել են վերադարձնել գույքի ինչ-որ մի տոկոսը, որը պետությունը թույլ է տալիս, այս դեպքում ի՞նչ հետվերադարձի մասին է խոսքը, եթե իրենց ցանկությամբ են տվել պետությանը։ Իմ տեղեկություններով՝ ուժի մեջ մտած որեւէ դատական ակտ առայժմ չկա։

– Բա ո՞նց է Փաշինյանը կոկորդ պատռում, թե` «թալանը հետ բերելը պոզով-պոչո՞վ է լինում, Ռենջ Ռովեռ առ Ռենջ Ռովեռ, հատիկ առ հատիկ հետ ենք բերում»։

– Կան համաձայնության արդյունքում վերադարձված գու­յքեր։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ թերուսների հիմարությունները չեմ մեկնաբանում։ Դա իմ պաշտոնական տեսակետն է։ Թող ինքը բարի լինի՝ հիմնավորի, թե ինչպես է վերադարձրել։ 2 միլիարդ դոլար ո՞նց է վերադարձրել, եթե մարդիկ համաձայնության են եկել ու տվել են պետությանը։ Սա չի նշանակում, որ ուժի մեջ մտած օրինական վճիռ կա։ Նորմալ մարդը, խելոք մարդն իրեն թույլ չի տա՝ էդ տիպի մարդկանց խոսքերը մեկնաբանի։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930