Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալությունն է, որին մասնակցում են նրան ձայն տված ավագանու անդամներ, Շիրակի մարզի նախկին պաշտոնյաներ։
Ներս մտավ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը։ Նրանք գրկախառնվեցին։
Կարդացեք նաև
Արարողությունը սկսվեց աղոթքով։
Վարդան Ղուկասյանը երդվեց ազնվորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, պահպանել Սահմանադրությունը, ՀՀ օրենքները, ավագանու որոշումները, պարտավորվեց պաշտպանել քաղաքի շահերը, նպաստել Գյումրիի բնակիչների բարգավաճմանը։ Միքայել Աջապահյանն էլ ասաց, որ շնորհավորհելու բան չկա, հոգսը բարձեցին Վարդան Ղուկասյանի ուսերին։ «Այն լուծը, որ ինքը քաշելու է, ծանր է և պարտավորեցնող»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ 20 տարի չի մասնակցել երդմնակալության արարողություններին, այսօր էլ Ավագ շաբաթ է, կարող էր և չմասնակցել, սակայն մասնակցում է։ Նա նշեց, որ ինքը և Վարդան Ղուկասյանը տարբեր բնավորություններ ունեն, սակայն նրանց միավորում է քաղաքի հանդեպ սերը, կարողանում են տարբեր հարցերի շուրջ համագործակցել։ Որպես օրինակ` մեջբերեց Սուրբ Ամենափրկչի վերականգնումը, որի առյուծի բաժինը կատարեց Վարդան Ղուկասյանը։ Միքսյել Սրբազանը թե՛ ներկա և թե՛ բացակա ավագանու անդամներին հորդորեց օգնել քաղաքապետին Գյումրիի խնդիրները լուծելու, աշխատելու։ «2-րդ հորդորս է` գոնե մի խանգարեք, եթե չեք օգնում, անցած տարի տեսանք խանգարելու արդյունքը»,-ասաց Միքայել Սրբազանը` դիմելով ներկա չգտնվող ավագանու անդամներին։
ՔՊ խմբակցությունը, ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այսօր չէր եկել։ «Քիչ քծնեք, քիչ շողոքորթեք, մի խանգարեք շողոքորթությամբ պարոն քաղաքապետին»,- ասաց Սրբազանը` դիմելով Վարդան Ղուկասյանի շրջապատին։ Վարդան Ղուկասյանն ասաց` չեմ էլ թողնի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ