Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 1-ից սոցիալական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 53,000 անձի․ «Փաստերի ստուգման հարթակ»

Ապրիլ 19,2025 09:40

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բողոքի ակցիաների համատեքստում, երբ կառավարությանը ներկայացվում էին նաև սոցիալական պահանջներ, մասնավորապես՝ չդադարեցնել 40,000+10,000 դրամական աջակցությունը, «Փաստերի ստուգման հարթակը» հարցմամբ դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե ինչ վերլուծություն է դրված աջակցությունը կրճատելու որոշման հիմքում, որքան մարդ չի ստանա աջակցություն, որքա՞ն ֆինանսական միջոց է տնտեսելու կառավարությունը աջակցության կրճատման արդյունքում և այլն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին ուղղված դրամական աջակցության և բնակարանային ապահովման միջոցառումների համար ՀՀ կառավարությունը 2025 թ.-ին նախատեսել է 35 մլրդ դրամ (մոտ 88 մլն դոլար)։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ և ի՞նչ վերլուծության արդյունքում է նախարարությունը որոշել կրճատել արցախցիների շրջանակը, որոնց տրամադրվում էր 40 հազար դրամ+10 հազար դրամ օժանդակությունը, նախարարությունից նկատել են, որ դրա հիմքում ընկած են մի քանի հանգամանքներ՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների ֆորմալ զբաղվածության ցուցանիշները, 2023 թ․ հոկտեմբերի 2-ի դրությամբ բանկային հաշիվներում (այդ թվում՝ ավանդային, քարտային և ոչ քարտային հաշիվներ՝ բացառությամբ չծախսված վարկային միջոցներ) 2 մլն դրամը գերազանցող միջոցներ ունեցողների թվաքանակի մասին տվյալը, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար գործող պետական զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրերի գործարկման փաստը։

«Հատկանշական է, որ սոցիալական պաշտպանության նորմատիվ համակարգին զուգահեռ արտոնյալ պայմաններով լրացուցիչ սոցիալական աջակցության ծրագրերի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կամ ընտանիքներին ժամանակավոր աջակցություն տրամադրելն է՝ խթանելով այդ ընթացքում ընտանիքների սոցիալ-տնտեսական ինքնուրույնացումն ու ինքնաբավությունը։ Կեցության աջակցության ծրագիրը ի սկզբանե մշակվել է որպես կարճաժամկետ ծրագիր, այնինչ երկարաժամկետ առումով կեցության ապահովման խնդիրը լուծելու իրական հնարավորությունները առաջարկվում են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում»,- նշել են նախարարությունից։

Ապրիլի 11-ի դրությամբ, ի դեպ, բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագիր է տրամադրվել շուրջ 990 ընտանիքի, որից իրացվել է 96-ը։

Փաստացի, ծրագրի գործարկման շուրջ մեկ տարվա ընթացքում հավաստագիր ստացածներից միայն 9.7 տոկոսն է կարողացել տուն ձեռք բերել։

40,000+10,000 դրամ աջակցությունը մինչ օրս, ըստ նախարարության պատասխանի, միջինում ամսական ստացել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 105 հազար անձ, իսկ 2025 թ․ առաջին եռամսյակին աջակցություն ստացել է միջինում ամսական շուրջ 98 հազար անձ։ Նոր որոշումը գործի դնելու արդյունքում նախատեսվում է, որ ապրիլի 1-ից սոցիալական աջակցություն կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 53,000 անձի:

Մասնավորապես, աջակցությունը տրամադրվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հետևյալ առանձին խմբերին՝

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք,
63 և ավելի տարեկան անձինք,
մինչև 18 տարեկան երեխաները,
կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք,
հանրակրթական ուսումնական հաստատություններում կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 18 տարին լրացած անձինք։

Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930