Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են աղմկում Քոչարյանի կողմնակիցները-5

Ապրիլ 19,2025 09:30

Հոդվածաշարի նախորդ մասը կարդացեք այստեղ:

ՀՀԿ 35-ամյակի իր ծրագրային ելույթում մեկ ձեւակերպմամբ՝ «ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք», երրորդ նախագահը գծեց հստակ ջրբաժան՝ քաղաքական օստապբենդերների եւ երկրի իրական օրակարգով առաջնորդվող ուժերի միջեւ։ Քաղաքական օստապբենդերները, ովքեր համառորեն շարունակում են 18-ի իշխանազավթման իրենց մոդելը քարոզել, որտեղ Սերժն է բերել Նիկոլին, էդպես էլ չունեցան քաղաքական, կամ գոնե՝ մարդկային խիզախություն, խոստովանելու, որ իրենց ներգրավվածությունը 18-ի իշխանատեռորին՝ իրենց դարձրել է պետականակործան կապիտուլյանտի մասնակի հանցակիցը, ուստի, հիմա արդեն որեւէ քաղաքական հավկուրություն եւ ամնեզիա իրենց չի ազատելու պատասխանատվության այդ ծանր բեռից։

Ես լեգիտիմ հարց ունեմ իր վերջին՝ չորս ժամանոց ասուլիսում ընդամենը մեկ հստակ մեսիջ ձեւակերպած՝ Նիկոլի հետ հերթական ընտրության գնացող երկրորդ նախագահին։

Հարգարժան պարոն նախագահ, ձեր թիմակիցները, ձեր բոլոր սատելիտներն ու թախտի տակից հանված հնամաշ գործիքները այսօր Սերժ Սարգսյանին մեղադրում են մեկ բանում՝ որ նա չի կրակել հրապարակում հավաքված ժողովրդի վրա ու ամեն գնով, այդ թվում՝ զոհերի եւ արյան, չի պահել իշխանությունը։ Ձեր շրջապատն անգամ հպարտորեն վկայում է, որ դուք որեւէ գնով, անգամ զոհերի, հրաժարական չէիք տա։ Հնարավոր է, չեմ բացառում։ Այդուհանդերձ, մեկ լեգիտիմ հարց՝ եթե դեմ էիք Սերժ Սարգսյանին պարտադրվող հրաժարականին, եթե դեմ էիք բորենիների կազմակերպած դագաղների տեռորին, ինչո՞ւ մինչ այդ հանրայնորեն որեւէ կերպ չսատարեցիք երրորդ նախագահին, որեւէ բառ վայրենաբարո տեռորի այդ շաբաթներին չասացիք, իսկ ձեր այսօրվա քաղաքական ողջ շրջապատը «հեղափոխություն անողների ու Սերժ մերժողների» թոփ-առաջնագծում էր։

Գուցե, հարգարժան պարոն նախագահ, ձեր ծրագրերը ա՞յլ էին՝ Սերժին մերժելուց հետո մեկ ա՞յլ սցենար պիտի աշխատեր, որը երեւի թե «պրավալ» գնաց, քանզի հայտնի մայրաքաղաքում որոշեցին, որ Նիկոլն էլ պակաս իրենց տղան չի ու իրենք էլ ակտիվորեն կպան Սերժին մերժելու գործին։

Հարգարժան պարոն երկրորդ նախագահ, ինչպես տարբեր հարթակներից ամենօրյա ռեժիմով առկայծող ձեր թիմակիցներն են ասում՝ «ոչ մի անձնական բան, պարզապես հարցեր են, որոնց պատասխանները պիտի հնչեն», ՀՀԿ-ն եւս իրավունք ունի ասելու՝ «ոչ մի անձնական բան, պարզապես հարցեր են, որոնց պատասխանները պիտի հնչեն, քանզի աչք են ծակում»։

Եվ ուրեմն, հարգարժան պարոն երկրորդ նախագահ, բոլոր հակադարձումների փոխարեն, ընդամենը մեջբերեմ Սերժ Սարգսյանի նախօրեի ելույթից մեկ հատված՝ «Երբ Հայաստանի պետականակործան կառավարիչների դեմ պայքարում մենք՝ մեզ մերժողների հետ կողք կողքի կանգնում էինք հրապարակում, ենթարկվում բռնաճնշումների, փողոցում պայքարում բիրտ ուժի դեմ, ունեինք այն բարձր գիտակցումը, որ այս իրավիճակում հիշաչարությունը, քինախնդրությունը չպետք է ավելի կարեւոր լինեն, քան «խորտակման վտանգի ենթակա մեր ընդհանուր նավը» միասին անփորձանք ափ հասցնելը: Եվ այս գիտակցումը երբեք չի լքել մեզ: Մինչդեռ, նշածս շրջանակներից ոմանք նույնիսկ այսքանից հետո շարունակում են «Սերժ մերժել», քար նետել Հանրապետականի վրա։

Համաձայնեք, որ ստեղծված իրավիճակում դա այլեւս ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ հոգեբանական ախտ, ինչպես Արմեն Աշոտյանը կասեր` պաթոլոգիա»։

Ավելացնելու բան չկա։ Ուստի, հարգարժան պարոն երկրորդ նախագահ, «Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, ում ճակատը պաչել է»։

Մարիամ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930